կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-18 11:07
Հասարակություն

Փետրվարի դասերը. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը՝ Փետրվարյան ապստամբության 100-ամյակի առիթով

Փետրվարի դասերը. ՀՅԴ  ՀԳՄ հայտարարությունը՝ Փետրվարյան ապստամբության 100-ամյակի առիթով

Սիրելի՛ հայրենակիցներ, հարյուր տարի առաջ՝  ճիշտ այս օրերին, Հայաստանում տեղի ունեցավ համաժողովրդական ապստամբություն: Փետրվարյան ապստամբության  պատճառը  ապազգային իշխանության  խայտառակ կառավարումն էր, որն անհնար էր հանդուրժել: Արտաքին ուժերի աջակցությամբ,  խաղաղ  ճանապարհով  տիրանալով  իշխանությանը,  բոլշևիկյան  հեղկոմն  ունակ  չեղավ  ապահովելու երկրի ներքին կայունությունն ու զարգացումը: Մոլեռանդորեն տարված դրսից ներմուծված ցնորական գաղափարներով,  ապազգային այս ուժն անտարբեր գտնվեց աշնանը  թուրքերի կողմից  իրականացված ագրեսիայի  հետևանքով  երկրի կրած տարածքային կորուստների  և վիրավոր ժողովրդի  տառապանքի նկատմամբ:

Այն պայմաններում, երբ թուրքական զորքը դեռևս գտնվում էր հայրենիքի  փոքրացած տարածքում, իսկ Ադրբեջանը փորձում էր վերջնականորեն յուրացնել Արցախը, Նախիջևանը և տիրանալ  Զանգեզուրին, ապազգային  ուժի գլխավոր մտահոգությունն ու գործը հայրենիքի ազատության համար պայքարած  նախկին իշխանության  և զինվորականության  հալածանքն էր:

Բարձրագույն հրամանատարությամբ հանդերձ, աքսորվեց մոտ 1500 զինվորական: Երևանի բանտում հայ և թուրք դահիճների ձեռքով կացնահարվում ու գնդակահարվում էր երկրի ռազմաքաղաքական ու մտավորական  ընտրախավը:  Այս անելանելի  թվացող պայմաններում հայ ժողովուրդն ապացուցեց, որ չի  հանդուրժի իր ազատության և արժանապատվության ոտնահարումն ու երկրի բախտը օտարների քմահաճույքին թողնելը: Փետրվարի 18-ին,  Դաշնակցության առաջնորդությամբ բարձրացնելով ապստամբության դրոշ, ժողովուրդն ազատագրեց Երևանը և երկրից դուրս վռնդեց  ապազգային արկածախնդիր հեղկոմին:

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք պատմական կարևոր դասեր պարունակող  ազգային հիշարժան օրվա առիթով: Հավատում ենք, որ հայ ժողովուրդը  շատ փորձությունների  կարող է դիմանալ, բայց անհնար է մշտապես զրկել նրան  մարտունակ ոգուց, հանուն ազատության ու արժանապատվության սարեր սասանելու կամքից:

Վստահ ենք, որ  դժնդակ այս օրերը նույնպես  հաղթահարվելու են,  և միասին կերտելու ենք մեր հպարտ ու ապահով ապագան:

 

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

18.02.2021 թ.