Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամն այս տարի լույս է ընծայել «Վարձք» հայագիտական հանդեսի 13-րդ և 14-րդ համարները, որոնցից մեկն ամբողջովին նվիրված է հիմնադրամի՝ կյանքից անժամանակ հեռացած տնօրեն Սամվել Կարապետյանի հիշատակին, իսկ մյուսը ներառում է 9 հոդված, որոնցից մեկը Սամվել Կարապետյանի անտիպն է հայկական հայտնաբերված հնագույն խաչքարի մասին, որը հուշաձանագետը գտել է Արցախի Վաղուհաս գյուղում և որը թվագրված է 866 թվականով ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն ասաց, որ Բերձորում 4-օրյա աշխատանքներ ենք կատարել՝ վերջին անգամ վավերագրելու այն, ինչ անցնում է թշնամուն։
«Բերձորում Սամվել Կարապետյանը 1993-94 թթ էր եղել, և հիմնականում մեր մեծ քանակությամբ նյութը կապված էր այդ թվականների հետ։ Անհրաժեշտություն եղավ վերջին անգամ այդ ամեն ինչը համալրել, նոր հայտնաբերված նյութեր տեսնել, որովհետև բազմաթիվ թուրքերի տներում կային խաչքարի բեկորներ․ դրանք այն ժամանակ նկատելի չէին՝ շինանյութի մեջ էին, և այս վերջին 25 տարվա վերաբնակիչները այն, ինչ փլատակների միջից հայտնաբերել էին՝ փոքր հուշահամալիրներ էին կազմել գյուղի կենտրոնում կամ հավաքել էին մի տեղ, եկեղեցիներն էին նորոգել, նոր հայտնված արժեքներ կային»,-ասաց Րաֆֆի Քորթոշյանը։
Հրատարակչական աշխատություններից՝ այս մի քանի ամսում կհրատարակվի «Հայաստանի պատմություն» գրքաշարի ծավալուն հատորներից ևս երկուսը, որի արդեն 4 համարը լույս էր տեսել։
«Դրանցից մեկը Խնուս գավառի մասին է, որի աշխատանքների իրականացումը արդեն երկու տարի Կարապետյանը ինձ էր վստահել, և «Ղարադաղ» հատորը, որը նա սկսեց, բայց, ցավոք, չկարողացավ ավարտել։ Հիմա մեր նոր տնօրենը՝ Սամվել Կարապետյանի կինը՝ Էմմա Աբրահամյանը, որը նաև մեր գիտական մտքի հիմքն է, նա շարունակում է այդ գիրքը և շուտով դա էլ լույս կտեսնի»,-ասաց Քորթոշյանը։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրենը նշեց, որ մեկ ամսում կարողացել են երկու ճամփորդություն իրականացնել՝ մեկը դեպի Կոստանդնուպոլիս, մյուսը դեպի Թեհրան։
«Կարողացել ենք մեր բազան, որն արդեն 600 հազարից ավելի լուսանկարներ և չափագրություններ են, համալրել ևս 30 հազարով՝ ի դեմս Կոստանդնուպոլսի հայկական հուշարձաների, որոնց մեծ մասը՝ 80 տոկոսը, առաջին անգամն են վավերագրվում։ Դրանք 17-րդ դարից սկսած՝ տապանաքարեր են, եկեղեցիներ են և մշակութային այլ արժեքներ են։ Այս նույն աշխատանքը կատարել ենք Թեհրանում»,-ասաց Րաֆֆի Քորթոշյանը։
Հիմնադրամի աշխատանքները 4 ուղղությամբ են՝ առաջինը հիմնական, դաշտային ուսումնասիրությունն է, որ կատարում են Հայաստանի տարածքից դուրս՝ ուսումնասիրելով հուշարձանները, երկրորդը գրադարանային և արխիվային նյութերի մշակումը, հավաքագրումը, երրորդը գրքերի նախապատրաստական աշխատանքներն են և չորրորդը արդեն հրատարակչական աշխատանքներն են։
Չհաշված այն աշխատանքները, որ՝ սպասարկում են այլ կազմակերպությունների, որոնք հետաքրքրված են իրենց աշխատանքով։
«Անցյալ տարին սկսել են շատ մեծ ցավով և անհաղթահարելի մի դժվարությամբ․ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան հետ կապված։ Նա մեր հիմնադրամի՝ Հայաստանում հիմնադիր տնօրենն էր, և այս բոլոր ծրագրերի շարժիչ ուժը։ Հաջորդը՝ համավարակը խաթարեց մեր ճամփորդությունները, դաշտային նյութի հավաքագրումը։ Նաև պատերազմը խաթարեց մեր հրատարակչական աշխատանքները։ Բացի առաջինից՝ կարողացանք հաղթահարել բոլորը»,-ասաց Րաֆֆի Քորթոշյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․