Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 21-ին BBC–ն հայտնեց, որ շվեդ հայտնի բնապահպան-ակտիվիստ Գրետա Թունբերգը նոր մարդասիրական մրցանակի է արժանացել՝ 1 միլիոն եվրո արժողությամբ: «Դասադուլ՝ կլիմայի համար» արշավի 17-ամյա հիմնադիր Գրետան շահել էր «Գյուլբենկյան» հիմնադրամի մարդասիրական առաջին մրցանակը: Ժյուրիի անդամները բնութագրել են նրան որպես «մեր օրերի առավել ուշագրավ դեմքերից մեկը»: Իր հերթին, Թունբերգը նշել էր, որ որպես մրցանակ ստացած գումարը կտրամադրի բարեգործական ծրագրերի, որոնք պայքարում են «կլիմայի և էկոլոգիական ճգնաժամի դեմ»: Նա նաև ասել էր. «Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ «Գյուլբենկյան» մարդասիրական մրցանակին»:
Հիշեցնենք, որ, ավարտելով միջնակարգ դպրոցը, Գրետա Թունբերգը ճանապարհորդեց՝ նավարկելով Ատլանտյան օվկիանոսով, որպեսզի ուշադրություն հրավիրի ինքնաթիռների շահագործման արդյունքում ածխածնի արտանետումների բացասական հետևանքների թեմային: Նա 2019 թվականին Time Magazine-ի «Տարվա մարդ» հռչակվելուն պես երկու անգամ առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի նախագահ Իզաբել Մոտան Գրետա Թունբերգին 1 միլիոն եվրո մարդասիրական մրցանակի արժանացնելու առնչությամբ 2020 թ. հուլիսի 20-ին հայտարարել էր. «Այս մրցանակը շնորհելով` հիմնադրամը կարևորում է իր նվիրվածությունը կլիմային վերաբերող հրատապ գործողություններին` խթան հանդիսանալով այն համայնքների համար, որոնք ավելի դիմացկուն են և ավելի լավ պատրաստված ապագա գլոբալ փոփոխություններին, միևնույն ժամանակ պաշտպանելով, մասնավորապես, ամենախոցելին»:
Ժյուրիի նախագահ Խորխե Սամպայուն շեշտադրել է այս ընտրության լայն կոնսենսուսը և նշել, որ «այն եղանակը, որով Գրետա Թունբերգը կարողացավ մոբիլիզացնել երիտասարդ սերունդներին կլիմայի փոփոխության դեմ պայքարում, նրան դարձնում է մեր օրերի առավել ուշագրավ դեմքերից մեկը»:
Օրեր առաջ էլ, օգոստոսի 24-ին, 17-ամյա աղջիկը գրառում է կատարել իր թվիթյան միկրոբլոգում՝ հայտնելով, որ մեկ տարվա դադարից հետո վերադառնում է դպրոց: Նա նաև կցել է իր ժպտերես լուսանկարը՝ ուսապարկը մեջքին, իսկ ձեռքերը հենած հեծանիվին: The Guardian–ը գրել է, որ Շվեդ բնապահպան-ակտիվիստ Գրետա Թունբերգը մեկ տարվա արձակուրդից՝ կլիմայի փոփոխությունները զսպելու արշավից հետո, վերադարձել է դպրոց:
«Դպրոցից իմ մեկամյա արձակուրդն ավարտվել է, և իմ ուսումը վերսկսվել է: Ես շատ լավ եմ զգում ինձ՝ վերջապես կրկին դպրոց վերադառնալով», - գրառման մեջ նշել է Գրետա Թունբերգը:
Առայժմ ոչ մի խոսք չկա այն մասին, թե, ի վերջո, «Գյուլբենկյան» հիմնադրամի տրամադրած պատկառելի գումարը՝ 1 մլն եվրոն, ինչի վրա է ծախսել դեռահաս այդ աղջիկը: Ավելին, ծախսե՞լ է, թե՞ ոչ, եթե չի ծախսել՝ արդյո՞ք հետ է վերադարձրել և այլն, և այլն: Հարցերն առավել շատ առնչվում են Գրետա Թունբերգ-«Գյուլբենկյան» հիմնադրամ հարաբերություններին, և խորքի մեջ դրանք մեզ համար երկրորդական են. ի սկզբանե մեզ համար, որպես հայազգի բարերար Գալուստ Գյուլբենկյանի հայրենակիցների, առավել գերադասելի էր նման չափի գումար հատկացնել, օրինակ, հիմնահարցերի մեջ թաղված լիբանանահայությանը, սիրիահայությանը, ի վերջո՝ ՀՀ-ի կամ Արցախի այս կամ այն ոլորտի զարգացմանը, քան մի շվեդ աղջնակի: Չենք կարծում, թե ցեղասպանված և հայրենազրկված, իսկ մեր օրերում պատերազմի և շրջափակման մեջ ապրող մի ժողովրդի մեծ զավակի թողած ժառանգությունից, ի նպաստ շվեդ դպրոցական Գրետա Թունբերգի իրականացրած և կարճ ժամանակ անց դադար առած ծրագրերի կամ ցուցադրական ճամփորդությունների, պետք է այդչափ հսկայական գումար բաժին հանվեր:
Ի դեպ, «Գյուլբենկյան» հիմնադրամի՝ շվեդ աղջնակին այսչափ ահռելի գումար տրամադրելու քայլը դրոշակ էր սարքել և հպարտորեն ամենուր ծածանում էր նաև ոչ անհայտ Սերժ Թանգյանը՝ հայրենակիցներին այդպես էլ չկարողանալով հոդաբաշխ բացատրություն տալ, թե ի վերջո ո՞րն էր այդ ծրագիր-ներկայացման չափելի արդյունքը կամ ի՞նչ տվեց այն մարդկությանը:
Գույներն ավելի են խտանում, երբ կարդում ենք «Գյուլբենկյան» հիմնադրամի հայտարարությունը, ըստ որի՝ հիմնադրամը պատրաստվում է 2020 թվականին ֆինանսավորել … առավելագույնը 40 հայազգի ուսանողների, ովքեր սովորելու են աշխարհի տարբեր երկրների բուհերում: Ըստ հայտարարության՝ հիմնադրամը յուրաքանչյուր ուսանողի պատրաստ է տարեկան հատկացնելու … առավելագույնը 2200 եվրո կամ 2500 ԱՄՆ դոլար, իսկ ֆինանսավորման ժամկետն առավելագույնը երեք տարի է:
Ստացվում է, որ «Գյուլբենկյան» հիմնադրամը տարեկան ընդամենը 100 հազար ԱՄՆ դոլար է պատրաստվում տրամադրել հայազգի ուսանողների ուսման համար, իսկ շվեդ մի աղջնակի անչափելի և աբստրակտ քայլերին աջակցելու համար առանց այլևայլության հատկացրել է դրանից տասնյակ անգամներ ավելի մեծ գումարներ:
Ավելին, պարզվում է, որ «Գյուլբենկյան» հիմնադրամը նաև մերժել է աջակցել մի շարք շնորհալի ուսանողների ուսման վարձավճարների գոյացմանը՝ պատճառաբանելով, որ միջոցները չափազանց սուղ են: Մեր ձեռքի տակ է ստացված նմանատիպ մի պատասխան, որով «Գյուլբենկյան» հիմնադրամը մերժել է աջակցել ԱՄՆ լավագույն բուհերից մեկը ընդունված երևանցի ուսանողին՝ հիշեցնելով հիմնադրամի սահմանափակ հնարավորությունների մասին:
Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին:
Վահե Սարգսյան