Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում էլեկտրականությունն արդեն վերականգնվել է՝ մեզ հետ զրույցում ասաց Կութի բնակիչ Ատոմ Ղարիբյանը։ Կրակոցներ այսօր կամ երեկ եղել են, թե ոչ, նա չկարողացավ ասել, քանի որ ուժեղ քամու պարագայում կրակոցների ձայնը պարզապես չի լսվում: Մեր զրուցակիցը պատմեց, որ հատկապես սեպտեմբերյան պատերազմից հետո գյուղացիների մի շրջանակ սկսել է մտածել գյուղից վերջնական հեռանալու մասին, քանի որ մինչ վերջին պատերազմական գործողությունները մարդիկ վտանգի սրության աստիճանն այնքան էլ չէին գիտակցում, իսկ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ իրենց մաշկի վրա զգացին պատերազմի բոլոր սարսափները։
Հիշեցնենք, որ Եվրամիությունից 40 դիտորդ է ժամանել հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո շփման գոտու վերածված բնակավայրերում մշտադիտարկում իրականացնելու համար, որպեսզի նախ պարզեն, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը եւ աջակցեն սահմանազատման աշխատանքների նախապատրաստմանը։ Կութ գյուղի բնակչից հետաքրքրվեցինք, թե արդյոք դիտորդներ այցելե՞լ են իրենց գյուղ։
«Մեր գյուղ էլ էին եկել, համայնքի ղեկավարի հետ, մարզպետի հետ եկան, այցելեցին, թե քանի հոգով էին՝ չեմ կարող ասել, շատ էին։ 3-4 մեքենա էին եկել, չեմ կարող ասել՝ որքանն էին դիտորդ։ Եկան, նայեցին դիրքերը, հեռավորությունը չափեցին՝ ադրբեջանցիների դիրքերից մինչեւ մեր գյուղի տարածք, մարդկանցից դիրքեր, սահմանից մինչեւ մեզ մոտ, չափեցին ու գնացին»,- ասաց Ատոմ Ղարիբյանը։ Նա հավելեց՝ գյուղի բնակիչները հույս ունեն, որ Եվրամիության դիտորդների առաքելությունը դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի զինուժի կողմից կիրառվող ագրեսիվ ռազմական գործողությունների վրա։ «Հույսը վերջինն է մեռնում»,- եզրափակեց Կութի բնակիչը։
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ղեկավար Արտյոմ Երանոսյանն էլ տեղեկացրեց, որ երեկ իրենց կողմերում հանդարտ է եղել՝ կրակոցներ չեն հնչել։ Ինչ վերաբերում է Եվրամիության դիտորդների այցելությանը, Երանոսյանն ասաց․ «Ես չեմ տեսել»։
44-օրյա պատերազմից հետո շփման գոտում հայտնված նույն մարզի Սոթք վարչական շրջանում եւս համեմատաբար հանգիստ է եղել՝ մեզ տեղեկացրեց Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանը։ Անդրադառնալով Եվրամիության դիտորդների այցելությանը՝ Խաչատրյանն ասաց, որ զբաղված է եղել գյուղի համար կենսական հարցերով եւ անմիջականորեն ներկա չի եղել դիտորդների կողմից տարվող աշխատանքներին․ «Իրենց ուղեկցել է համայնքի ղեկավարը, իրենց աշխատանքն արել են՝ գնացել են»։
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի նախկին ղեկավար Վարո Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ գյուղ դիտորդներ չեն այցելել։ Հիշեցնենք, որ Խոզնավար վարչական շրջանի բնակելի տներից ադրբեջանական դիրքերն ընդամենը 500-600 մետր հեռավորության վրա են։
Ինչ վերաբերում է Կապան համայնքի Ներքին Հանդ վարչական շրջանին, ապա բնակավայրի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ինքն անմիջական ներկա չի եղել, սակայն տեղյակ է, որ Եվրամիության դիտորդները գյուղի հարակից բարձունքներից դիտարկել են ադրբեջանցիների դիրքերը։ «Երեկ լսել եմ, որ Ծավ գյուղ են գնացել՝ այլ բան չգիտեմ, բայց գյուղ չեն մտել»,- տեղեկացրեց Բաղդասարյանը։
Ներքին Հանդի բնակիչներից մեկը տեղեկացրեց, որ երեկ թշնամու զինվորականները երեք անգամ կարճ կրակահերթ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ 44-օրյա եւ սեպտեմբերի եռօրյա պատերազմներից հետո Ներքին Հանդը չորս կողմից հայտնվել է շրջափակման մեջ, իսկ արդեն մեկ ամիս է, ինչ համայնքը չունի խմելու ջուր։ «Ոռոգման ջուր ունենք, բայց ծրագիր են մշակել, որ ընդհանուր ցանցով խմելու ջուր բերեն։ Խմելու ջուրը մնալու է ադրբեջանցիների հայեցողության տակ, երեւի նրանք անջատել են վերեւից ջուրը, մեր ժողովուրդն էլ վախենում էր, որ թշնամին կարող է թունավորել ջուրը, մոտ մեկ ամիս կլինի՝ խմելու ջուրը չկա։ Կա՛մ մերոնք են փակել, կա՛մ էլ հենց ադրբեջանցիները։ Վարչապետի տեղակալը երբ այցելեց մեր գյուղ՝ մեր քաղաքապետի հետ, ասացին, որ ծրագիրը կա, մշակելու են, որ մեզ խմելու ջուր հասցնեն»,- տեղեկացրեց Ներքին Հանդի բնակիչը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։