կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-24 23:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիմ Բալայանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խրտվիլակի և արցախյան շարժումը «ջուրը գցելու» մասին

Կիմ Բալայանը մի պատմություն է պատմում․ 1994 թ-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը արգելեց Դաշնակցության գործունեությունը, Տեր-Պետրոսյանի խրտվիլակը բերել էին իրենց տուն, որ հետո տանեն, Բաղրամյան փողոցում՝ նախագահի նստավայրի դիմաց, այրեն։

«Երբ Լևոն Տեր-Պետրոսյանի խրտվիլակը բերեցին մեր տուն, հենց դռնից ներս մտցրեցին, լույսերը հանգան։ Ասացի՝ ուր գնաս, պիտի խավար բերե՞ս, մի հատ ապտակեցի այդ խրտվիլակին այն ժամանակ։ Տնից տանելուց հետո հոսանքը էլի եկավ»,-Yerkir.am-ին պատմեց ՍԴ նախկին անդամը։

 Այն ժամանակ ինքը անձեռնմխելիություն ուներ և Դաշնակցության ամբողջ ղեկավար կազմն իրենց տանն էր հավաքվում։ Ժողովներն ու քննարկումները բաղնիքում էին անցկացնում․ լսել էին, որ սալիկները թույլ չեն տալիս գաղտնալսել խոսակցությունը։ Ու ընտանիքի անդամներն ամբողջ օրը զրկվում էին բաղնիք մտնելու հնարավորությունից։

«Այն, որ գաղտնալսում էին, միանշանակ է, որովհետև այն ժամանակ նույնիսկ կառավարական հեռախոս կար մեր տանը՝ կառավարական հեռախոսի գծից միացրել էին և երկու հեռախոսից էլ սկսել էին լսելը»,-պատմեց Կիմ Բալայանը։

Նա ծնունդով ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից է։ Այս օրերին Արցախը մաս-մաս թուրքին են տալիս ու Կիմ Բալայանը, շատերի նման, ուշքի չի գալիս։

«Ամբողջ կյանքս ապրեցի հանուն Ղարաբաղի ազատագրման, հիմա դուրս է գալիս, որ մեր ներքին ապաշնորհության պատճառով մենք պետք է Ղարաբաղը զիջենք թուրքերին»,-ասաց ՍԴ նախկին անդամը, որը հացադուլ է սկսել Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով։

80-ականներին, երբ շարժումն սկսեցին, Արցախի հետ անգամ ցամաքային կապ չկար, կապը միայն օդային էր, զենք հայթայթելը, տանել, տեղ հասցնելը բավականին ծանր էր, բայց թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական հաջողության հասան։ Այժմ ամեն ինչ «ջուրն ընկավ»։

«Տղաներս որ իմացան, որ հացադուլի եմ նստել, առաջին հարցն էն էր, թե՝ հանուն ինչի՞։ Ասացի՝ հանուն իմ ապրած կյանքի։ Այն ժամանակ, երբ շարժումն սկսվել էր մենք պայքարում էինք և՛ մեր սեփական իշխանության, և՛ ԽՍՀՄ իշխանության դեմ, չմոռանանք, որ ԽՍՀՄ ամբողջ զորքը Շարժման դեմ էր և կարողացանք արդյունքի հասնել այն ժամանակ»,-պատմեց Կիմ Բալայանը։

Նրա առաջին ելույթը Շարժման հրապարակում եղել է 1988 թ-ի փետրվարի 22-ին, երբ Քաղբյուրոն որոշում ընդունց մերժել ԼՂ ժողովրդական դեպուտատների խորհրդի որոշումը Հայաստանին վերամիավորվելու մասին։

«Ես այն ժամանակ ելույթ ունեցա և բացատրեցի, որ Սահմանադրության և Կոմկուսի կանոնադրության կոպիտ խախտումներ էին տեղի ունեցել, որովհետև հարցի լուծողը, հասցեատերը ոչ թե Քաղբյուրոն էր, այլ այն ժամանակ ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը, իսկ Կոմկուսը ղեկավար և ուղղություն տվող ուժ էր։ Հետևապես, Կոմկուսը կարող էր չերաշխավորել նման որոշման ընդունումը, բայց իրավունք չուներ փոխարինել ԳԽ-ին։ Հիմա այստեղ դուրս է գալիս, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է այս երկրի Սահմանադրությունը՝ ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում է։ Ոչ թե վարվում է այնպես, ինչպես Սահմանադրությամբ նախատեսված է, այլ վարվում է այնպես, ինչպես ցանկանում է»,-ասաց Կիմ Բալայանը։

Նա բացատրեց, որ ինքը ոչ թե կողմ է պատերազմին, այլ պետք էր հումանիտար զինադադար կիրառել, բայց փաստաթղթի մյուս կետերը միջազգային պայմանագրի նման պետք է անցնեին ՍԴ-ի հաստատմամբ ու վավերացվեին ԱԺ-ում, ինչը չի արվել։

Տարածքները, որոնք այժմ հանձնում ենք Ադրբեջանին, Արցախի ու Հայաստանի անվտանգության գոտին են, մինչդեռ այսօր ստացվում է՝ ադրբեջանական սահմանի վրա թուրքական զինվորը պիտի կանգնի, իսկ հայկական մասում ՝ ռուս զինվորը․ «Ա՛յ, ուր են հասցրել այս վիճակը, սա կործանիչ վիճակ է»։

Ինչո՞ւ է կործանիչ՝ իրավաբանը բացատրում է․ որովհետև տարածքները հանձնեցին ու ոտնահարեցին ամբողջ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության ամենատարրական իրավունքները։

«Բա այդ 7 գյուղերը, որ Աղդամի շրջանում հանձնեցին, այդ գյուղերի բնակիչներն ովքե՞ր էին, Քարվաճառի ամբողջ տարածքում ովքե՞ր էին բնակիչները․ Ադրբեջանի այլ տարածքներից հայ փախստականներն էին, չէ՞։ Հիմա այդ փախստականները կրկնակի անգամ փախստական դարձան։ Եվ առանց պետական որևիցէ հովանավորության այդ կարճ ժամանակում ով ինչ կարողացավ, հանեց»,-ասաց Կիմ Բալայանը։

Նա նշեց, որ Արցախը վաղուց ինքնորոշվել էր հանրաքվեով, ընդ որում, ԽՍՀՄ-ում գոյություն ունեցող օրենքների տառին համապատասխան արդեն ինքնորոշվել էր, պարզապես պետք էր ինքնորոշումը ճանաչել։

«Ամբողջ ցավն այն է, որ այս պատմությունը շատերը մոռանում են։ Չէ՞ որ 1990 թ-ին, երբ կազմավորվեց Հայաստանի առաջին Գերագույն Խորհուրդը, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի տարածքից ընտրված պատգամավորներ ունեինք։ Փաստորեն, Լեռնային Ղարաբաղը միացված էր Հայաստանի Հանրապետությանը։ Այդպիսի կոչով էլ Լեռնային Ղարաբաղը հանդես էր եկել։ Հետո Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական իշխանությունը խաբեությամբ բռնեց, նոր հանրաքվե արեց և, փաստորեն, Լեռնային Ղարաբաղը  դուրս եկավ Հայաստանի Հանրապետության կազմից։ Իմ կարծիքով, ամենամեծ սխալը հենց այդտեղ էր։ Այն ժամանակ Ղարաբաղը Հայաստանին միավորված էր, այդպես էլ պետք է շարունակեր մնալ»,-ասաց նա։

Կիմ Բալայանի համոզմամբ՝ ԼՂՀ անկախությունը Հայաստանի կողմից վաղուց պետք է կա՛մ ճանաչված լիներ, կա՛մ մնար միավորված Հայաստանին։

Արցախյան շարժումը սկսեց ժողովուրդը։ Սկսեց, երբ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին «հայ ժողովրդի պատմություն» առարկան հանել դասավանդման ծրագրից՝ պատմեց Կիմ Բալայանը։ Սա հայահալած քաղաքականության մաս էր, որ Ադրբեջանը իրականացնում էր ԼՂ-ում։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ հանրակրթական չափորոշիչներում կրճատեց հայագիտական առարկաները, որին հաջորդեց Արցախի հանձնումը Ադրբեջանին։ Կիմ Բալայանն արձանագրում է՝ ստացվում է, որ այն, ինչ Ադրբեջանը չկարողացավ անել Լեռնային Ղարաբաղում, այսօրվա Հայաստանում փորձեցին իրականություն դարձնել։

Աննա Բալյան