կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-22 15:40
Քաղաքական

Արցախի Հանրապետության անկախության հռչակման իրավաքաղաքական հենքը

Արցախի Հանրապետության անկախության հռչակման իրավաքաղաքական հենքը

Արցախի Հանրապետության դեմ 2020 թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի և դրան ուղեկցող պատերազմական հանցագործությունների խորապատկերին ցանկանում ենք ուշադրություն հրավիրել Արցախի Հանրապետության անկախության հռչակման և դրա իրացման գործընթացի իրավաքաղաքական հիմնավորումների վրա՝ մեկ անգամ ևս ցուցելով միջազգային իրավունքի տեսանկյունից այդ գործընթացի անթերի լինելը։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը

ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկիի 1975թ. եզրափակիչ ակտով և ԽՍՀՄ Սահմանադրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությունը մարզային իշխանության միջոցով 1988 թ. սկսեց ինքնորոշման իրավունքի իրացման իրավաքաղաքական գործընթաց, որը 1988 թ. փետրվարի 20-ին վերաճեց ինքնավար մարզի մարզխորհրդի՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու և այդ հարցով ինչպես կենտրոնական, այնպես էլ Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ խորհրդարաններին դիմելու մասին որոշմանը: Հայաստանի խորհրդարանն ընդունեց, իսկ Ադրբեջանինը մերժեց ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումը: Մոսկովյան կենտրոնական իշխանությունը հարցի լուծում համարեց Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական իշխանությունների տիրույթից դուրս բերելն ու ուղղակիորեն Մոսկվային ենթարկելը, ինչի վերաբերյալ որոշումը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը կայացրեց 1989 թ. հունվարի 12-ին:

Ստեղծված նոր իրավիճակից իրավական ելք տրամադրեց 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միությունից միութենական հանրապետության դուրս գալուն վերաբերող հարցերի լուծման կարգի մասին օրենքը: Համաձայն սույն օրենքի երրորդ կետի՝ ինքնավար կազմավորումները, որոնք միութենական հանրապետությունների մաս էին, վերջիններիս՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու դեպքում անկախ էին իրենց հետագա ճակատագրի որոշման հարցում:

Ադրբեջանն իր անկախությունը հռչակեց 1991թ. օգոստոսի 30-ին, Լեռնային Ղարաբաղը՝ սեպտեմբերի 2-ին եւ չմասնակցեց Հայաստանի՝ սեպտեմբերի 21-ին կայացած անկախության հանրաքվեին՝ այդպես բացառելով անկախացման գործընթացի իրավական խոցելիությունը: Այդ գործընթացի իրավական փուլն ավարտվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ: Համաձայն Խորհրդային Միությունից միութենական հանրապետության դուրս գալուն վերաբերող հարցերի լուծման կարգի մասին վերը հիշատակված օրենքի՝ անկախության հանրաքվեն նախապայմանային նշանակություն ուներ, որն Արցախն անցկացրեց Ադրբեջանից վաղ: Ադրբեջանում անկախության հանրաքվե անցկացվեց դեկտեմբերի 15-ին: Ըստ այդմ՝ Խորհրդային Միության կազմալուծման պահին նախկին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում, միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին համապատասխան, ձևավորվել էին անկախ և իրավահավասար երկու սուբյեկտներ՝ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը:

Վերոնշյալ գործընթացին ադրբեջանական իշխանություններն արձագանքեցին էթնիկ զտումներով, ապա նաև 1992 թ. լայնամասշտաբ ռազմական գործողություններով, որոնք ուղեկցվում էին էթնիկ զտումներով, քաղաքացիական բնակչության ռմբահարումներով և այլն, որոնք ամբողջությամբ ընդգրկվում են ագրեսիայի մասին միջազգային իրավական սահմանումների շրջանակներում։

Ագրեսիայի ակտը

Միջազգային իրավունքը ժողովրդի, ինքնորոշվող կամ ինքնորոշված սուբյեկտի դեմ ագրեսիան որպես այդպիսին սահմանելը ենթակայորեն չի կապում սուբյեկտի միջազգային իրավաքաղաքական կարգավիճակի հետ: Մասնավորապես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 1974 թ. դեկտեմբերի 14-ի թիվ 3314 բանաձևով հաստատել է ագրեսիայի ակտի սահմանումը: Ըստ այդ սահմանման՝ ագրեսիա է համարվում մի պետության կողմից ուժի կիրառումը ընդդեմ երկրորդ պետության սուվերենության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության: Բանաձևի առաջին հոդվածը սահմանում է պետությունների հանձնառությունը՝ բացառելու ուժի կիրառումը ժողովուրդներին ինքնորոշման իրավունքից, ազատությունից և անկախությունից զրկելու նպատակով:

Հատկանշական է, որ ըստ բանաձևի առաջին հոդվածի ծանոթագրության՝ «պետություն» եզրույթը կիրառելի է նաև այն սուբյեկտների դեպքում, որոնք միջազգայնորեն ճանաչված չեն: Այդ սահմանումից միանշանակորեն բխում է, որ միջազգայնորեն չճանաչված և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների իրականացումը ագրեսիա է:

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցությունը միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերում

Միջազգային իրավունքը շոշափելի դարձնող հիմնարար փաստաթղթերը, հատկապես ՄԱԿ-ի կանոնադրությունն ու ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտը, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը երբեք չեն հակադրում ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքի հարգումն ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության հենց առաջին հոդվածում, որում թվարկվում են ՄԱԿ-ի նպատակները: Նույն կանոնադրության 2-րդ հոդվածը սկսվում է նախաբանով, ըստ որի՝ կազմակերպության անդամ պետությունները, հետամուտ լինելով առաջին հոդվածում թվարկված դրույթներին, պետք է գործեն կոնկրետ սկզբունքների համաձայն, այդ թվում նաև ձեռնպահ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ՄԱԿ-ի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:

Այսպիսով՝ տարածքային ամբողջականությունը՝ որպես սկզբունք, չի կարող հակադրվել ժողովուրդների իրավահավասարության կամ ինքնորոշման իրավունքին, որի իրացումը ՄԱԿ-ի նպատակներից է, ավելին՝ եթե նույնիսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը պատճառ է դառնում պետությունների տարածքային փոփոխությունների, ապա դա չի կարող դիտվել որպես տարածքային ամբողջականության խախտում՝ համաձայն այն մասով, որով պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը երաշխավորված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ: Այլ կերպ ասած՝ սկզբունքը չի կարող հակադրվել նպատակին։

Հատկանշական է, որ ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ ձևակերպումները, բխելով ՄԱԿ-ի կանոնադրությունից, ամբողջությամբ համահունչ են ՄԱԿ-ի շրջանակներում մշակված 1966թ. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագրին» ու նույն թվականի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային համաձայնագրին», ինչպես նաև 1970թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 2625 (XXV) բանաձևով հաստատված՝ միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրին:

Հարցի նախադեպայնությունը

Ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության իրավունքի հակադրման ու տարբեր հակամարտությունների օրինակները բազմաթիվ են ու բազմազան, սակայն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման առումով թերևս զուգահեռներ անցկացնենք Կոսովոյի խնդրի հետ և հպանցիկ դիտարկենք Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2010 թ. հուլիսի 22-ի որոշումը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցության վերաբերյալ:
Համաձայն ԱՄԴ որոշման՝ միակողմանիորեն անկախության հռչակումը միջազգային իրավունքում որևէ կերպ արգելված չէ, և տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է բացառապես միջպետական հարաբերություններին:

Հանուն անկախության և ինքնորոշման իրավունքի իրացման աշխարհում ծայր առած գործընթացները ոչ միայն անկասելի են, այլև վիթխարի արդյունքներ են գրանցել: Այսպես՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների թիվը 1945 թվականից առ այսօր աճել է 3,5 անգամ՝ 55-ից դառնալով 193: Դրանց թվում են նորանկախ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Էրիթրեան (1993 թ.), Արևելյան Թիմորը (2002 թ.), Չեռնոգորիան (2006 թ.), Հարավային Սուդանը (2011 թ.) և այլն:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման գործընթացը նախորդ տարիների ընթացքում դրսևորվել է երեք հիմնական հարթություններում՝ ապակենտրոն ճանաչման, ապակենտրոն համագործակցության և միջխորհրդարանական հարաբերությունների։ Դրանք կատարված հսկայական աշխատանքի արդյունք են, որոնք թեև վերջնարդյունքում չեն հանգեցրել Արցախի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուվերեն սուբյեկտի ճանաչման, այնուամենայնիվ, դրա համար խիստ անհրաժեշտ հենք են նախապատրաստել։ Այսօր էլ պատերազմական իրավիճակի և Արցախի բնակչության իրավունքների զանգվածային խախտումների խորապատկերին Արցախի անկախության ճանաչումը դառնում է կենսական-անվտանգային նշանակության կանխարգելիչ գործոն։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի միջազգային հարաբերությունների շրջանակը շեշտակի զարգացում է ապրել. առկա միտումը ոգևորիչ է։
ԱՀ միջազգային ճանաչման և արտաքին հարաբերությունների մասին առավել մանրամասն խոսել ենք «Դրօշակ»-ի նախորդ՝ 2020/09 համարում հրապարակված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը» հոդվածում։

Գևորգ Ղուկասյան

«Դրօշակ», թիվ 11 (1645), նոյեմբեր, 2020 թ.