Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 27-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում ենթարկվել է գնդակոծության: Ադրբեջանական դիրքերից, որտեղից արդեն շաբաթներ շարունակ ադրբեջանական զինուժը գրեթե անդադար կրակի տակ է պահում մարզի մի քանի գյուղեր, կրակ են բացել պատվիրակության ավտոմեքենայի ուղղությամբ:
«Կարմիր խաչ»-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները Չինարի էին մեկնել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների խնդրանքով: Վերջիններիս ավելի վաղ դիմել էին կազմակերպությանը` որպեսզի վերջինս, օգտագործելով իր մանդատը, միջոցներ ձեռնարկի գոնե բերքահավաքի ժամանակ հրադադարի ռեժիմը պահմանելու համար: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Կարմիր խաչ»-ի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրել է, որ հրադադարը պահպանելու նպատակով պայմանավորվածություններ են ձեռք բերված եղել հայկական և ադրբեջանական կողմերի հետ, որը, փաստորեն, խախտվել է:
Եվ չնայած այն հանգամանքին, որ առաքելությունն ինքն է հայտնվել կրակոցների թիրախում, կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը խուսափում է հստակ հայտարարել, որ դա տեղի է ունեցել հրադադարը ադրբեջանական կողմից խախտելու արդյունքում` հայտարարելով, որ դա տեղ է ունեցել «փոխհրաձգության» արդյունքում:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, փաստորեն, ևս որոշել է դիվանագիտություն խաղալ` հետևելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ստեղծած համահարթեցման, կողմերի միջև ցանկացած դեպքում հավասարություն դնելու «լավագույն ավանդույթին»: Եվ դա այն դեպքում, երբ ԿԽՄԿ-ն իր կոչմամբ և առաքելությամբ ոչ թե քաղաքական, այլ բացառապես մարդասիրական կազմակերպությունն է, որին կարծես այնքան էլ հարիր չպետք է լիներ երկակի ստանդարտներով առաջնորդվելը:
Մինչդեռ լինելով չեզոք կողմ` հենց նմանատիպ կազմակերպությունների տված գնահատականները, իրավիճակի նկարագրությունը պետք է լինեին ամենաարժանահավատը, լույս սփռեին կատարվող իրադարձությունների վրա և միջազգային հանրությանն ի վերջո հասկանալի դարձնեին, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանագծի այդ հատվածում: Բայց որդեգրելով նման ջայլամային մոտեցում, «Կարմիր խաչը» ոչ միայն չափազանց անլուրջ վիճակի մեջ է դնում ինքն իրեն, այլև փաստացի գործում է իր հիմնական արժեքների` խաղաղության և մարդասիրության դեմ տրամաբանությամբ:
Նախ` առնվազն անհեթեթություն է այն պնդումը, թե ԿԽՄԿ-ի ավտոմեքենան գնդակոծվել է փոխհրաձգության արդյունքում: Որպեսզի այդպես լիներ, մեքենան պետք է գտնվեր առնվազն հայկական և ադրբեջանական դիրքերի մեջտեղում: Բայց այն գտնվել է բնակավայրում կամ դրան հարակից տարածքում և նրա վրա կրակել են ոչ թե որպես ռազմական, այլ քաղաքացիական նշանակության տեխնիկայի: Կրակոցների թիրախ դառնալը փոխհրաձգության հետևանք ներկայացնելը ենթադրում է, որ դրա վրա կրակել են ոչ միայն ադրբեջանական, այլ նաև հայկական դիրքերից, ինչն ինքնին արդեն աբսուրդ է այն պարզունակ պատճառով, որ անմտություն, եթե չասենք խելագարություն է կրակել մի կողմից սեփական տարածքի ուղղությամբ, իսկ մյուս կողմից մի կազմակերպության ավտոմեքենայի վրա, որին հայկական կողմն ինքն է հրավիրել այդ գոտի:
Փաստորեն, որպեսզի ամրագրի, որ ոչ միայն ադրբեջանական, այլ նաև հայկական կողմն է կրակել, այսինքն վերջինս պակաս պատասխանատու չէ հրադադարի խախտման համար, «Կարմիր խաչը» կանգ չի առնում իրեն նման անհեթեթ վիճակի մեջ դնելու, իրեն, իբրև քաղաքականապես չեզոք, հումանիտար կառույց, հեղինակազրկելու առջև: ԿԽՄԿ-ն թեևս կնախընտրեր, որ հայկական զինուժը, հանուն իր կողմից հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում «Կարմիր խաչ»-ի ներկայացուցիչների մոտ համոզվածություն ձևավորելու, ձեռնպահ մնար որևէ պատասխան գործողությունից` թույլ տալով, որ ադրբեջանցիները ոչ միայն շարունակեին ավիրել Չինարին, մյուս հայկական գյուղերը, այլև ոչնչացնեին կազմակերպության ավտոմեքենան` ներսում գտնվողների հետ միասին:
Փաստորեն ստացվում է որ ԿԽՄԿ-ն հայ դիրքապահներին մեղադրում է խաղաղ բնակչությանը և հենց իր ներկայացուցիչներին պաշտպանելու մեջ: Ամենաաբսուրդայինն այն է, որ դրանով «Կարմիր խաչը», ըստ էության, դավաճանում է սեփական արժեքներին` ցույց տալով, որ քաղաքական շտամպներով առաջնորդվելն իր համար ավելի կարևոր է, քան մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգների չեզոքացումը, դրանց մասին ահազանգումը, առնվազն այդ ուղղությամբ անկողմնակալ դիրքերից հանդես գալը: Երկակի ստանդարտների նման դրսևորումն ինքնին հրադադարը խախտելու Ադրբեջանի ավելի ու ավելի լկտիացող վարքագծի, ինչպես նաև դրան հայկական կողմից համարժեք կամ անհամարժեք պատասխանելու յուրօրինակ քաջալերանք է, որով ուզեն թե չուզեն, «Կարմիր խաչը», նույն վերաբերմունքը դրսևորող միջազգային կազմակերպությունները դառնում են հրդադարի խախտումների և դրանց ցավալի հետևանքների համապատասխանատուն:
Գևորգ Դարբինյան