Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայկական ճարտարապետության նվիրյալ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ 4-րդ տարելիցն է։
Հուշարձանագետ..., այս բառը հնարավոր չէ գտնել բառարաններում... Այս բառն իր տասնամյա պատմության ընթացքում, ստեղծվել է` բնութագրելու ընդամենը մեկ մարդու մաքառումը: Եվ եթե մի օր այն իր արժանի տեղը գտնի բառարաններում, ապա բացատրության մասում կգրվի ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ: Այս մասին գրում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։
«Նրա գործելաոճն ու տեսլականն էր` թիզ առ թիզ անցնել Հայրենի բնօրրանի կածաններով, գտնել, ուսումնասիրել, հանրայնացնել և հայագիտությանը նվիրել երբևէ չուսումնասիրվածը։ Նա առաջին հետազոտողն է բազմաթիվ գյուղերի, գյուղատեղիների և հանդամասերի, առաջին լուսանկարիչն է, չափագրողը, հայտնաբերողն ու տեղորոշողը անթիվ հուշարձանների, առաջին ընթերցողն ու հրատարակիչն հազարավոր վիմագրերի։ Անձնուրաց աշխատանքի շնորհիվ ամբարած վիթխարի նյութի, ցավոք, ընդամենը մի մասը նա հասցրեց մշակել և հրատարակել։
Մի առիթով Ս. Կարապետյանը ասել էր.
«Ես հիմա հասել եմ կյանքիս այն կետին, որ արված գործերի հաշվետվությունն եմ ներկայացնում։ Ու եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով չկարողանամ այն մինչև վերջ իրագործել, շարունակողները կան»։
Արդեն 4 տարի է, որ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը` ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների և խոչընդոտների, չդավաճանելով Սամվել Կարապետյանի վստահությանը, շարունակում է վառ պահել իր ուսուցչի տեսլականը, առաջ տանելով նրա կողմից սկզբնավորված բոլոր ծրագրերը, ինչպես նաև ստեղծելով նորերը։ 2020-2024 թթ. հիմնադրամը շարունակելով ՄԵԾ ՀԱՅՈՐԴՈՒ գործունեությունը հրատարակել է 17 աշխատություն, թողարկել է 3 կայքէջ և 1 ֆիլմ, ուսումնասիրել է Մեծ Հայքի ավելի քան 500 բնակավայրի հուշարձաններ` ՀՃՈՒ արխիվը հարստացնելով ավելի քան 100.000 լուսանկարով, չափագրություններով և այլ նյութերով։
Հանգչի՜ր խաղաղությամբ ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉ, քո գործը շարունակվում է»։