Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայոց նորագույն պատմության մեջ յուրահատուկ տեղ է զբաղեցնում 1921թ. փետրվարյան ապստամբությունը: Ապստամբության առաջացման պատճառներին և ընթացքին, ապստամբության օրերին հասարակական-քաղաքական և ռազմական մի շարք հայտնի գործիչների գործունեությանը պատմաբանները բազմիցս անդրադարձել են: Սակայն քչերին է հայտնի, որ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին ակտիվորեն մասնակցել է փետրվարյան ապստամբությանը: Պատմաբանների տեսադաշտից հայտնի պետական ու կուսակցական գործչի գործունեության անհայտ մնալը պայմանավորված է նրանով, որ պատմագրության մեջ մինչ օրս ընդունված է եղել հիշատակել, որ Քաջազնունին Նիկոլ Աղբալյանի, Լևոն Շանթի և մի շարք այլ հայտնի հասարակական-քաղաքական գործիչների հետ ձերբակալվել է 1921թ. փետրվարի 9-10-ին, փետրվարի 18-ին ազատվել է բանտից, իսկ ապստամբության պարտությունից հետո անցել է Զանգեզուր, այնտեղից էլ` արտասահման: Որոշակի տեղեկություն Հ. Քաջազնունու` փետրվարյան ապստամբությանը մասնակցելու մասին տալիս է Սիմոն Վրացյանը իր հայտնի աշխատություններում և «Հայրենիք» ամսագրում տպագրված մի շարք հոդվածներում: Միաժամանակ, Հ. Քաջազնունին նույնպես իր հուշերում անդրադարձել է փետրվարյան ապստամբությանը, որը տպագրվել է Ս. Վրացյանի խմբագրությամբ:
Դեկտեմբերի 2-ին Երևանի համաձայնագրով իշխանությունը բոլշևիկներին հանձնելուց հետո ՀՅԴ Բյուրոն և հակաբոլշևիկյան գործունեությամբ առաձնապես աչքի ընկած դաշնակցակաները հեռացան Հայաստանից: Հայաստանում կուսակցության պատասխանատու նշանակվեց Ս. Վրացյանը: Իշխանության գալու առաջին իսկ պահից` Սարգիս Կասյանի ղեկավարած Հայաստանի հեղկոմը խախտեց դեկտեմբերի 2-ի համաձայնագրի կետերը: Ընդօրինակելով Ռուսաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությունը` Հայհեղկոմը երկրում մտցրեց «ռազմական կոմունիզմ», որի էությունը պարենմասնատրման կենսագործումն էր, այսինքն` գյուղացիությունից հացի և այլ մթերքների ավելցուկների անհատույց բռնագրավումը:
Երկրով մեկ մոլեգնող բռնագրավումները ու խուզարկությունները կատարվում էին անկազմակերպ և օրապահանջ նկատառումներով, որը հանգեցնում էր հավելյալ լարվածության, սակայն այս հանգամանքը չխանգարեց, որ բոլշևիկները հունվարի սկզբին սկսեն բռնությունների նոր ալիք. այս անգամ ձերբակալություններից ու աքսորից չխուսափեց բանակը, հատկապես` սպայական կազմը: 1921թ. հունվարի 11-ին Մոսկվայի պահանջով ՀՍԽՀ բանակի հրամանատարի պաշտոնից ազատվում է Դրոն և մի խումբ հայ սպաների հետ տեղափոխվում Բաքու, որտեղից էլ` Մոսկվա: Դրոյի հեռացմանն անմիջապես հետևեց սպաների առաջին խմբի (շուրջ 200 հոգի) աքսորը: Գևորգ Աթարբեկյանի ժամանելուց (հունվարի14) հետո ևս 1000 սպա բռնեցին աքսորի ճամփան, ինչը բնակչության շրջանում դժգոհություններ առաջացրեց:
Փետրվարի սկզբին ձերբակալություններ սկսվեցին մտավորականների շրջանում: Փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը իրականացվեցին զանգվածային ձերբակալություններ: Ս. Վրացյանը հիշատակմամբ` այդ գիշերը ձերբակալվել է ավելի քան 200 հայտնի հասարակական գործիչ, որոնց թվում հիշատակում է Հ. Քաջազնունուն:
Սակայն վերջերս հայտնաբերված արխիվային մի փաստաթղթի և Հ. Քաջազնունու անձնական հուշերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հ. Քաջազնունուն ձերբակալել են փետրվարի 11-ի ուշ երեկոյան: Նշված փաստաթղթի համաձան` Հայաստանի արտակարգ հանձնաժողովը 1921թ. փետրվարի 12-ին կազմել էր կալանքի տակ վերցվածների 2 ցուցակ. մեկը` փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերվա համար (88 «հակահեղափոխականներ»), մյուսը` փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերվա համար` (18 մարդ), ընդամենը` 106 մարդ:
Հ. Քաջազնունուն ձերբակալել են փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը վերջին պահին, այդ իսկ պատճառով նրա անունն ընդգրկված չի եղել ցուցակում: «Ութն օր չեկայի բանտում» վերնագրված հուշերում Հ. Քաջազնունին շատ տպավորիչ նկարագրում է իր ձերբակալությունը, հարցաքննությունը և բանտում անցկացրած օրերը: Նա այն բացառիկ քաղաքական գործիչներից էր, որի նկատմամբ և՛ ժողովուրդը, և՛ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում` բոլշևիկները, առանձնահատուկ հարգանքով էին վերաբերվում:
Փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերը երկրում բռնկված համաժողովրդական ապստամբությունն արագ զարգացում ունեցավ: Արդեն փետրվարի 18-ին ապստամբները գրավեցին Երևանը: Բանտերից ազատվեցին բոլոր բանտարկյալները, այդ թվում` և Հ. Քաջազնունին: Նույն օրը գումարված ժողովին մասնակցում էին նախկին կառավարության և խորհրդարանի անդամներ, անհատ գործիչներ և ապստամբած խմբերի ներկայացուցիչներ: Ժողովում որոշվում է, լրացումներ կատարելով, վերականգնել Ս.Վրացյանի կառավարությունը` «Հայրենիքի փրկության կոմիտե» (ՀՓԿ) անվանումով, որը և դառնում է փաստացի իշխանությունը Հայաստանում: Նորաստեղծ ՀՓԿ-ն արձակում է իր թիվ 1 հրամանը, որով ազդարարում է Հայաստանում խորհրդային իշխանության տապալման և մինչև կառավարության կազմվելը իր կողմից ամբողջ իշխանությունը ստանձնելու մասին: Հ. Քաջազնունին ՀՓԿ-ի անդամ չի եղել, բայց իր փորձով և գիտելիքներով գործուն մասնակցություն է ունեցել դրա աշխատանքներին: Իր ինքնակենսագրականներում Հ. Քաջազնունին միշտ շեշտել է, որ բանտից դուրս գալուց հետո մեկուսացվել է բոլոր գործերից: Եվ դա բնական էր, քանի որ ինքնակենսագրականները գրվել են Խորհրդային Հայաստան գալուց հետո: Հայաստանի ազգային արխիվում պահվող` Հ. Քաջազնունու մեղադրական գործի եզրակացությունում ասվում է, որ 1937թ. նոյեմբերի 16-ի հարցաքննության ժամանակ Հ. Քաջազնունին ճանաչել է իր ակտիվ դաշնակցական գործունեությունը Հայաստանում մինչև խորհրդային կարգերի հաստատումը, հայտարարել, որ խորհրդայնացումից հետո ձերբակալվել է, սակայն դաշնակցական խռովության ժամանակ ազատվել է բանտից, իսկ այնուհետև դաշնակցական կառավարության մյուս անդամների հետ փախել Իրան: Նա արտասահմանից վերադարձել է 1924 թ. և մինչև ձերբակալվելը ոչ մի հակախորհրդային գործունեություն չի ծավալել:
Սակայն գործում առկա նյութերը հավաստում են, որ Քաջազնունին բանտից ազատվելուց հետո ակտիվ մասնակցել է ՀՓԿ-ի գործունեությանը: Այսպես` 1921թ. փետրվարի 23-ով թվագրված և «Հայրենիքի փրկության կոմիտեի» նախագահի ստորագրությամբ պահպանված մի փաստաթղթում ասվում է, որ Հ.Քաջազնունին մի խումբ ընկերների հետ մեկնել է Ղամարլուի շրջան` օգնելու տեղի «Հայրենիքի փրկության կոմիտեին» և աջակցելու տեղի ինքնապաշտպանության կազմակերպմանը: ՀՓԿ մամուլի ու քարոզչության վարչության 1921թ. մարտի 21-ի գրությունում, ուղղված Էջմիածնի «Հայրենիքի փրկության կոմիտեի» կայազորի նախագահին, ասվում է, որ 1921թ. մարտի 20-ին «Հայրենիքի փրկության կոմիտեի» նախագահ Վրացյանը նախկին նախարարապետեր Քաջազնունու և Օհանջանյանի հետ ուղևորվել են Ղամարլու և վերադառնալուց հետո Վրացյանը հակախորհրդային բնույթի հայտարարություն է կատարել, որը նպատակ էր հետապնդում նվազեցնելու ժողովրդի մեջ բոլշևիկների հեղինակությունը: ՀՓԿ մամուլի ու քարոզչության վարչության 1921թ. մարտի 9-ի տեղեկատվությունում ասվում է, որ մարտի 9-ին կազմվել է վիրավոր զինվորներին օգնություն կազմակերպելու մի հանձնախումբ` նախկին վարչապետ Հ. Քաջազնունու նախագահությամբ:
Բոլոր այս նյութերը մատնանշում են, որ Փետրվարյան ապստամբության արդյունքում բանտից ազատվելուց հետո Հ. Քաջազնունին ակտիվ մասնակցություն է ունեցել ապստամբությանը և նրա ղեկավար մարմնի` ՀՓԿ-ի գործունեությանը:
Ժամանակակիցների հուշերում նույնպես որոշակի տեղեկություններ կան Հ. Քաջազնունու այդ ժամանակաշրջանի գործունեության մասին: Մասնավորապես` Ս.Վրացյանը իր հուշերում գրում է. «…ամբողջ փետրուարեան ապստամբութեան եւ նահանջի ընթացքին, գրեթէ ամէն օր միասին էինք. Հայրենիքի փրկութեան կոմիտէի անդամ չէր, բայց նրա բոլոր ժողովներին ներկայ էր եւ բոլոր գործերին տեղեակ ու մասնակից, ո՛չ որպէս ներկայ կամ դիտող, ինչպէս բժ. Յովսէփ Տէր Դաւթեանն էր, այլ իբրեւ գործօն դերակատար»:
Արխիվային այլ գործերում պահվող փատաթղթերում առկա տեղեկությունները նույնպես որոշակի պատկերացում են տալիս փետրվարյան ապստամբության օրերին Հ. Քաջազնունու գործունեության մասին: Այսպես` Հայրենիքի փրկության կոմիտեի 1921 թ. մարտի 7-ի թիվ 11 նիստում, լսելով վերջին քաղաքացիական կռիվներում սպանվածների ընտանիքներին նպաստ տալու հարցը, որոշվում է կազմել մի հանձնաժողով քաղաքացիական կռվի զոհերի թիվը պարզելու և ծրագիր կազմելու` ընտանիքներին նպաստ հատկացնելու համար: Հանձնախմբի նախագահ է նշանակվում Հ. Քաջազնունին, իսկ անդամներ` Լ. Շանթը և գնդ. Մելիքյանը:
Այսպիսով` մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 1937թ. Հ. Քաջազնունու մեղադրական գործի նյութերում և արխիվային այլ փաստաթղթերի միջև կան էական որոշակի տարբերություններ: Եթե մեղադրական գործում նշվում է, որ 1921 թ. մարտի 9-ին կազմվել է վիրավոր զինվորներին օգնություն կազմակերպելու հանձնախումբ` Հ. Քաջազնունու նախագահությամբ, ապա Ազգային արխիվում պահվող` ՀՓԿ-ի մարտի 7-ի թիվ 11-րդ նիստի արձանագրությունում կարդում ենք, որ որոշվել է կազմել քաղաքացիական կռիվներում զոհվածների թիվը պարզելու և նրանց ընտանիքներին նյութական օգնություն հատկացնող հանձնախումբ: Ս. Վրացյանը հիշատակում է. «Բոլշևիկների կողմից ձերբակալվածներ կամ սպանվածների աննեցուկ ընտանիքների օգնության համար կազմված էր մի հանձնախումբ Հ. Քաջազնունու նախագահությամբ»: Միաժամանակ պետք է նշել, որ Հ. Քաջազնունու մեղադրական գործի նյութերում հիշատակված որոշ դրվագներ համընկնում են Ս. Վրացյանի հուշերի հետ: Մասնավորապես` 1921 թ. մարտի 20-ին ՀՓԿ-ի նախագահը, Հ. Քաջազնունին և Հ. Օհանջանյանը այցելում են Ղամարլու դիրքեր, ինչպես նաև խորհրդակցություն ունենում զորահրամանատարության հետ:
Փետրվարյան ապստամբության օրերին Հ. Քաջազնունու գործունեության մասին Ս. Վրացյանը կարևոր և շատ հետաքրքիր տեղեկություն է տալիս: Մասնավորապես` նա գրում է. «Եւ փետրուարի 18-ից սկսած մինչեւ մայիս` մինչեւ Պարսկաստան անցնելը նա մասնակցեց Հայրենիքի փրկութեան կոմիտէի բոլոր աշխատանքներին, ներկայ եղաւ նրա նիստերից շատերին, բաժին ունեցաւ գործնական ձեռնարկների մէջ»: 1921թ. մարտի 20-ին Թիֆլիսից Երևան է ժամանում բանաստեղծ Հ. Թումանյանը: Թիֆլիսահայ մտավորականությանը և անձամբ բանաստեղծին մտահոգել էին Հայաստանում ընթացող քաղաքացիական պատերազմի կործանարար հետևանքները, այդ իսկ պատճառով նա անձամբ էր եկել պարզելու ապստամբության պատճառները: Հ. Քաջազնունին, որին Թումանյանը անսահման վստահում էր, կառավարության կողմից նշանակվում է իբրև Հ. Թումանյանի ընկերակից ու խորհրդական: Այնուհետև Հ. Թումանյանը, Հ. Քաջազնունու ուղեկցությամբ, այցելում է կառավարական հիմնարկությունները, հիվանդանոցները, հանդիպում ժողովրդի տարբեր խավերի ու բոլշևիկ գերիների հետ: Հ. Թումանյանը, ծանոթանալով քաղաքում տիրող իրավիճակին, հեռագրում է Գ. Օրջոնիկիձեին, որով խնդրում էր, որ նա իր հեղինակավոր միջամտությամբ վերջ տա «այս ոչ ոքի համար հարկավոր արյունահեղությանը»: ՀՓԿ-ն գիտակցում էր, որ երկար չի կարողանա դիմադրել բոլշևիկյան Ռուսաստանին: Այդ իսկ պատճառով մարտի վերջերին ձեռնամուխ է լինում նահանջի ծրագրերի մշակմանը: Առաջարկվում էր նահանջի երկու ճանապարհ` Բաշ-Գառնի-Դարալագյազ և Ղամարլու-Շարուր-Նախիջևան: Քննարկումից հետո ընտրվում է առաջին տարբերակը, քանի որ երկրորդը վտանգավոր ու անհուսալի էր: Բացի այդ` պետք է հաղթահարվեր թշնամու դիմադրությունը, ինչը նոր զոհերի պատճառ կլիներ: Այս ծրագրի մշակման քննարկումներին մասնակցել է նաև Հ. Քաջազնունին: Ապրիլի 2-ին խորհրդային ուժերը գրավեցին Երևանը. ապստամբությունը պարտվեց:
Նահանջող ժողովրդի հետ ևս կրելով զանազան զրկանքներ` Հ. Քաջազնունին կարողանում է հասնել Զանգեզուր, որտեղից և անցնում է Իրան:
Ամփոփելով` պետք է նշել, որ Հ. Քաջազնունին ակտիվ մասնակցություն է ունեցել Փետրվարյան ապստամբությանն ու Հայրենիքի փրկության կոմիտեի գործունեությանը, քանի որ համոզված էր, որ այլևս անհնարին է հանդուժել բոլշևիկյան բռնաճնշումները:
Հայկ Մարտիրոսյան
ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի ասիստենտ