կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-02 11:35
Տարածաշրջան

Թուրքիան բանակցություններ է վարում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար

Թուրքիան բանակցություններ է վարում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը գաղտնի բանակցություններ է վարում իսրայելցի պաշտոնատար անձանց հետ, ինչը Թել Ավիվի հետ հարաբերությունների կարգավորման՝ Անկարայի նախաձեռնած նախագծի մի մաս է. հաղորդում է Al-Monitor-ը՝  «լավ ինֆորմացված աղբյուրների» հղումով:

Երեք աղբյուր հաստատել է, որ վերջին շաբաթներին Ֆիդանի մասնակցությամբ հանդիպումներ են եղել Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև: Al-Monitor-ի զրուցակիցներից մեկը նշել է, որ «Թուրքիայի և Իսրայելի միջև մերձեցումը շարունակվում է», սակայն մանրամասներ չի նշել:

ԼշՊարբերականը հիշեցնում է, որ երկու երկրների միջև դեռ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ չկան այն բանից հետո, երբ Թուրքիան 2018-ի մայիսին Պաղեստինի Գազայի հատվածի վրա հարձակվելուց և հրեական պետությունում ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց հետո իսրայելցի դեսպանին «դռան տեղը ցույց տվեց»:

Ենթադրվում է, որ Հաքան Ֆիդանը նախկինում մի քանի նման հանդիպումներ է ունեցել՝ քննարկելու համար Սիրիայում և Լիբիայում անվտանգության ընդհանուր խնդիրները, բայց, ըստ աղբյուրների, «խորհրդատվությունների վերջին փուլը նպատակ ուներ բարելավել կապերը երկու երկրների դեսպաններին վերադարձնելու նպատակով»:

Նշենք, որ թուրք–իսրայելական՝ տասնամյակներ ձգվող բարիդրացիական հարաբերություններում առաջին խոշոր «ճեղքը» գրանցվեց 2008-2009 թթ. Գազայի հատվածում սկսված ռազմական առճակատման հետևանքով. Թուրքիան Իսրայելի գործողությունները որակեց որպես ահաբեկչական։ 2009 թ. Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում տեղի ունեցավ հայտնի «One minute» (թարգ. մեկ րոպե) դեպքը։ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո ներկաները ծափահարեցին, ինչին ի պատասխան՝ Էրդողանը հայտարարեց, որ դա տխրեցուցիչ է, քանի որ Պերեսի երկիրը մարդկանց է սպանում: Նա նաև դժգոհեց, թե Պերեսին ելույթի համար տրվել է 25, իսկ իրեն՝ 12 րոպե ժամանակ։ 

2009 թ. Իսրայելի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Ավի Միրզահին ասաց այն, ինչ վերջերս ասաց Նեթանյահուն. «Պաղեստինի հարցում մեզ քննադատելուց առաջ Էրդողանը թող հայելու մեջ նայի։ Հայերին կոտորեցին, նույնը քրդերի հանդեպ են անում, Կիպրոսն են բռնազավթել»։ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն պահանջեց հեռացնել նրան պաշտոնից, իսկ դեսպանը կանչվեց ԱԳՆ՝ բացատրություն տալու։

Սակայն լարվածության գագաթնակետը կարելի է համարել 2010 թ. Գազայի ափերի մոտ տեղի ունեցած հարձակումը թուրքական «Կապույտ Մարմարա» նավի վրա, որի հետևանքով զոհվեց 9 թուրք քաղաքացի։ Էրդողանն այս միջադեպն անվանեց «պետական ահաբեկչություն», հետ կանչեց թուրք դեսպանին, իսկ Թուրքիայի՝ այդ ժամանակվա ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ այս դեպքից հետո թուրք-իսրայելական հարաբերությունները կարող են այլևս չվերադառնալ նախկին մակարդակին։ 2013 թ. հեռախոսազրույց տեղի ունեցավ Նեթանյահուի և Էրդողանի միջև, որի ընթացքում Նեթանյահուն ներողություն խնդրեց, իսկ Էրդողանը թուրք ժողովրդի անունից ընդունեց այն։ Իսրայելը խոստացավ փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին։