Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափը։
Սիմոնյանի առաջարկած փոփոխությունների համաձայն՝ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել սահմանված նվազագույն աշխատավարձի չափի մինչև 5000-ապատիկի չափով գումար՝ գործող 1000-ապատիկի փոխարեն (1 մլն դրամից դարձնել 5 մլն դրամ), իսկ զրպարտության դեպքում նվազագույն աշխատանքի 10000-ապատիկի չափով գումար՝ գործող 2000-ապատիկի փոխարեն (2 մլն դրամից դարձնել 10 մլն դրամ)։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այսօր շատ արագ կարելի է կայքեր գրանցել, որոնք լրատվական կայքի անվան տակ վիրավորում ու զրպարտում են մարդկանց։
«Այս փոփոխությունով կկարողանանք կանխել, նվազեցնել սուտն ու զրպարտությունը, որոնք այսօր ոչ միայն զայրացնում են մարդուն, որին դա վերաբերում է, այլ նաև մարդուն, որը դա կարդում է»,- ասաց նա։
Իշխանական պատգամավորներից ոմանք թեև կարևորեցինք զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության ենթարկելը, սակայն նշեցին, որ փոխհատուցման շեմը բարձր է։ Մասնավորապես՝ Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ շատ են դեպքերը, երբ այդպիսի որոշումները կարող են օգտագործվել լրատվամիջոցներին լռեցնելու համար։
«Այն խայտառակությունը, որը տիրում է տեղեկատվական դաշտում, կարգավորման կարիք ունի, բայց մենք պետք է քննարկենք և լուծում գտնենք ու ունքը դզելու փոխարեն աչքը չհանենք»,- ասաց նա։
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ շեմի բարձրացումը որոշ չափով զսպման գործառույթ կկատարի: «Երբ լրատվամիջոցը, քաղաքացին գիտակցում է, որ իր նկատմամբ գումարային պատասխանատվություն կարող է սահմանվել, կարծում եմ՝ ավելի զգույշ կլինի, և մենք արդյունքը, ցավոք սրտի, այս ճանապարհով կտեսնենք»,- ասաց նա։
ԱԺ փոխնախագահը միաժամանակ նշեց, որ դատարանն է որոշելու, թե տուգանքի ինչ չափ սահմանի: Ըստ նրա՝ միջազգային փորձը ցույց է տալիս՝ ամենավերին շեմով դատավճիռներ հազվադեպ են կայացվում։