կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-29 15:41
Տնտեսական

Գնաճը կազմել է 3.1 տոկոս

Գնաճը կազմել է 3.1 տոկոս

2014 թվականի հունվար-օգոստոսին հայաստանյան սպառողական շուկայում, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ,  գրանցվել է 3.1 տոկոս գնաճ: Ընդ որում, ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների, սպառման ապրանքների գնաճը նշված ճամանակահատվածում կազմել է 1.7 տոկոս, պարենային ապրանքները' 1.1, ոգելից խմիչքինն ու ծխախոտինը' 7.3, ոչ պարենային ապրանքներինը' 2 եւ ծառայություններինը' 6.6 տոկոս:

 

Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների' 2014թ. օգոստոսին, հուլիսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.7 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ծառայությունների ոլորտի սակագների ընդհանուր մակարդակի 2.2 տոկոս հավելաճով: Պարենային ապրանքների (ներառյալ` ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3 տոկոս գնանկում:

 

2014թ.  հունվար-օգոստոսին հանրապետությունում սպառողական գների  միջին  ամսական  նվազումը, նշում է ԱՎԾ-ն, կազմել է 0.2 տոկոս' նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 0.4 տոկոս հավելաճի փոխարեն:

 

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. օգոստոսի,ն հուլիսի համեմատ, սպառողական գներն աճել են 0.6-1.4 տոկոսով, այդ թվում` գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.6%-ով:

 

2014թ.   օգոստոսին,  հուլիսի   համեմատ,  հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.1 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է հրուշակեղենի՝ 1.4 տոկոս, ձվի՝ 4.8 տոկոս, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի՝ 5.9 տոկոս գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-5.9 տոկոս գնաճ, երկուսում՝ 8.8-0.6 տոկոս գնանկում, իսկ մյուս երկու ապրանքախմբերում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:

 

2014թ. օգոստոսին, 2013թ. օգոստոսի համեմատ, ոչ ոգելից խմիչքի և հրուշակեղենի ապրանքախմբերում արձանագրվել է, համապատասխանաբար, 1.6 տոկոս եւ 5.3 տոկոս, իսկ 2014թ. հուլիսի համեմատ՝ 0.9 տոկոս եւ 1.4 տոկոս գնաճ:

 

Ոչ  պարենային ապրանքների գները  2014թ.   օգոստոսին,   հուլիսի   համեմատ, 0.3 տոկոս գնանկում են արձանագրել, ինչը, ըստ ԱՎԾ վերլուծության, հիմնականում գեղահարդարման ապրանքների՝ 1.3 տոկոս, կոշկեղենի' 1.1 տոկոս, շինանյութերի' 0.7 տոկոս, հագուստի և գործվածքի՝ 0.4 տոկոս գնանկման արդյունք է: Այգեգործական ապրանքները, ըստ հրապարակված տվյալների, նշված ժամանակահատվածում էժանացել են 0.2 տոկոսով, գորգեղենը՝ 0.1տոկոսով, դեղամիջոցները' 0.1 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է ոսկերչական ապրանքների' 0.1 տոկոս, կահույքի՝ 0.2 տոկոս, վառելիքի՝ 0.3 տոկոս, լվացող միջոցների' 0.3 տոկոս, տեքստիլեղենի՝ 0.5 տոկոս, մշակույթի ապրանքների' 0.5 տոկոս, գրենական պիտույքների' 0.7 տոկոս, խոհանոցային սպասքի' 1.2 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների 1.3 տոկոս գնաճ:

 

2014թ. օգոստոսին, հուլիսի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները հանրապետությունում մնացել են անփոփոխ: 2014թ. օգոստոսին, 2013թ. օգոստոսի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են, համապատասխանաբար, 2.4 և 2.2 տոկոսով, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ' 2.2 և 2.1 տոկոսով:

 

Բնակչությանը  մատուցված  ծառայությունների  ոլորտում  2014թ. օգոստոսին, հուլիսի համեմատ, արձանագրվել է սակագների 2.2 տոկոս հավելաճ, ինչը, ինչպես նշում է ԱՎԾ-ն, բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների 4.3 տոկոս հավելաճի արդյունք է` պայմանավորված 2014թ. օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ:

 

2014թ. օգոստոսին, հուլիսի համեմատ, բնակչությանը էլեկտրաէներգիայի վաճառքի ծառայությունների սակագների հավելաճը կազմել է 11.1 տոկոս: Վերոհիշյալ ծառայությունը, սպառողական զամբյուղում ունենալով 4.75 տոկոս տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում  նպաստել է  սպառողական գների ինդեքսի ընդհանուր մակարդակի աճին' 0.53 տոկոսային կետով: