կարևոր
3670 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 19:15
Քաղաքական

Արցախյան պատերազմի հետևանքով մենք ունեցանք փայլուն հաղթանակներ, որոնք, մեղմ ասած, Տեր-Պետրոսյանի սրտով չէին․ Հրայր Կարապետյան

Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ուներ նախապատմություն, դա հասունացած հրաժարական էր և պատճառ էր նրա, որ 90-ական թվականներից սկսած Արցախյան պատերազմի հետևանքով մենք ունեցանք փայլուն հաղթանակներ, որոնք մեղմ ասած Տեր-Պետրոսյանի սրտով չէին։ Այս մասին ասաց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրայր Կարապետյանը։

«Երբ Լաչինը ազատագրվեց Տեր-Պետրոսյանի անվտանգության գժով խորհրդական Աշոտ Մանուչարյանը ինձ հրավիրեց նախագահական և առաջարկեց Լաչինը սարքել Քրդստան, ասենք որ քուրդերն են այնտեղ ապրում, մենք կապ չունենք դրա գրավման հետ և այլն, դրանով մենք կմեղմացնենք միջազգային ճնշումները։ Իհարկե Դաշնակցությունը չէր կարող նման առաջարկի համաձայնել, որովհետև Լաչինը ազատագրվել էր մեր ազգային ազատագրական պայքարի շնորհիվ, մեր տղաների թափած արյան շնորհիվ և բնական էր, որ մենք պետք է մերժեինք։ Հայտնի է, այն փաստը, որ ամեն մի շրջան գրավելուց հետո Տեր-Պետրոսյանը համոզում էր Արցախի իշխանություններին, որ սխալ եք արել, դա կզայրացնի միջազգային հանրությանը։ Դա դեմ էր ազգային-ազատագրական քայլերին, էլ չեմ ասում Շուշիի ազատագրումը, որ ինքը նույնիսկ Հայաստանում էլ չէր, երբ դա տեղի ունեցավ։ Նա Իրանում էր և ասում էր, թե ես տեղյակ չէի, դա Դաշնակցությունն է, Ղարաբաղյանն ուժերն են դա արել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ հիմա Հայաստանում կան պրոլևոնական կամ Լևոնի գիծը շարունակողներ, ովքեր ասում են, որ չէ, դա Լևոնն է ծրագրել, նա է ղեկավարել, բայց դա սուտ է․ «Բազմաթիվ փաստեր կան, որ դա հերքում են։ Որովհետև Լևոնի քաղաքականությունը բացարձակապես այլ էր, նա համարում էր, որ Արցախի ազատագրական պայքարը ապագա չունի։ Նա համարում էր, որ միևնույնն է պետք է Արցախը մնա այս կամ այն ձևով Ադրբեջանի կազմում։ Նա ոչ միայն ասում էր բանավոր, ճնշում էր գործադրում Արցախի իշխանությունների վրա ստորագրել այս կամ այն փաստաթուղթը։ Լիսաբոնում բանակցություններ տեղի ունեցավ, որի ժամանակ հայկական կողմը  շատ ծանր վիճակում էր։ Արթուր Մկրտչյանից հետո Արցախի իշխանություններին Գեորգի Պետրոսյանն էր ներկայացնում, որը նույնպես Դաշնակցության անդամ էր։ Անասելի ճնշում կար նրա վրա։ Այդ ժամանակ իհարկե,  ոչ բացահայտ, բայց նաև Ռոբերտ Քոչարյանն էր դիմադրում, իսկ այնուհետև այդ դիմադրությունը դարձավ բացահայտ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի կողմից, այլև այդ դիմադրությանը միացավ նաև Վազգեն Սարգսյանը։ Նա բանակում մեծ հեղինակություն ուներ և իր նկարագրով ազգային մարդ էր և համարում էր, որ մենք միայն ուժով կարող ենք Արցախի անվտանգության խնդիրը լուծել։ Իսկ այս ամենի զարգացման գագաթնակետը Լևոն Տեր-Պետրոսյանի` 97 թվականի հրապարակած հայտնի հոդվածն էր՝ «Պատերազմ, թե խաղաղություն», որտեղ ինքը բացահայտ ասում էր, որ այս ամենը սխալ է, որ եթե ուզում ենք խաղաղ ապրել՝ պետք է զիջենք, կամ «Լավ չես ապրելու Սերգո ջան, քանի Ղարաբաղի խնդիրը կա», կարծես թե Ղարաբաղում հայեր չեն ապրում»,- նշեց նա։

Հրայր Կարապետյանը պատմում է, որ կար հստակ տարբերություն ազգային քաղաքականությունից, և այդ անդունդը գնալով խորանում էր․ «Իհարկե այն ժամանակ ընդդիմությունը կարողացավ միավորել հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերին, որտեղ հիմնական դերակատարներից մեկն էլ Դաշնակցությունն էր։ Եվ ազգային դաշինքին հաջողվում էր մասսայական միջոցառումներ կազմակերպել։ Հսկայական շարժում ձևավորվեց ընդդեմ օրվա իշխանություններին, տեղի ունեցան 96 թվականի նախագահական ընտրությունները, որտեղ ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը հաղթեց որպես թեկնածու, իսկ նրա թիկունքում կանգած էր Դաշնակցությունը և էլի ընդդիմադիր կուսակցություններ։ Նույնիսկ Պարույր Հայրիկյանը միացավ այս շարժմանը։ Հաղթեց Վազգեն Մանուկյանը։ Տեր-Պետրոսյանը փորձել է շնորհավորել Վազգեն Մանուկյանին, բայց կողքի ՀՀՇ-ական մթնոլորտը ճնշում է գործադրել։ Եվ փաստորեն ընտրությունների արդյունքները կեղծվեց։ Այս ամենը կուտակվեց տարիների ընթացքում և չէր կարող իր վերջնական հանգուցալուծումը չունենար։ Այդ հանգուցալուծումն էլ Տեր-Պետրոսյանի հրաժարականն էր ու նրա ելույթը, որ խաղաղության ուժերը հեռանում են, գալիս են պատերազմի ուժերը։ Պատերազմի ուժեր ասելով նկատի ուներ այն ուժերին, ովքեր ղեկավարել էին ազգային-ազատագրական շարժումը, փրկել էին ցեղասպանությունից ամբողջ Արցախը և այնուհետև 30 տարի խաղաղություն էր Հայաստանում»,- ասաց նա։