կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-17 15:51
Քաղաքական

Կալաբոկի հեքիաթը` ԱԺ-ում. ''Յա օտ բաբուշկի ուշոլ, յա օտ դեդուշկի ուշոլ''

Կալաբոկի հեքիաթը` ԱԺ-ում. ''Յա օտ բաբուշկի ուշոլ, յա օտ դեդուշկի ուշոլ''
Այսօր գազի գնի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ասաց, որ, իր տպավորությամբ, պատգամավորների հարցերին պատասխանելիս նախարարը «Կալաբոկի հեքիաթը արեց`յա օտ բաբուշկի ուշոլ, յա օտ դեդուշկի ուշոլ»: «Ձեզ հարց են տալիս, Դուք ասում եք`ես բանակցել եմ Իրանի ԱԳ նախարարի հետ, էներգետիկայի, սրա, նրա հետ: Ասում-ասում եք, եւ հետո` Իրանի դեսպանը, մարդը երեք անգամ մամլո ասուլիսներ է տալիս եւ հերքում է Ձեր ասածները»: Եվ թե ո՞վ է ավելի ազնիվ` նախարա՞րը, թե՞ Իրանի դեսպանը, դա էլ Ալիկ Արզումանյանը թողնում է Արմեն Մովսիսյանի խղճին:

 

 

Պատգամավորը նաև անդրադարձավ ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրի քաղաքական ասպեկտին: Նա նշեց, որ զարմանք է ապրել, երբ ծանոթացել է համաձայնագրի պայմանների բովանդակային մասին, քանի որ դա միակողմանի դիկտատ էր: Այս համաձայնագրով, ըստ Արզումանյանի, ամբողջովին սահմանափակվում են մի կողմի իրավունքները, փոխարենն այն սպասարկում է մյուս կողմին: Ըստ այդմ` այդ համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորություն է ստանձնել և երաշխավորել է, որ մինչև 2043 թվականը որեւէ օրենք, նորմատիվ և իրավական ակտ չի ընդունվի, որը չեղյալ կհամարի սույն համաձայնագիրը: Իսկ դա, ըստ պատգամավորի, ուղղակի ապտակ է Ազգային ժողովին:

 

«Դուք ասում եք, որ ԱԺ-ն մինչև 2043 թվականը որևէ օրենք չպետք է համարձակվի ընդունել: Սա չլսված բան է, աշխարհում, այլ երկրում չեմ տեսել նման բան: Մեկը կարդացե՞լ է սա, թե միայն թարգմանիչն է բերել: Ասում եք, որ ԱԺ-ն 30 տարի իրավունք չունի ոչ մի օրենք ընդունելո՞ւ»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը և աբսուրդ անվանեց համաձայնագրի այն հատվածը, որ արբիտրաժային դատարան դիմելու դեպքում դատական նիստ կգումարվի Ստոկհոլմում, իսկ նիստի աշխատանքային լեզուն կլինի ռուսերենը: «Ամոթ ա, ես չեմ կարծում, որ մեր ԱԺ-ն կարող է ըսենց բանին կողմ քվեարկել: Սահմանադրական դատարանը պետք է լուծարել այս համաձայնագրին դրական եզրակացություն տալու համար»,- հայտարարեց պատգամավորը: