Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Պաշտոնական վիճակագրության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու հարցը։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն Սահմանադրությանը, այլ նաև ՄԱԿ-ի կողմից սահմանված ստանդարտներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
«Այս օրենքի ընդունման հիմնական նպատակն է ապահովել, որպեսզի պաշտոնական վիճակագրություն տարածողներն արտադրեն բարձր որակի վիճակագրական տվյալներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ սահմանվում է վիճակագրություն արտադրողների համակարգի կառուցվածքը։ Այն բաղկացած է լինելու վիճակագրության կոմիտեից և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներից։ Վիճակագրության կոմիտեն լինելու է կառավարությանը ենթակա մարմին, սակայն, լինելով կառավարությանը ենթակա մարմին, նրա գործունեության մեջ գործելու է անկախ, ղեկավարվելու է միմիայն օրենքով։
Հարց ուներ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, որը վերաբերում էր անվանմանը՝ կոմիտեին։ «Բոլոր բառարաններում՝ «Քեմբրիջ», «Քոլինզ», «Վիկիպեդիա» և այլն, նշված է, որ կոմիտեն մարդկանց փոքր խումբ է՝ չհանդիսանալով կառավարման մարմին։ Ես խնդրում եմ վերադառնալ հին անվանմանը՝ Ազգային վիճակագրական ծառայություն»,- ասաց նա։
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ, բացի բառարաններից, գոյություն ունեն վարչական իրավական որոշակի ավանդույթներ, օրինաստեղծ գործունեության փորձ, որով և ուղղորդվել է արդարադատության նախարարությունը։
Արդարադատության նախարարն իր կողմից նշեց, որ այսօր էլ գործում են կոմիտեներ, և եթե ղեկավարվեին բառարաններով, ապա դրանք չպետք է անվանվեին կոմիտե։ «Մեզանում, այո, ձևավորվել է կոմիտեի այլ բովանդակություն։ Ծառայություն մենք անվանում ենք հատուկ ծառայությունները՝ ազգային անվտանգության ծառայություն, փրկարար ծառայություն, դատական ակտերի հարկադիր ծառայություն, քրեակատարողական ծառայություն։ Մյուս բոլոր դեպքերում, եթե դա հատուկ ծառայություն չէ, մենք անվանում ենք կոմիտե»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Որոշումն ընդունվեց։