Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 21-ին ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միությունը Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի հետ համատեղ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում իրականացրել են մի շարք միջոցառումներ:
Գյուղի դպրոցականներից, ուսուցիչներից կազմված թիմերի միջև կայացել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որը կրում է «Պիտի գնանք` վաղ, թե ուշ» խորագիրը: Խաղի էությունը կայանում է նրանում, որ նախօրոք պատրաստված հատուկ քարտեզի միջոցով, որում նշված էին Արևմտյան Հայաստանի հայտնի քաղաքները, թիմերը ճիշտ պատասխանելով հարցերին փոքրիկ դրոշակի օգնությամբ քաղաքից քաղաք են անցնում` «ազատագրելով» մայր հայրենիքի կորուսյալ քաղաքները։ Այն թիմը, որի դրոշն առաջինը կհասնի Արարատի գագաթին, նա էլ կհամարվի հաղթող։
Թեժ ինտելեկտուալ մրցակցություն է ծավալվել խաղին մասնակցող «Ուրտեխե», «Նեմեսիս», «Արցախ», «Սասնա ծռեր» և «Վահագնի աջով» թիմերի միջև: Հարցերը գլխավորապես վերաբերում էին Հայաստանի Առաջին Հանրապետությանը, քանի որ այս տարի լրացել է նրա 100-րդ տարեդարձը։ Խաղի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սասնա ծռեր»-ը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը կիսել են «Ուրտեխե»-ն ու «Նեմեսիս»-ը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են պատվոգրերով ու նվերներով: Ամանորի կապակցությամբ անակնկալ նվերներ են ստացել նաև դպրոցի առաջին դասարանի սաները:
Վաղուհասի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Գրիգորյանը նշել է, որ նման միջոցառում առաջին անգամ է դպրոցում կազմակերպվում: Նա հույս է հայտնել, որ այդպիսի նախաձեռնությունները շարունակական կլինեն` ամրապնդելով երեխաների գիտելիքները:
Կազմակերպիչները սպորտային պարագաներ ու գրենական պիտույքներ են հանձնել դպրոցին:
Նույն օրը երեկոյան Վաղուհասի մշակույթի տանը համերգային ծրագրով հանդես է եկել «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի համույթը:
Միջոցառումներին աջակցել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:
Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը կարևորել է Համազգայինի եւ գյուղական համայնքների կապն ու համագործակցությունը՝ նորանոր կրթամշակութային ծրագրերի իրականացման գործում։
ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Բենո Միրզոյանը նշել է, որ խոսելով Հայաստանի Առաջին Հանրապետության մասին, չենք կարող չկարևորել նրա պատմական ու անչափ կարևոր առաքելությունը ազգի պահպանման ու շարունակության գործում. «Մեծ է նման միջոցառումների նշանակությունը. նորից փորձել արժևորել Առաջին հանրապետության կարևորությունը, գալիք սերնդի մեջ սերմանել Հանրապետության հիմնադիրների, Արամի, Նժդեհի, Նիկոլ Աղբալյանի, Դրոյի գաղափարներն ու նվիրվածությունը առ հայրենիք»:
«Նման միջոցառումներն Արցախի գյուղական համայնքներում կազմակերպելով նպատակ ունենք այստեղ մշակութային և կրթական կյանքն աշխուժացնել»,- ասել է Բենո Միրզոյանը` շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպմանը ու կայացմանը մասնակցածներին: