Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168.am-ը գրում է․ «Վիճակագրական ծառայությունը վաղուց ամփոփել է անցած տարվա արտաքին առևտրի ցուցանիշները. ունենք ինչպես՝ արտահանման, այնպես էլ՝ ներմուծման անկում։ Արտահանումը նվազել է՝ 3,9, ներմուծումը՝ 17,7 տոկոս։
Այս ցուցանիշներին ևս մեկ անգամ անդրադառնալու առիթ հավանաբար չէր լինի, եթե Պետեկամուտների կոմիտեն այլ տվյալներ չհրապարակեր արտաքին առևտրի, մասնավորապես՝ արտահանման վերաբերյալ։
Օրերս հրավիրված մամուլի ասուլիսում ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը՝ խոսելով անցած տարվա արտաքին առևտրի միտումների մասին, հայտարարեց, որ արտահանումը 2020թ. նվազել է շուրջ 7 տոկոսով։
Հիմա ո՞րն է այս ցուցանիշներից ճիշտը՝ Պետեկամուտների կոմիտեի 7, թե՞ Վիճակագրական կոմիտեի՝ 3,9 տոկոսը։ Հիմա այս ցուցանիշներից որի՞ն պիտի հավատանք կամ հիմք ընդունենք։
Գուցե ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ այսպիսի անհամապատասխանությունը, եթե շեղումը գոնե այդքան մեծ չլիներ։ Բայց գործ ունենք գրեթե կրկնակի տարբերության հետ։
Մնում է ենթադրել, որ տեղի է ունեցել ցուցանիշների ճշգրտում։ Ու դրա արդյունքում ունենք արտահանման անկման կտրուկ խորացում։ Հավանաբար ժամանակին Վիճակագրական կոմիտեն շատ է ջանացել՝ արտահանման համեմատաբար ավելի լավ պատկեր ներկայացնելու համար։ Այլապես որտե՞ղ է՝ 3,9, որտե՞ղ՝ 7 տոկոսանոց անկումը։ Հետաքրքիր է, որ, ի տարբերություն արտահանման, ՊԵԿ-ի և Վիճակագրական կոմիտեի ցուցանիշները ներմուծման վերաբերյալ գրեթե համընկնում են կամ շատ մոտ են. Վիճակագրական կոմիտեն արձանագրել է ներմուծման՝ 17,7 տոկոս, Պետեկամուտների կոմիտեն՝ 17,5 տոկոս նվազում։
Արտահանման 7 տոկոսանոց անկումը, բնականաբար, շատ ավելի է ընդգծում մեր տնտեսության անմխիթար վիճակը։ Թեև այդ ցուցանիշներով չէ, որ պիտի դատողություններ անենք տնտեսության իրական վիճակի մասին։ Բոլորն էլ տեսնում են, թե ինչ է կատարվում տնտեսության մեջ։
Մեր տնտեսությունն անցած տարի աննախադեպ անկում արձանագրեց՝ վերջին 12-13 տարիների կտրվածքով։ Գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության արտահանելի հատվածում, ունեցանք բավական խորը անկումը։ Իսկ արտահանման ծավալները սովորաբար ուղիղ համեմատական են տնտեսության զարգացումների հետ։
Արտահանման 7 տոկոսանոց անկումը, որի մասին հայտարարեց ՊԵԿ պաշտոնյան, գրեթե համարժեք է տնտեսական ակտիվության այն ցուցանիշին, որն անցած տարի ունեցանք. պաշտոնական վիճակագրության արձանագրումը տնտեսական ակտիվության 7,5 տոկոս նվազումն է։ ՀՆԱ անկումը, նախնական տվյալներով, գնահատվում է 7,6 տոկոս։
Անկախ նրանից, թե պաշտոնապես արտահանման որ ցուցանիշն է ճիշտ, անցած տարի արտաքին առևտրի ոլորտում ունեցանք շատ տխուր պատկեր։ Խոսքը ոչ միայն արտահանման նվազման, այլև արտահանման կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունների մասին է։ Անցած տարվա ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսությունը դուրս է մղվում եվրոպական շուկաներից։ Եվրոպական շուկաներում մեր արտահանման անկման տեմպը մի քանի անգամ ավելի մեծ է։ Անցած տարի եվրոպական շուկաներ գրեթե 26 տոկոսով ավելի քիչ ապրանք են մատակարարել։
ԵՄ երկրների բաժինը մեր արտահանման մեջ կտրուկ իջել է՝ հասնելով ընդամենը 16,9 տոկոսի։ Մեկ տարի առաջ այն 21,8 տոկոս էր։ Ունենք գրեթե 5 տոկոսային կետով նվազում։
Ոչ վաղ անցյալում այն անցնում էր 28 տոկոսից։ 3 տարում Եվրամիության երկրներ մեր արտահանման բաժինը պակասել է ավելի քան 11 տոկոսային կետով։
Այսպես էլ արտահանման խթանման քաղաքականություն ենք իրականացնում, այսպես էլ տնտեսություն ենք զարգացնում՝ դուրս մնալով զարգացած երկրների շուկաներից։
Եվրոպական երկրների հետ առևտրային հարաբերությունները կրճատվում են նաև ներմուծման ոլորտում։ Բայց դա ինչ-որ տեղ հասկանալի է. ԵԱՏՄ շրջանակներում կիրառվում են որոշակի սահմանափակումներ և բարձր մաքսատուրքեր, որոնք զսպում են ներմուծումները եվրոպական երկրներից։ Այլ բան, որ դա ուղեկցվում է նաև արտահանման նվազմամբ, այն էլ՝ կտրուկ նվազմամբ, ինչը նշանակում է, որ մեր տնտեսությունը կորցնում է մրցունակությունը։ Այն էլ՝ ոչ միայն եվրոպական, այլև՝ Եվրասիական տնտեսական միության շուկաներում։
Անցած տարի մեր արտահանումը ԵԱՏՄ նվազեց 8,3 տոկոսով։ Սա Վիճակագրական կոմիտեի ցուցանիշն է։ Նվազումը գուցե ավելի մեծ լինի ՊԵԿ-ի արձանագրած 7 տոկոս անկման պարագայում։ Բայց 8,3 տոկոսն էլ փոքր ցուցանիշ չէ։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ, ի տարբերություն արտահանման, ներմուծման ոլորտում նույնիսկ աճ ենք ունեցել։
Այսինքն՝ ունեցել ենք արտաքին առևտրի հաշվեկշռի վատացում՝ ի վնաս մեր տնտեսության։ Ու դա եղել է ամենևին էլ ոչ միայն Ռուսաստանի տնտեսության հաշվին։
Ռուսաստանից ներմուծումն անցած տարի նույնիսկ նվազել է։ Այնինչ, Բելառուսից և Ղազախստանից ունեցել ենք կտրուկ աճ։ Բելառուսից գրեթե 17 տոկոսով ավելի շատ ապրանք ենք բերել։ Իսկ ահա Ղազախստանից՝ ռեկորդային բարձր ակտիվություն է գրանցվել՝ ներմուծումը միանգամից ավելացել է 3,4 անգամ։ Եթե 2019թ. Ղազախստանի հետ մենք ունեինք արտաքին առևտրի դրական հաշվեկշիռ, այսինքն՝ ավելի շատ արտահանում էին, քան ներմուծում, ապա արդեն անցած տարի դրանից էլ զրկվեցինք։ Հիմա արդեն ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում։ Բելառուսի մասին չենք էլ խոսում, որովհետև այդ երկրի հետ դեռ վաղուց ունենք արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռ։
Ահա այսպես է Հայաստանի տնտեսությունն արձագանքում գործընկեր երկրների շուկաներ մուտք գործելու այն հնարավորություններին, որոնք ստեղծվել են ԵԱՏՄ շրջանակներում։ Այն, ինչ ունենք, ոչ թե մեր տնտեսության ձեռքբերումների, այլ կորուստների մասին է խոսում։ Ու դրա պատճառը պետք է փնտրենք մեր տնտեսության մեջ։ Մեր տնտեսության արտահանման հնարավորությունները փոքր են։ Եղած հնարավորություններն էլ չենք կարողանում արդյունավետ օգտագործել և դիրքեր գրավել այլ շուկաներում։
Զարմանալի չէ, որ մեր տնտեսության դիրքերը գործընկեր երկրների շուկաներում թուլանում են, իսկ նրանց դիրքերը մեր շուկաներում՝ ամրապնդվում։ Սա մեզ լավ տեղ չի տանելու, եթե պիտի շարունակենք ձև անել, թե տնտեսություն ենք զարգացնում կամ տնտեսական հեղափոխություն իրականացնում»։