կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-01 16:15
Հասարակություն

Կայացել է Արցախի խորհրդարանի հատուկ նիստը՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման 30-ամյակին

Կայացել է Արցախի խորհրդարանի հատուկ նիստը՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման 30-ամյակին

Սեպտեմբերի 1-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ, հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման հոբելյանական 30-ամյակին։

Նիստին ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը՝ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ:

Մեկ րոպե լռությամբ հարգելով արցախյան 3 պատերազմների նահատակների հիշատակը ՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ նիստի անցկացման հիմքում ունեցել են հենց նահատակների պատվիրանները: 

 «Արցախահայության՝ դարերի խորքից եկած ազգային-ազատագրական պայքարի ու մաքառումների հանգրվանը 1988թ. նոր թափ ստացած արցախյան շարժումն էր և հետագայում՝ ուղիղ 30 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պետականության հռչակումը: 

 Մեր ժողովրդի պատմության շրջադարձային այդ օրը հավաստիացում էր և΄ խորհրդային իշխանություններին, և΄ համայն քաղաքակիրթ աշխարհին, որ արցախցու՝ իր հայրենիքում ապրելու, հարատևելու կամքն անբեկանելի է, լուսավոր ապագայի կերտումը՝ անկասելի:

 Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը իր ծանր հետևանքներով լրջագույն մարտահրավեր հանդիսացավ մեր ինքնության ու լինելիության, պետականակերտման շարունակականության գործում»,- իր ելույթում ընդգծել է Արթուր Թովմասյանը, ապա հավելել ․

«Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած 2016 թվականի ապրիլյան և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ուժերի ներգրավմամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմները վերահաստատեցին «Արցախն առանց հայերի»՝ նրանց անթաքույց ու հեռագնա նենգ մտադրությունները: Ու այս ամենից հետո բանակցային գործընթացներում Ադրբեջանի կազմում ինչ-որ տեսակի կարգավիճակ տրամադրելու խնդրահարույց հարց ներառելը չի տեղավորվում ոչ մի առողջ բանականության մեջ: Չնայած հակամարտող կողմերի միջև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տրամագծորեն հակառակ դիրքորոշումներին՝ մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն միտված պատշաճ միջավայրի հաստատմանը»:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Անկախությունը միայն հռչակագիր չէ, միայն Սահմանադրություն չէ, այն առաջին հերթին անկախ ապրելու արժանապատվություն է», - ասել է Արցախի հոգևոր առաջնորդը՝ շեշտելով, որ ժողովուրդը գիտակցաբար է ընտրել այդ ուղին ու բարձր գին է վճարել դրա համար:

«Արցախի հարցը դեռ լուծված չէ, բազմաթիվ հայորդիներ գտնվում են անհայտության մեջ, մեր տնտեսական ,արդյունաբերական զորությունը տկարացել է, և ոչինչ այնպես չէ, ինչպես որ մենք կուզեինք: Բայց մենք է, որ ամեն բան պետք է անենք այս վիճակը փոխելու համար»,-ասել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսք է ուղղել արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

«Այս տոնը, առաջին հերթին զոհված հայորդինների տոնն է, ում կյանքի շնորհիվ հայրենիք ունենք: Հանուն նրանց հիշատակի բոլորս պարտավոր ենք ուժեղացնել Արցախը, ինչը կնշանակի զորացնել Հայաստանը»,-ասել է նա:

Դավիթ Բաբայանն անդրադարձել է առկա մարտահրավերներին՝ ընդգծելով, որ Արցախը պահելու բոլոր հնարավորություններն ունենք:

«Միայն պետք է ինքներս մեզ հաղթենք, չի կարող լինել էֆեկտիվ արտաքին քաղաքականություն, եթե խարխլված են արժեհամակարգերը»,-ասել է Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով, որ Արցախակենտրոնացումը պիտի դառնա հայության առաջնահերթությունը:

Հանրապետության օրվա առիթով արցախցիներին շնորհավորել են Հայաստանից ժամանած հյուրերը: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փոխանցել է Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի բարեմաղթանքները :

Անդրադառնալով անկախության հռչակագրին՝ Ռուբեն Ռուբինյանը այն բնութագրել է որպես Արցախի հայերի գոյության պահպանման միակ ձև: Ադրբեջանի հայակործան քաղաքականությունը շարունակվում է մինչ այսօր:

«Արցախի 30-ամյակը նշում ենք ծանր պատերազմից հետո, ժողովուրդը սգավոր է, հայրենիքի մի մասը՝ կորսված, ինչը, սակայն, չպիտի խամրեցնի օրվա խորհուրդը: Սա արցախցու կամքի 30-ամյակն է, սեփական իրավունքը իրացնելու 30-ամյակը: Հավերժ փառք բոլոր նրանց, ում շնորհիվ իրացվեց այդ իրավունքը»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը արցախցիների 30 տարի կայացրած որոշումն իմաստուն է որակել, այն համարել Արցախը հայկական պահելու միակ ճանապարհը:

«Կարևոր է, որ նշենք այս օրը: Սա ուղերձ է մեր հարևաններին. հայի կամքը անկոտրում է, անկախ վայրիվերումներից՝ մենք կարողանում ենք վերագտնել մեզ ու հաղթահարել փորձությունները: Մենք միասնական համակարգի մեջ ենք: Հայաստանի անվտանգությունը շաղկապված է Արցախին: Շատ քիչ ժամանակ ունենք ճիշտ գնահատելու ստեղծված իրավիճակը ու վերականգնելու կորցրածը»,-ասել է Ռուստամյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը նույն գաղափարն էր արտահայտում:

«Արցախում է վճռվել, վճռվում ու վճռվելու մեր ժողովրդի ապագան: Բզկտված, բայց կենսունակ Արցախը վերակառուցելու է իրեն ու հզորանալու է: Ուժ ու ջանք չենք խնայելու միջազգային ատյաններում Արցախի ինքնորոշման իրավունքի, բռնազավթած տարածքների դեօկուպացիայի մասին բարձրաձայնելու համար», ասել է նա: