Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի նիստում «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»` Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգ ներառվել է ձայների` 16 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ: Այս առնչությամբ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը համաձայն է այն տեսակետի հետ, որ ԵԽԽՎ-ում գործում է շատ ուժեղ ադրբեջանական լոբբի:
Նրա խոսքով`Ադրբեջանը վաղուց է հայտնի որպես խավիարային դիվանագիտություն իրականացնող: «Ադրբեջանցիները բավական շատ փող են ծախսում ԵԽԽՎ-ում` համապատասխան լոբբիստական կառույցներին, պատգամավորներին կաշառելու ուղղությամբ, բայց ես միշտ էլ ասել եմ, որ ԵԽԽՎ-ում կան նաև բազմաթիվ պատգամավորներ, ովքեր չեն կաշառվում, ովքեր հավատարիմ են եվրոպական դեմոկրատական հայացքներին, և պատգամավորների այդ բազմությունը բավականին ընդունված է: Այդ պատգամավորիների օգնությամբ հնարավոր է ադրբեջանական լոբբի դեմն առնել: Դրա համար պետք է լուրջ և նուրբ դիվանագիտություն վարել»,- ասաց Զուրաբյանը` հավելելով, որ քաղբանտարկյալների վերաբերյալ ամենաառանցքային քվեարկությունը ցույց տվեց` ընդամենը մեկ ձայնով երևաց, ով էր ադրբեջանական լոբբինգի հետևորդը:
«Մենք մի քանի անգամ իրականում կարողացել ենք հաջողության հասնել և ադրբեջանական լոբբինգի դեմ արդյունավետ պաքարել, բայց ամեն անգամ դա անելու համար մեր պատվիրակությունը պետք է երեք կարևոր բան անի: Նախ` պետք է ուղերձը ճիշտ լինի, մենք պետք է խոսենք այն լեզվով, որը եվրոպացիները հասկանում են: Ադրբեջանցիների ասածին շատ հաճախ պետք է չէ բուռն արձագանքել, եվրոպացիների հետ պետք է խոսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի լեզվով, խաղաղության լեզվով և այլն: Երկրորդը մարտավարությունն է, և շատ կարևոր է հասկանալ` ինչի կարող ես հասնել այնտեղ և ինչի չես կարող հասնել: Օրինակ` պետք է կենտրոնանալ զեկուցողի անձի վրա, ինչպես նաև վերնագիը փոխելու ուղղությամբ պայքարել: Երրորդը կոորդինացիայի խնդիրն է»,- ընդգծեց Զուրաբյանը:
Նրա կարծիքով`նախագահի աշխատակազմի, արտգործնախարարության պատվիրակության միջև կոորդինացիա պետք է լինի: «ԵԽԽՎ-ում գործում է պատասխանատվությունից խուսափելու, մեկը մյուսի վրա գցելու հոգեբանությունը` ԱԳՆ-ն գցում է պատվիրակության վրա, պատվիրակությունը գցում է ԱԳՆ-ի վրա, և չկա հստակ կոորդինացիա, որոշումների մեխանիզմ»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:
Դիտարկմանը, թե շրջանառվում է տեսակետ` ԵԽԽՎ-ում իրեն փոխարինել Նիկոլ Փաշինյանով, Զուրաբյանը պատասխանեց. «Մարդիկ կարող են շատ հիմարություններ ասել: Մարդիկ չգիտեն, որ ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում` ով է իր ներկայացուցիչը, իսկ իմ թեկնածությունը ՀԱԿ խմբակցությունում պարբերաբար զեկուցվում է, և որևէ դժգոհությոն չկա»:
Նրա խոսքով`միշտ էլ կգտնվեն անգլերեն, հայերեն ավելի լավ խոսող մարդիկ: «Կարելի է գտնել այնպիսի մարդկանց, ովքեր գոնե տիրապետում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ-ի փաստաթղթերին: Անգամ` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության փոփոխություններից հետո իմ ասած հարցերը չեն լուծվում: Ուղերձը, մարտավարութունը և ճիշտ կոորդինացումը բացակայում է: Պետք է ճիշտ մեսիջներ հասցվեն ճիշտ մարդկանց: Սխալ մտայնություն է` ինչքան շատ հայհոյես ադրբեջանցիներին, այնքան լավ ես պայքարում ԵԽԽՎ-ում: Սա անիմաստ, անարդյունավետ բան է: Մեր պատվիրակությունը պետք է իմանա, որ կարևորը ոչ թե ներքին լսարանի ծափահարություններն են, այլ բանաձևը, դրա համար մեկ-մեկ պետք է հրաժարվել ազգայնական, պրիմիտիվ գործունեությունից»,- ասաց պատգամավորը: