Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կանադական հեղինակավոր The Hill Times պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառների եւ դրա հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակի մասին:
Ներկայացնելով շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծված անմարդկային պայմանները, պարբերականը գրում է, որ հունվարի 25-ին Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը Լաչինի միջանցքի շրջափակման թեման դիտարկելու համար երկու նիստ է գումարել, որի շրջանակներում Վինձորի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Վաթերսը դեպի Արցախ մարդասիրական օգնության արգելափակումը բնութագրել է որպես «դե ֆակտո էթնիկ զտումներ»:
Հոդվածում մեջբերվում են նաեւ հանձնաժողովի անդամներ Հիզեր Մաքֆերսոնի եւ Ժան-Պիեռ Գոդբաուի խոսքերը, ովքեր նշում են, որ Կանադան պետք է օգտագործի ՄԱԿ-ում իր դիվանագիտական խողովակները Լաչինի միջանցքը բացելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար:
Պարբերականի հետ զրույցում Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նույնպես կոչ է արել Կանադային եւ միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եւ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության նկատմամբ Լաչինի միջանցքը բացելու համար: Ռուբեն Վարդանյանը կոչ է արել «հումանիտար օդային միջանցք» ապահովել դեպի Արցախ մատակարարումներ իրականացնելու համար:
Արցախի պետնախարարը վիճարկել է Լաչինի միջանցքով երթեւեկության մասին Ադրբեջանի ներկայացրած տվյալները՝ նշելով, որ դեկտեմբերի 12-ից ի վեր ընդամենը մի քանի հարյուր բեռնատար է անցել Լաչինի միջանցքով, որոնք պատկանել են ռուս խաղաղապահներին եւ Կարմիր խաչի միջագային կոմիտեին: «Համեմատության համար նշեմ, որ շրջափակումից առաջ օրական 800-ից 1000 բեռնատար է մտել Արցախ», - ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ շրջափակման հետեւանքով դադարեցվել են դեղորայքի, սննդի, վառելիքի եւ էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարումները:
«Մեր ողջ տնտեսությունը կանգնած է, որովհետեւ մենք չենք կարողանում արտադրության համար որեւէ ռեսուրս ներկրել կամ այստեղ արտադրվող որեւէ ապրանք արտահանել», - նշել է Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ սահմանափակ վառելիքի եւ էլեկտրաէներգիայի պայմաններում դպրոցները եւս ստիպված են եղել դադարեցնել իրենց աշխատանքը: «Անընդունելի է ձմռանը 30 000 երեխաների ստիպել ապրել առանց սննդի, առանց կրթության կամ առանց գազի եւ էլեկտրաէներգիայի: Ադրբեջանը պետք է ընդունի, որ պետք է երկխոսություն լինի, սա չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ սեփական բնօրրանում 120 000 մարդու էթնիկ զտումների ենթարկելով» - ամփոփել է պետնախարարը: