Համավարակի պատճառով երկար դադարից հետո Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները թատրոնի հետնաբակում հանդես են եկել «Հեքիաթը մեր այգում» բացօթյա մանկական ներկայացմամբ։
Ներկայացման ռեժիսորը Արամ Մխիթարյանն է։ Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի երիտասարդ և միջին սերնդի դերասաններ։ Մեր կրտսեր հանդիսատեսի կողմից ներկայացումը սիրվեց, որի վառ ապացույցը երեխաների ջերմ ու ոգևորված տրամադրություններն էին։
Բացօթյա ներկայացումները կրելու են շարունակական բնույթ։ Մանկական ներկայացումից զատ՝ աբելյանցիները պատրաստվում են Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» բացօթյա ներկայացման առաջնախաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, ժամը 18:30-ին, Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այգում՝ նվիրված արձակագրի 130-ամյա հոբելյանին։ Ներկայացման ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։
Գոռ Փելեշյան
Թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու