կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-11 15:51
Տնտեսական

Մինչեւ 2014 թվականի կեսը գնաճը կլինի մինչեւ 8 տոկոս

Մինչեւ 2014 թվականի կեսը գնաճը կլինի մինչեւ 8 տոկոս

Եթե պահանջարկի շոկերը չլիներին գնաճի կանխատեսումը 4 տոկոսի սահմանում էր լինելու, բայց, քանի որ կա առաջարկի շոկ, հետեւաբար փոփոխություններ կլինեն կանխատեսելի հետագծի մեջ, եւ գնաճը կլինի մոտ 8 տոկոսի սահմանում. լրագրողներին այսօր ասաց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը` բացատրելով, որ առաջարկի շոկը պայմանավորված է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ եւ մայիսին տեղացած կարկուտի հետեւանքներով:

 

Ըստ բանախոսի` 2014 թվականի կեսից գնաճը կհայտնվի նպատակային միջակայքի սահմաններում: «Հասկանալի է, եթե այս փոփոխությունը, որ տեղի ունեցավ սակագների մեջ, տեղի ունեցավ, այդ ժամանակ առանց դրամավարկային եւ այլ քաղաքականությունները հաշվի առնելու` գնաճի ցուցանիշը միանգամից կբարձրանա: Գնաճը նորից հայտնվելու է նպատակային միջակայքում` 2014-ի կեսից: Եթե այդ սակագնային փոփոխությունը չլիներ, գնաճը կշարունակեր մնալ նպատակային 4 տոկոս միջակայքում»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

 

Անդրադառնալով գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հնարավոր ազդեցություններին` ԿԲ ներկայացուցիչը նշեց, որ առաջարկի շոկը միանգամից որոշակի գործունեության կամ գործոների ազդեցության տակ գների որոշակի աճն է, օրինակ` երբ բնական աղետների եւ այլնի պայմաններում ապրանքների առաջարկի նվազումն է լինում: Առաջարկի շոկ ասում են նաեւ էներգակիրների գների աճին: Ստեփանյանի պարզաբանմամբ` քանի որ էներգակիրների գները կազմում են սպառողական զամբյուղի 10.5 տոկոսը, հետեւաբար` այդ սակագների փոփոխությունը անմիջապես ապրանքների եւ ծառայությունների գները բարձրացնելու է. սա ուղղակի ազդեցությունն է:

 

Բայց ԿԲ ներկայացուցիչը հիշատակեց, որ կա նաեւ անուղղակի ազդեցություն` ինքնարժեքի միջոցով. քանի որ արտադրվող ապրաքներն ունեն տարբեր քանակի էներգիայի օգտագործման պահանջ, ուստի փոփոխությունը կարող է իր ազդեցությունն ունենալ դրանց ինքնարժեքի մեջ:

 

«Այս առումով` տարանջատենք երկու շուկաներ. այն շուկաները, որտեղ մրցակցային դաշտ կա, ինքնարժեքի բարձրացումը ամբողջությամբ չի փոխանցվի վերջնական գներին` պայմանավորված մրցակցությամբ: Այն շուկաներում, որոնք ավելի կենտրոնացված են` կան գերիշխող դիրք գրավող ընկերություններ, ՏՄՊՊՀ մոնիտորինգի տակ են լինելու, եւ կարծում եմ, որ գնագոյացումն ավելի արդար կլինի: Սրանք անուղղակի ազդեցություն են: Չմոռանամ ասել, որ կարկտահարությունը որոշակի ազդեցություն կունենա գյուղատնտեսական մթերքների արտադրողական ծավալի վրա, որը նույնպես որոշակի գնաճային ազդեցություն կունենա: Արդյունքում` մենք սպասում ենք, որ առաջիկա 1 տարում տատանվելու է 8 տոկոսի շրջանակներում` 2014 թվականի կեսից նվազելով եւ հայտնվելով նպատակային միջակայքում»,- պարզաբանեց ԿԲ խորհրդի անդամը:

 

Նա խոսեց նաեւ սպասվող գնաճի սոցիալական հետեւանքների ու տնտեսական ակտիվության վրա ունեցած բացասական ազդեցությունների մասին` շեշտելով, որ առաջին դեպքում կառավարության վարած քաղաքականության արդյունքում`սոցիալական նպաստների, կենսաթոշակների բարձրացումն ու թիրախային օժանդակությունը, ինչպես նաեւ քննարկումը` 2014 թվականից բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ, որոշակիորեն կմեղմեն գնաճի սոցիալական հետեւանքները:

 

Իսկ ինչ վերաբերում է տնտեսական աճի վրա ունեցած բացասական հետեւանքներին, ապա Արթուր Ստեփանյանը նշեց, որ ձմեռվա ամիսներին ավելանում է բնակչության գազի եւ էլեկտրաէներգիայի հետ կապված ծախսերի մակարդակը, ու այդ ժամանակ ծախսերն ավելանում են մեկ ուղղությամբ, հետեւաբար` կարող է պահանջարկը նվազել մյուս ապրանքների մասով:

 

«Մենք պահելու-պահպանելու ենք դրական, իրական տոկոսադրույքները այնքան ժամանակ, մինչեւ համոզված լինենք, որ գնաճային ազդեցությունները խարսխված են, եւ գնաճային ազդեցություները մեղմվել են: Եվ դրանում համոզված լինելով` մենք նվազեցնելու ենք այն տոկոսադրույքները, որ կառավարության հետ համատեղ` 2014 թվականին առաջանալիք բացասական ճեղքը մեղմվի, որպեսզի խթանվի տնտեսական աճը եւ լինի հավասարակշիռ մակարդակում»,- եզրափակեց Արթուր Ստեփանյանը: