Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախությունից ի վեր Հարավային Կովկասում անվտանգային միջավայրի ձևավորման, արտաքին մարտահրավերների կանխարգելման, ռազմաքաղաքական, տնտեսական անվտանգության, խաղաղության և կայունության ապահովման հարցերում Հայաստանն առավելապես դրսևորել է արտաքին քաղաքական ռուսական կողմնորոշում (ԵԱՏՄ, ՀԱՊԿ):
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև զարգացել են երկկողմ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, որոնց առանցքում առկա իրավապայմանագրային դաշտը (ռազմավարական նշանակության պայմանագրերն ու համաձայնագրերը) , համագործակցությունը առևտրատնտեսական, պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում, էներգակիրների (բնական գազ, միջուկային վառելիք, վերամշակված նավթային արտադրանք) ձեռքբերումը առանցքային գործոններ են ՀՀ անվտանգության ապահովման գործում:
Դեռևս 2013 թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ՀՀ-ՌԴ նախագահները հաստատում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ :
Հայաստանի Հանրապետության` ՄՄ-ին (Մաքսային միություն) և ՄՏՏ-ին (Միասնական տնտեսական տարածք) միանալու որոշումը ողջունվում է Մինսկի բարձրագույն խորհրդում 2013 թ. հոկտեմբերին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստորագրվում է հուշագիր փոխգործակցության խորացման վերաբերյալ, ձևավորվում է աշխատանքային խումբ, և մշակվում «ճանապարհային քարտեզի» նախագիծ: 2013 թ. դեկտեմբերին այդ փաստաթուղթը հաստատվում է Բարձրագույն խորհրդի կողմից, ըստ որի՝ 2014 թ. Հայաստանը կարող էր մտնել ՄՄ և ԵՏՄ (Եվրասիական տնտեսական միություն):
Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը՝ մի կողմից, և Հայաստանի Հանրապետությունը՝ մյուս կողմից (այսուհետ` Կողմեր), 2014 թ. հոկտեմբերի 10-ին Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում ստորագրեցին Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու պայմանագիրը :
Պայմանագիրն ստորագրող կողմերն առաջնորդվել են եվրասիական ինտեգրման գործընթացին ՀՀ մասնակցության վերաբերյալ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ղեկավարների կողմից 2013 թ. հոկտեմբերի 24-ին արված հայտարարությամբ: Հաշվի է առնվել այն, որ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքը հանդիսացող միջազգային պայմանագրերը դարձել են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի հիմքը և փաստում են նշված միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները կատարելու ՀՀ պատրաստակամությունը: Կողմերը հաշվի են առել նաև Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու համար Հայաստանի Հանրապետության կողմից անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:
Համաձայն 1-ին հոդվածի` ՀՀ-ն միանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին, ինչպես նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքի ձևավորման շրջանակներում կնքված ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի` սույն պայմանագրի 1-ին հավելվածով սահմանված ցանկին համապատասխան, և սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ։
Հավելենք, որ սույն պայմանագրի 1-ին հավելվածում ներկայացվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի ցանկը, որոնց միանում է Հայաստանի Հանրապետությունը: Այս առումով կարևորվում է 1-ին հավելվածի 18-րդ կետը` «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թ. հունիսի 18-ի համաձայնագիրը: Այդ համաձայնագրով նախատեսվում էր ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում «Սյունիք» ազատ տնտեսական գոտու ստեղծում :
Եթե մինչև սույն պայմանագրի ուժի մեջ մտնելը ստորագրվի կամ ուժի մեջ մտնի Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև կնքված` Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի գործունեությանն առնչվող հարցերով միջազգային պայմանագիր, որի մասին նշված չէ սույն պայմանագրի 1-ին հավելվածում, ապա ՀՀ-ն ստանձնում է առանձին արձանագրությամբ այդ միջազգային պայմանագրին միանալու պարտավորություն` վերջինիս ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, սակայն ոչ շուտ, քան սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելը:
Սա վկայում է ԵԱՏՄ-ի բաց լինելու մասին, ինչն էլ անդամ երկրների համար ապահովում է հնարավորություններ՝ ինքնուրույն զարգացնելու արտաքին տնտեսական փոխշահավետ հարաբերություններ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների հետ:
Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով Եվրասիական միությանը, միաժամանակ զարգացնում է հարաբերությունները Եվրամիության հետ նոր ձևաչափով (2017 թ. նոյեմբերի 24, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ):
Համաձայն 2-րդ հոդվածի` սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ԵԱՏՄ մարմինների ակտերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, որոնք գործադրվելու են սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, ենթակա են կիրառման ՀՀ տարածքում` հաշվի առնելով սույն պայմանագրի 3-րդ հավելվածով սահմանված դրույթները:
ՀՀ անվտանգության, հատկապես ռազմական անվտանգության երաշխավորման ու ռազմական ներուժի զարգացման, ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից առանձնակի կարևորություն ունեն 3-րդ հավելվածի 44-րդ կետի 1-ին և 3-րդ դրույթները:
Համաձայն 1-ին դրույթի՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ներմուծման մաքսատուրքերից ազատվում են ռազմական նշանակության ապրանքները, որոնք ՀՀ 2015-2022 թթ. ներմուծվել են ՀՀ զինված ուժերի կարիքների բավարարման համար և չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություններում: Համաձայն 3-րդ դրույթի՝ սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ներմուծման մաքսատուրքերից ազատվում են այն ապրանքները, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և արդիականացման ու երաշխիքային ժամկետում շահագործման նպատակներով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թ. մարտի 19-ի թիվ 9 որոշմամբ հաստատված` երաշխիքային ժամկետում ատոմային էլեկտրակայանի շինարարության և դրա շահագործման նպատակներով Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկին համապատասխան:
Հայաստանի համար ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման հսկողության, անվտանգության պահպանման առումով առանձնապես կարևոր են 5-րդ հավելվածի 4-րդ և 8-րդ կետերի դրույթները (ՀՀ ներկայիս իրավիճակով պայմանավորված):
Համաձայն 4-րդ դրույթի՝ օտարերկրյա պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքից դեպի Միության մաքսային տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների տեղափոխումն իրականացվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի համաձայն` հաշվի առնելով սույն արձանագրությամբ սահմանված առանձնահատկությունները:
Համաձայն 8-րդ դրույթի՝ օտարերկրյա պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքից դեպի Միության մաքսային տարածք ապրանքների տեղափոխման նկատմամբ հսկողությունն իրականացվում է անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական փոխգործակցության տեխնոլոգիայի կիրառմամբ:
Համաձայն 5-րդ հոդվածի` սույն պայմանագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման առումով ծագած վեճերը կարգավորվում են ըստ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածի, այն է` խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով։
Համաձայն ԵԱՏՄ պայմանագրի 112-րդ հոդվածի` խորհրդակցությունների ու բանակցությունների անցկացման վերաբերյալ վեճի մի կողմից մյուս կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում, եթե Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտով (սույն պայմանագրի 2-րդ հավելված) այլ ժամկետ նախատեսված չէ, վեճի կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ հարցը հանձնել ԵՏՄ դատարանի քննությանը, եթե հարցի կարգավորման եղանակների վերաբերյալ կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել ։
Համաձայն 6-րդ հոդվածի` սույն պայմանագիրը դառնում է ԵԱՏՄ իրավունքի մաս, ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի` Կողմերի կողմից կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի` դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվա հաջորդ օրը:
Սույն պայմանագրի բնօրինակը (կազմված է մեկ օրինակից ռուսերենով) պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (Մոսկվա), որը` որպես սույն պայմանագրի ավանդապահ, կողմերից յուրաքանչյուրին ուղարկում է դրա հաստատված պատճենը:
Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին միանալու պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 2-ին :
2015 թ. Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի կողմից որոշվել են մինչև 2030 թվականը ԵԱՏՄ տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները, սահմանվել են զարգացման գերակայությունները , համաձայն որոնց՝ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին նախատեսում է էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորում՝ նվազեցնելով ՀՀ-ի համար էներգետիկ ռեսուրսների արժեքը: Սա հնարավորություն է ՀՀ էլեկտրաէներգետիկ ընկերությունների համար մրցունակ մասնակիցներ դառնալու ԵԱՏՄ ընդհանուր շուկայում և իրացնելու տարանցման ու արտահանման ոլորտներում եղած ներուժը:
ԵԱՏՄ շուկաներ և երրորդ երկրներ արտահանման ծավալների աճ, արտաքին առևտրի քաղաքականության հետևողականություն, մասնավորապես՝ արտաքին առևտրի ընդլայնում, հայրենական արտադրողների պաշտպանություն, տրանսպորտային ուղիների ապաշրջափակում և տրանսպորտային համակարգի բարելավում:
Հայաստանի համար առավել կարևոր և անհետաձգելի խնդիրներ են տրանսպորտային համակարգի դիվերսիֆիկացումը, ենթակառուցվածքների կատարելագործումը, ինչը թույլ է տալիս ինտեգրվել տարածաշրջանային առևտրին (ազատ տնտեսական գոտու ստեղծում): Այս համատեքստում բացառիկ նշանակություն է ձեռք բերում ՌԴ-ի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը: Այդ առումով կարևոր է ՀՀ-ԵԱՏՄ շրջանակներում երկու խոշոր նախագծերի իրականացումը՝ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը և Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը:
ՀՀ-ի համար առևտրատնտեսական հարաբերությունների սերտացումը Իրանի և տարածաշրջանի այլ երկրների հետ նշանակում է օտարերկրյա ներդրումների ձեռքբերում, աշխատատեղերի ստեղծում, բարձր տեխնոլոգիական արտադրանքի տեսակարար կշռի աճ, ընդգծում է ՀՀ-ի դերը որպես կամուրջ ԵԱՏՄ-ի և Վրաստանի և, որ ամենակարևորն է, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև: ԵԱՏՄ երկրների համար սա նաև Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի և մի շարք այլ պետությունների շուկաներ մուտք գործելու հնարավորության պատուհան է: Սա Հայաստանի համար ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային տնտեսական ինտեգրացիայի ռազմավարական կարևորագույն ուղղություն է: Այսինքն՝ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ միջազգային ինտեգրացիոն միավորմանը հնարավորություն է ՀՀ բազմավեկտոր արտաքին առևտրի քաղաքականության իրականացման, առաջին հերթին` ԵՄ-ի, Իրանի և հարևան այլ երկրների հետ: Սա բխում է Հայաստանի ազգային և պետական շահերից, բարձրացնում ՀՀ անվտանգությունը:
2020 թ. արցախյան պատերազմի հետևանքները կասեցրին վերոնշյալ նպատակային ծրագրերի իրագործումը, փոխվեց ռազմաքաղաքական հավասարակշռությունըը Հարավային Կովկասում: Տարածաշրջանը հայտնվեց աշխարհաքաղաքական նոր վերաձևումների հորձանուտում:
Հայաստանի իշխանությունների պարտվողական քաղաքականությունը հանգեցրեց Արցախի և Հայաստանի հողերի, ռազմավարական ճանապարհների կորստյան, հայ-իրանական հարաբերությունների վատթարացման (Գորիս-Կապան ճանապարհի մի մասի հանձնումը թշնամուն, ադրբեջանական մաքսակետի տեղադրումը), հայ-ռուսական հարաբերությունների անկայունության (ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունում ռուսական գործոնի կարևորությունը լիարժեքորեն հաշվի չի առնվել):
Թուրք-ադրբեջանական սպառնալիքը ենթադրում է նոր մարտահրավերներ ԵԱՏՄ անդամ երկիր Հայաստանի Հանրապետության համար:
Թուրքիայի առաջնորդությամբ Թուրքալեզու ազգերի միության (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան) կողմից պարբերաբար բարձրացվում է եվրասիական տարածաշրջանում տնտեսական ինտեգրացիայի նոր միավորում, ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը:
Նշենք, որ Թուրքալեզու ազգերի միությունը 2009 թ. Նախիջևանում հիմնված «Թյուրքական խորհուրդ» միջազգային կազմակերպությունն է, որի առանցքային նպատակը թուրքալեզու ազգերի միավորումն է, համաթուրանական բանակի կազմավորումը : Սա ենթադրում է անվտանգության լրջագույն խնդիրներ ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար:
Ռուսաստանի Դաշնության համար Հարավային Կովկասը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջան է: Արտաքին բախումների հնարավորությունը գիտակցելով, առաջնորդվելով աշխարհաքաղաքական սեփական շահերով` Ռուսաստանը վարում է ակտիվ քաղաքականություն տարածաշրջանում (ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական հարաբերություններ), ամրապնդում իր քաղաքական ներկայությունը, մյուս կողմից՝ ապահովում սեփական անվտանգությունը: Այդ առումով Հարավային Կովկասում ռազմաքաղաքական տեսանկյունից որպես ռազմավարական դաշնակից ՌԴ-ի համար կարևորվում է Հայաստանը:
Կարծում եմ, Արեւմուտք -Ռուսաստան հակամարտության առանցքում խորացող թուրք-ադրբեջանաուկրաինական համագործակցությունը կնպաստի ռուսաստանին հստակեցնել հարաբերությունները արտաքին գործընկերների հետ՝ այդ առանցքում ունենք ընդհանուր շահեր։
Այսպիսով, ՀՀ աշխարհաքաղաքական առանձնահատկություններով պայմանավորված, Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական ներկայիս անկայուն դրությունը թելադրում է լրջորեն գնահատել հայ-ռուսական հարաբերությունները, ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը ռազմավարական գործընկերոջ հետ՝ լուծելով ՀՀ թե՛ ռազմական (ՀԱՊԿ), թե՛ տնտեսական (ԵԱՏՄ) անվտանգության մի շարք խնդիրներ, շարունակել ինտեգրացիոն գործընթացը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
Արփի Աբրահամյան