Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Փետրվարյան ապստամբության 99-րդ դարեդարձի առիթով Yerkir.am-ը ներկայացնում է ազգային – ազատագրական շարժման նվիրյալ, խմբագիր-հրատարակիչ, Վանի 1915 թ. ապրիլյան հերոսամարտի Զինվորական մարմնի (Դաշնակցության մարմին) նախագահ, Հայաստանի Առաջին Հանրապետության արևմտահայ պատգամավոր (խորհրդարան է անցել 1919 թ. մայիսի 28-ին՝ Միացյալ Հայաստանի հռչակման օրը), դաշնակցական գործիչ Հայկակ Կոսոյանի հուշերից մի հատված, որտեղ հեղինակը ականատեսի աչքերով նկարագրում է հայ բոլշևիկների կողմից Երևանի բանտում իրագործված զարհուրելի ոճիրը՝ համեմատականներ տանելով Ջևդեթ փաշայի կողմից 1915 թ. Վանի հայ բանտարկյալների հանդեպ իրագործած դաժան սպանդի հետ:
Սպանդի երկու փոսեր, մեկը՝ Երևանում, մյուսը՝ Վանում
Դեռ մինչև այն պահը, երբ զենքը ձեռքերիս պաշտպանում էինք բանտի դարպասները, դեռ մինչև այն պահը, երբ ժողովրդական ընդվզումի շնորհիվ նորից վերադարձանք մեր տները, ոչ մեկիս հայտնի չէր, թե ուր էին բանտի զոհերի մարմինները:
Շատ-շատերի հետ հավատում էի, որ սպանդի դերակատարները իրենց գազանային արարքի հետքը ծածկելու համար, բանտից դուրս մի անծանոթ վայր տարած կլինեն դիակները:
Սակայն, բանտ թափած ժողովուրդը անսպասելիորեն երևան հանեց սպանդի գուբը, նույն բանտի շենքի մեջ, գետնահարկի նկուղում:
Մարդ-գազանները, բանտում կատարելով իրենց արյունոտ գործը, նույն բանտի մեջ պատրաստել էին սպանդի փոսը՝ մեկը լրիվ փորված, մյուսը՝ կիսավարտ:
Վերադարձա նորից Երևանի բանտը:
Գնացի անձամբ տեսնելու վայրը և գուբը մահապարտների, աչքովս դիտելու գնդակահարվածներին:
Մարդասպաններն իրենց մասնագիտությանը հատուկ հաշիվներով պատրաստել էին հսկա գուբը շաբաթներ առաջ՝ իրենց վստահելի և հավատարիմ «բանվոր-աշխատավորների» բահ ու քլունգով:
Չեկայական մասնագետների ընտրած վայրը գտնվում էր այն սենյակի ներքևում, ուր տեղի ունեցավ 16-ի գիշերվա ողբերգությունը՝ հրացանային համազարկերով: Բանտապետի սենյակի առջև միջանցքի հյուսիսի կողմից մի անցք, քարե աստիճաններով իջնում էր գետնահարկ: Դա՝ իր վերնահարկի երկու սենյակի տարածությամբ մի գետին է: Պատերի շրջապատից մեկ մետր ներս փորված էր քառակուսի խորը մեծ փոս: Փոսից հանված հողերը փոսի եզերքով դարսել էին պատերի տակ, թեք դրությամբ:
Սարսուռով իջա այդ նկուղը. նայեցի գուբի մեջ ընկած մարմիններին: Ամենից երեսին էր Համազասպի դիակը, ձեռքերը հետևում կապված, դեմքին երևում էր կացնի հարվածի պատռվածքը:
Այս պահի վերհուշով աչքիս պատկերացավ Վանի բանտարկյալների ջարդը և այն գուբը, ուր լցրել էին դիակներն ու հողի բարակ շերտով ծածկել:
1915 թ. ապրիլյան կռիվների հաջորդ շաբաթում գազանաբարո Ջևդեթը, բանտից հանել տալով 100-ի մոտ հայ բանտարկյալները, բանտի պարսպից դուրս Վալատ Կուլասի ասված տեղում գնադակահարել տվեց բոլորին: Զոհերի դիակներն ամփոփվել էին մի հատուկ փոսի մեջ, որը մենք գտանք, երբ փնտրտուքներ էին կատարում բանտում և իր շրջակայքում:
Այս երկու արյունոտ ողբերգությունները ես տեսա հայ երկրում, մեկը Վանում, գործված թուրքի ձեռքով, մյուսը՝ Երևանում, հայ մեծամասնականի ձեռքով…
Զարհուրելի է հայ մարդու այս ճակատագիրը:
Այո՛, ես տեսա այս ողբերգությունը Վանում:
Նույնպես դժբախտություն ունեցա տեսնելու մյուս փոփոխակը Երևանում:
Ես մահապարտ և հանցավոր, ծածկեցի դեմքս, շուռ եկա աստիճաններով դեպի արևի լույսը:
Այդ պահին գանգիս մեջ փոթորիկ կար:
Ինձ թվում էր՝ զարնված ընկերներս հետևիցս շշնջում էին.
- Ինչու՞ չարձագանքեցիք մեր օգնության կանչին, երբ այն օրը բանտի քարերն էին աղաղակում…
Ես հանցավոր էի…
Հայկակ Կոսոյան, «Բանտի քարերն էին աղաղակում»… {Փետրվարյան ընդվզումի 80-րդ տարեդարձի առիթով (1921-2001)}, Կալիֆորնիա, 2001, էջ 67-69: