կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-20 17:38
Հասարակություն

Բարձրագույն կրթության համակարգում ամենակարևորն ուսանողն է. Լևոն Մկրտչյան

Բարձրագույն կրթության համակարգում ամենակարևորն ուսանողն է. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար  Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Շնորհավորելով բուհի ներկա և նախկին ուսանողներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ անկախության տարիներին Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին հաջողվել է պահպանել կենսունակությունը, ապրել ակտիվ  ռիթմով ու զարգանալ. «Բուհական կյանքում ամենամեծ դերակատարությունը,  վերապահված է Ձեզ, սիրելի՛ ուսանողներ: Անկախության առաջին տարիներին ձևավորված ուսանողական կառույցներն այսօր արդեն ունեն վետերաններ, որոնց մի մասն արդեն դասավանդում են բուհում: Լինելով  ուսանողական խորհրդի միջավայրից դուրս եկած մարդիկ՝ նրանք այսօր  ստանձնել են կրթության բովանդակության պատասխանտվությունը: Առաջին ուսանողական խորհուրդների ձևավորման փուլում կարևոր խնդիր էր դիտվում ուսանողական շարժման համակարգումը, նրանց դերակատարումը, մասնավորապես բուհում ուսանողների շահերի պաշտպանության առումով: Այսօր արդեն մենք ունենք կայացած ուսանողական  կառույցներ, ովքեր իրենց լուրջ դերակատարումն ու ներդրումն ունեն ոչ միայն բուհի, այլ նաև հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում և կրթական գործընթացներում»,- դիմելով միջոցառման մասնակիցներին նշել է ԿԳ նախարարը:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ առաջիկայում ընդունվելու է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքը, որով օրենսդրորեն կամրագրվի, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում ամենակարևոր անձնավորությունը ուսանողն է. «Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել՝ ուսանողի կարիքները բավարարելու,  կրթական անհրաժեշտ միջավայր ստեղծելու, ուսանողի լավագույն «ես»-ը պաշտպանելու համար»,- նշել է ԿԳ նախարարը և հույս հայտնել, որ համալսարանի 20-ամյա ուսանողական խորհուրդը  բուհի տասնամյակներ ի վեր ձևավորված բարի ավանդույթները կպահպանի՝ դրանք փոխանցելով ուսանողների նոր սերունդներին:

Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ԵՊԼՀ ուսանողական խորհրդի լավագույն ներկայացուցիչներին պարգևատրել է ՀՀ ԿԳՆ պատվոգրով և շնորհակալագրերով:

Հանդիսության  ընթացքում ուսանողական խորհրդի 20-ամյակը շնորհավորել և ՀՀ Ազգային Ժողովի անունից ուսխորհրդի ներկայացուցիչներին պետական պարգևներ է հանձնել նաև ԱԺ պատգամավոր, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը:

ՀՀ ԿԳՆ