Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
12-ամսյա կտրվածքով ներկայացված 1․6 տոկոս գնաճը չի արտացոլում իրական պատկերը։ Նման կարծիք 365news.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացրած ՀՀ սպառողական շուկայի 12-ամսյա գնաճի ցուցանիշներին։
Ըստ տնտեսագետի՝ 12-ամսյա կտրվածքով ներկայացված 1․6 տոկոս գնաճը չի արտացոլում իրական պատկերը, քանի որ նախ՝ գնաճը հաշվելու համար ընտրում են որոշակի ապրանքների զամբյուղ, որոշակի կազմ, կառուցվածքով և այդտեղ լինում են այնպիսի ապրանքներ, որոնք, ըստ էության, առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն ու դրանք ազդում են ընդհանուր ցուցանիշի վրա, երկրորդն էլ արդյո՞ք այդ ցուցանիշի վրա չի ազդել քաղաքական կոմպոնենտը, եթե ազդել է, ապա հաստատ չի արտացոլում իրական պատկերը․ «Այն, ինչը մենք տեսնում ենք անզեն աչքով, և այն, ինչը ներկայացվում է, իրապես իրար հետ կապ չունեն՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գծով»։
Տնտեսագետի խոսքով՝ Վիճակագրական կոմիտեն առաջին անհրաժեշտության առանձին ապրանքների համար գնաճի առավել բարձր ցուցանիշներ է տվել․ «Միրգ, բանջարեղեն, շաքարավազ, հավկիթ, հացաբուլկեղեն, կարագ, բուսական յուղ, սեղմված գազ և այլն, սրանք առաջին անհրաժեշտության այն ապրանքների մի մասն են, որոնք վերաբերելի են հասարակությանը, և այս ապրանքներն առանձին-առանձին ունեն բավականին բարձր գնաճի ցուցանիշ։ Օրինակ՝ միայն բուսական յուղի գինը, վիճակագրական տվյալների համաձայն, աճել է մոտավորապես 21 տոկոսով, իսկ իրականում այն ավելի բարձր է։ Կարծում եմ՝ և՛ օբյեկտիվ, և՛ ազնիվ կլիներ, որ առանձին առաջին անհրաժեշտության ապրանքների խմբաքանակով հաշվարկներ իրականացվեն ու ներկայացվեն»։
Ավետիսյանի կարծիքով՝ չէր կարող գնաճն այդքան լիներ թեկուզ այն պատճառով, որ գնաճի վրա ազդող գործոնները՝ հատկապես ներկրվող և ներկրման կոմպոնենտ ունենցող ապրանքները, չէին կարող այդչափ գների բարձրացում ունենալ, քանի որ դրանք առնվազն պետք է ազդված լինեին արժույթի փոխարժեքով․ «Եթե սեպտեմբերին արժույթի փոխարժեքը 485 էր, հիմա արդեն վաճառքը 515 դրամ է։ Այս ընթացքում մոտ 6 տոկոս ակնհայտ արժեզրկումը չէր կարող չբերել ներկվող կամ ներկրման կոմպոնենտ ունեցող ապրանքների թանկացմանը»։
Տնտեսագետի համոզմամբ՝ այս պահին ՀՀ-ն գտնվում է գնաճի փուլում ու դրա շարունակման բոլոր միտումները կան:
«Այն գործոնները, որոնք բերել են գնաճի, շարունակվում են։ Ավելին ասեմ՝ տնտեսական ճգնաժամի այս իրավիճակում բնական է, որ մենք ունենալու ենք սոցիալական բացասական հետևանքներ։ Գնաճն ու արժույթի արժեզրկումն անմիջականորեն ազդում են մարդկանց իրական եկամուտների վրա, քանի որ անվանական եկամուտները չեն փոխվում, սակայն ապրանքները թանկանում են։ Մի բան է, երբ անվանական եկամուտներն աճում են, երկիրը գտնվում է վերելքի փուլում, իսկ դրան զուգահեռ դանդաղ աճում են նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գները, բոլորովին այլ բան է, որ երկիրը գտնվում է անկման փուլում, քաղաքացին ունի անվանական եկամտի նվազում կամ ընդհանարպես չունի անվանական եկամուտ ու դրանց զուգահեռ էլ արագ տեմպերով աճում են ապրանքների գները»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ այսօր ՀՀ-ում անվանական եկամուտները բավականին նվազել են, երկիրը գտնվում է տնտեսական ճգնաժամի և անկման փուլում ու այս ամենի հետևանքը լինելու է աղքատության աճը։
Մելինե Պետրոսյան