Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Ազգային վիճակագրական պետական կոմիտեի նախագահ և վիճակագրական պետական խորհրդի անդամներ նշանակելու մասին հարցը:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախատեսվում է Ստեփան Մնացականյանին 2018թ. մայիսի 21-ից նշանակել ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ` 6 տարի ժամկետով, Գագիկ Անանյանին, Գագիկ Գևորգյանին, Նելլի Բաղդասարյանին, Վանուշ Դավթյանին, Լիլիթ Պետրոսյանին նշանակել վիճակագրական պետական խորհրդի անդամներ` 6 տարի ժամկետով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ, ըստ էության, վերանշանակվեցին վիճակագրական կոմիտեի նախագահն ու խորհրդի անդամները` այդ նուրբ համակարգի շարունակականությունը ապահովելու նպատակով:
«Ուզում եմ ընդգծել, որ պետք է շատ լուրջ աշխատենք, որպեսզի վիճակագրական կոմիտեի վստահելիության մակարդակը բարձրանա, որովհետև դա շատ կարևոր հարց է: Գործող օրենսդրությունը և տրամաբանությունը հուշում են, որ պաշտոնական վիճակագրությունը պետք է դուրս լինի քաղաքական կոնյունկտուրայի ազդեցությունից: Մեր կառավարությունը մտադիր է հենց այդ խնդիրը լուծել` ապահովել վիճակագրական պետական կոմիտեի լիարժեք անկախությունը: Դա օգտակար է նաև կառավարության համար, որ մենք ռեալ պատկերացում ունենանք մեր գործունեության և արդյունքների մասին: Եկեք ուղիղ նայենք իրականությանը և ասենք, որ հանրությունը շատ հաճախ կասկածի տակ է դնում պաշտոնական վիճակագրության բովանդակությունը»,- ասաց վարչապետը` հույս հայտնելով, որ վստահելիության այդ խնդիրը կլուծվի:
Հիշեցնենք, որ Ստեփան Մնացականյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից: