կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-21 10:55
Առանց Կատեգորիա

Մկոյի հեքիաթը

Մկոյի հեքիաթը

Անունը Մկրտիչ էր, բայց կարճ Մկո էին ասում: Բանակում էլ ընկերները Մկո՝ կարճ, մտերմիկ ձևին վարժվեցին, միայն երեկոյան՝ զորանոցային ստուգումների ժամանակ, Մկրտիչ էին կարդում:

 

Հերթական ստուգման ժամանակ, երբ կարդացին անունը, Մկոն փոխանակ մեկ քայլ շարքից դուրս գա ու ասի ներկա, քարացած մնաց տեղում: Երրորդ անգամ անունը կարդալուց հետո կողքի ընկերը հրեց.

 

- Մկո՞, չե՞ս լսում:

 

Մկոն սթափվեց, ուշքի եկավ ու, շարքից մեկ քայլ առաջ գալով, զինվորականին հատուկ առոգանությամբ ասաց.

 

- Ես եմ, ներկա:

Ստուգումներն ավարտած ավագ սպան հետո հրահանգեց. - «Պատրաստվել քնելու»:

 

Մի բան, որ Մկոյի մոտ արդեն որերրորդ օրն էր չէր ստացվում: Գուցե նրանից էր, որ հաշված օրեր էին մնում զորացրվելուն: Չէ՜, Մկոյի անհանգստության ու անքնության պատճառը ուրիշ էր. լուր էր առել, թե իբր Գոհարը չի համբերել ու չի սպասել իրեն... Անքնության պատճառը հիշողության մեջ արթնացած ամառային այն տաք ու սիրառատ իրիկնամուտն էր ու չորացած խոտի հոտը, որ խառնվել էր ուրիշ մի անսովոր բույրի հետ ու երկրային ոչ մի բույրի հետ կապ չուներ... Ո՜չ օրն էր նման մյուս օրերին, ոչ էլ ... Այ էդ բույրը նրան հանգիստ չէր տալիս... Մեկ էլ կկրկնվի՞, կարթնանա՞ այդ զգացումը, թե՞... թե՞ երդմնազանց Գոհարը իր հետ կտանի ամեն-ամեն ինչ, ու իրեն կմնա բուրումնահեղձ մի թանկ հիշողություն:

 

Մկոն գիտեր, որ տղամարդ դառնալու ամենամեծ դպրոցը բանակն է: Մի ուրիշ բան էլ կար տղամարդ կոչվելու համար, որ Մկոն մինչև բանակ գալը լսել էր ուրիշներից, որոնք Ռուսաստանում էին ծառայել, ու նրանց պատմածները շեկլիկ աղջիկների մասին հեքիաթի էին նման: Մի մասը ճիշտ էր, մի մասը՝ հորինած. Մկոն չգիտեր՝ որին հավատար: Ինքն ի՞նչ էր հորինելու. ռուս աղջիկները ու՛ր, էս լեռներն ու ձյունառատ սարերն ու՛ր: Մկոյի հեքիաթը կիսատ էր մնացել... Հեքիաթային այն օրվա միջից Մկոն անկարող էր ջնջել մի բան. երբ Գոհարը հետ էր հրել Մկոյին ու պուկ փախել տուն: Խոտի դեզի մոտ որտեղից որտեղ հայտնվել էր հարևան Գասպարենց էշը.... Էդ էր Մկոյի «Ռուսաստանը»:

 

Օրերը գլորվում էին, ու Մկրտիչի համար բոլոր մայրամուտները խոտի դեզի անսովոր բույր ունեին և Գոհարի քնքշացող ու հետզհետե թուլացող շշուկի նմանվող աղաչանք-պաղատանքը. - «Թո՜ղ, Մկո՜ ջան, թո՜ղ... հետո, դրա ժամանակը չի, հետո...»:

 

Մինչև հիմա էլ Մկոն չէր հասկանում՝ ոնց կարողացավ իրեն հրել մի կողմ ու ... կիսատ թողնել հեքիաթը:

 

Մկոն զորացրվեց: Գյուղի ու տան կարոտի հետ նրա ներսը լիքն էր մի ուրիշ կարոտով ևս: Գյուղի մուտքին հարսանիքի անբռնազբոս երաժշտության աղմուկը դիպավ նրա ականջին:

 

«Ոտքս խերով է », - մտածեց Մկոն: Գնալով նվագախառն աղմուկը մոտենում էր, ու Մկոն ընդառաջ էր գնում ոչ թե ուրախ աղմուկին, այլ իր հեքիաթի ավարտին: Իրար հետևից շարված հարսանյաց մեքենաների շարքը հուշում էր, որ մեծ, շատ մեծ հարսանիք է...

 

Հանկարծ Մկոն զգաց, որ հարսանքավորները աչքին պարզ, ուրախ մարդկանցից վերածվում են ուրիշ բանի, որոնք իրենց շուրջպարի մեջ էին առել Գոհարին և անծանոթ փեսային: Հեքիաթն  ավարտվեց: Մկոյի երազը սլացող հարսանիքի մեքենաների հետևից բարձրացող փոշու պես անէացավ: Գոհարին տարան: Մկոյի հուշերում միայն չորացած խոտի յուրահատուկ քրտնախառն անսովոր բույր էր մնալու:

 

«Է՛հ», - ամեն ինչի հետ հաշտված, թե պարտված մարդու պես ձեռքը թափ տվեց Մկոն ու չզգաց, թե ինչպես տուն հասավ:

 

Գյուղացիներին էլ ի՞նչ էր պետք: Այնպես ստացվեց, որ համագյուղացիները Գոհարին ճամփելուց հետո Մկոենց տան ճանապարհը բռնեցին՝ աչքալուսանքի...

 

Մկոյի դարդ ու ցավին անտեղյակ գյուղացիներից մեկը, բաժակ բարձրացնելով, ասաց.

 

- էսօր մեր գյուղում երկու ուրախություն կա, մեկը՝ Գոհարի հարսանիքը, մեկն էլ` Մկոյի ողջ-առողջ վերադարձը բանակից, - ասաց ու կոնծեց՝  անտեղյակ, թե ինչ է կատարվում Մկոյի ներսում:

 

Ամեն խմողի հետ Մկոն էլ խմեց ու քավոր Գեղամին սիրտը բացեց:

 

Հարսանիք էր ուզում Մկոյի սիրտը՝ մեծ ժխորով, մեքենաներով, զուռնա - դհոլով: Շտապում էր, քանի դեռ Գոհարին տանող մեքենաների հետևից բարձրացող փոշին չէր նստել ճանապարհին, քանի դեռ հեքիաթը կարելի էր փրկել:

«Լուրջ եմ ասում, հանաք չեմ անում, չպսակեք՝  Ռուսաստան կգնամ», - ասել էր Մկոն:

 

«Մկո' ջան, հարսանիք ամեն օր էլ կարող ենք անել, բայց էդ լուրջ բան ա, միանգամից ո՞նց կլինի», - փորձել էր Մկոյի ցանկությունը մեղմել քավոր Գեղամը:

 

Մկոն վերջնագիր ներկայացնող կողմի պես պնդել էր. - «Ուրեմն էդքան անճար եք, հա՞, էս գյուղում թե կարգին աղջիկ չկա, կողքի գյուղում էլ չկա՞...»

Քավոր Գեղամը հասկացավ, որ լուրջ է Մկոյի մտադրությունը, փորձեց վիճակից դուրս բերել թե' Մկոյին և թե' մյուս հարազատներին.

 

- Մկո' ջան, - ասաց, - թե սիրած աղջիկ ունես, հարց չկա, հենց հիմա էլ գնանք, հարցերը լուծենք, թե չունես, մի քիչ դիմացիր ... Ընե՛նց հարսանիք անենք, որ գյուղն իր պատմության մեջ գրի...

 

Քավոր Գեղամը քաղաքում էր ապրում: Մկոյի զորացրվելու լուրն առնելուն պես ընտանիքը հավաքել, գյուղ էր եկել, որ քեֆ-ուրախություն անի: Թեև խանութ ուներ քաղաքում, բայց խանութպանի հոգի չուներ: Ամեն ինչով ուզում էր Մկոյի սիրտը շահեր: Կյանքի մարդ էր քավոր Գեղամը ու հասկացել էր, որ Մկոն սովորական հարսանիք չի ուզում, այլ ուզում է իր անավարտ մնացած հեքիաթի վրեժը լուծել:

 

Որտեղից որտեղ Մկոն համագյուղացի Գասպարի աղջկան հիշեց ու.

 

- Գասպարի մեծը ոնց որ վատը չի, հը՞, - մի քիչ անվստահ ասաց նա ու նայեց հոր դեմքին:

 

- Ալկաշ Գասպարի՞, ես ո՞նց պիտի նրա հետ խնամություն անեմ, - դժգոհեց հայրը:

 

- Դու էլ պակասը չես, - վրա բերեց Մկոյի մայրը, - վաղը նույն բանը, որ քո աղջիկների համար ասեն, դուրդ կգա՞:

 

Մոր պատասխանի մեջ համաձայնության նշան կար: Գասպարի մեծ աղջիկը՝ Մարգոն, Մկոյի մոր սրտովն էր, ու ոնց որ թե մի բան ստացվում էր:

 

- Ամի' ջան, մի բան էլ դու ասա, - Մկրտիչ պապին դիմելով՝ ասաց քավոր Գեղամը:

 

Մկրտիչ պապը կարճ կապեց.

 

- Պարտքը հայրենիքին տվել է թոռս, ժամանակը եկել է, ու պիտի ամուսնացնենք:

 

Վե՜րջ:  Պապի ասածը օրենք է:

 

Գիշերը Մկոն չքնեց: Անընդհատ անկողնում շուռումուռ էր գալիս ու երազում: Գիշերավերջին հազիվ աչքը կպել ու հայ-հայ մտնում էր երազների աշխարհը,  մեկ էլ աքլորականչը ազդարարեց  օրվա լուսաբացը:

 

Մինչ կարթնանար, բակից լսվեց մեքենայի հռնդյունը: Գեղամն էր, քաղաք էր գնում:

 

Գեղամը գիտեր իր անելիքը:  Գիշերը զրուցել էր սանամոր հետ ու հասկացել, որ եթե չմիջամտի, գործը տեղից չի շարժվի: Մտածել էր և այժմ գնում էր քաղաք:

 

Չնայած  հապճեպ որոշմանը, Գեղամի ուրախությանը չափ չկար:

 

Կեսօրին Գասպարենք արդեն տեղյակ էին ու սպասում էին խնամախոսներին: Օրվա երկրորդ կեսին Գեղամը վերադարձավ գյուղ:

 

***

 

Ամեն ինչ հեշտ վերջացավ: Գասպարը ոչ աղջկա համաձայնությունը հարցրեց, ոչ էլ մտածելու համար ժամանակ խնդրեց. ՙՏան տղամարդը ես եմ ու էս տանը որոշումներ ես եմ ընդունում, - պարծեցավ Գասպարը ու շարունակեց,- ես էն կարծիքին եմ, որ գեղի ոսկոռը գեղի շան դեմ պտի գցես,- ու իր հայտնագործությունից գոհ՝ շարունակեց,- լցրե'ք, լցրե'ք՝ խմենք Մկրտիչիս ու Մարգոյիս սիրո միության կենացը՚:

 

Երբ արդեն կենացները վերջանում էին, Մկոն Գեղամի ականջին շշնջաց, - հարսանիքը ե՞րբ ենք անելու, - և միանգամից էլ ավելացրեց, - ես մտածում եմ էս գործը արագ վերջացնենք:

 

- Այ տղա, մենք քո ձեռքը հո կրակը չե՞նք ընկել, մի քիչ սպասի: Վաղը, մյուս օրը կգանք, կխոսենք: Ի՞նչ ես բոլորիս հուպ տված պահում, հո քո գերին չե՞նք, - նեղսրտեց Գեղամը:

 

- Ասում եմ՝ էս գործն արագացնենք, վերջացնենք: Ի՞նչ իմանաս..., - փորձեց արդարանալ Մկոն:

 

***

 

Մկոն շատ տխրեց, երբ իմացավ, որ Գասպարը համառում է ու չի համաձայնում մինչև Մարգոյի չափահաս դառնալը հարսանիք անել.ՙՓետրվարի 13-ին Մարգոս կդառնա տասնվեց տարեկան: Էդ օրվանից սկսած իմ աղջիկը ձեզ փեշքեշ, որ օրն ուզում եք տարեք: Մինչ այդ էլի ձերն ա, էլի, -բացատրել էր Գասպարը, - թո՜ղ գնան քաղաք, ման գան, կինո, թատրոն, բայց մինչև փետրվարի 13-ը չեմ թողնի ոչ մի բան ըլնի: Խե՛ղճ Գասպար, միամի՛տ Գասպար, քո ուզել չուզելն ո՞վ է հարցնողը:

 

Երկուսուկես ամիս սպասելը Մկոյի համար ոչինչ էր և ճարը կտրած համակերպվեց այն մտքին, որ պետք է սպասի: Օրերն անցնում էին, ու ամեն մի օրվա հետ Մարգոն Մկոյի աչքին ավելի էր գեղեցկանում: Մի օր, երբ Մկոն հերթական անգամ այցելության գնաց, Մարգոն  տանը մենակ էր: Շրջապատի կուսական լռությունը խախտեց Մարգոյի ձևական դիմադրումը, երբ Մկոն, օգտվելով տանը իրենց մենակ լինելու հանգամանքից, ամուր գրկեց Մարգոյին ու որձին հատուկ բնազդով, վարպետությամբ, ձեռքերը սահեցնելով արձակեց Մարգոյի կրծկալը: Հաջորդ վայրկյանին Մարգոն արդեն անզոր էր դիմադրել Մկոյի կրքոտ հարձակումներին և ամբողջովին թուլացած տրվել էր սիրո  թագավորությանը: Կիրքը զույգին դարձրել էր անկառավարելի: Մարգոն առաջին անգամ հանդիպեց  կարմրագլուխ պինդ  և տաք այն առարկային, որին Մկոն ջանում էր տեղավորել Մարգոյի ոտքերի արանքում: Մարգոյի համար հաճելի էր, թե' Մկոյի հևացող շնչառությունը, թե' չդադարող քրտնաթոր համբույրների տարափը և թե' այն տաքգլուխ կարմիր առարկան, որ առաջին անգամ ամուր բռնել էր ձեռքում և դիմադրում էր: Ձեռքն այրվում էր առարկայի տաքությունից, որի ջերմությունը, արագորեն փոխանցվելով արյան շրջանառությանը,  կարմիր գինու պես ուղեղում քարուքանդ էր անում ամեն ինչ:

 

«Ինչ լինելու է, թող լինի», - մտածեց Մարգոն և, բաց թողնելով ձեռքի պարունակությունը, վերջնականապես հանձնվելով ընդունեց  հարմար դիրք, թուլացած բացեց ոտքերն ու ամուր գրկեց Մկոյի իրանը: Երկուսի մարմնում էլ մի հաճելի դող ընկավ: Անփորձ զույգերի մոտ, բնության կանոնների համաձայն, ամեն ինչ բնազդով ընթանում էր, երբ հանկարծ մի աղիողորմ վայնասուն տարածվեց ողջ տնով մեկ: Անտանելի ձայնը հարամեց ամեն ինչ: Ձայնից հանկարծակի եկած զույգը վախից վեր թռավ: Մարգոն ձեռքերով փակել էր կիսամերկ մարմինը, կարկամել ու ոչինչ չէր հասկանում, իսկ Մկոյի մոտ մի անասելի դող էր սկսվել... Էշը մտել էր տուն, մոտեցել էր սիրող զույգին ու ոռնում էր:

 

 Ո'չ Մարգոն և ո'չ էլ Մկոն երբեք չէին լսել էշի այսպիսի աղիողորմ ոռնոց, որը շատ հեռու էր մեզ հայտնի զռռոցից, իսկ այն, որ էշը համարձակվել էր տուն մտնել, այս մեկը ևս նորություն էր: Էշին տանից վռնդելու Մկոյի բոլոր ջանքերը  մատնվեցին անհաջողության: Համառել, կանգնել էր տան մեջտեղում ու  չէր շարժվում: Միայն  տանից դուրս գալուց հետո Մկոն  նկատեց, որ էշն էլ է լքել իր դիրքերը և ավելի նյարդայնացավ, երբ էշը սովորության համաձայն Մկոյին ճանապարհեց մինչև իրենց տան դարպասները:

 

Հաջորդ օրը Մկոն տանից դուրս չեկավ: Վախը մտել ու պտտվում էր  Մկոյի գլխի մեջ: Վախենում էր, որ Էշը  դարձել է իր ճակատագիրը, և նրա գոյությունը կարող է խափանել այնքան մոտ գտնվող երջանկությունը: Բարդույթավորվել էր Մկոն և մտածում էր անմիջապես հարսանիքից հետո   Մարգոյի հետ մի որոշ ժամանակով տեղափոխվել քաղաք՝ ապրելու: Նույնիսկ որոշել էր այդ հարցը քննարկել քավոր Գեղամի հետ: Մինչ Մկոն ընկել էր իր մտորումների գիրկը և ստեղծված վիճակից ելք էր փնտրում, Աստված Մկրտիչ պապին իր մոտ կանչեց: Ասում են, երբ Աստված ուրախության դուռ է բացում, տխրության դուռը փակ է պահում: Բայց այս անգամ երևի Աստված շփոթել էր ու, կրնկի վրա կիսաբաց թողած ուրախության դուռը մոռացած, տխրության դուռը բացեց Մկոյենց առաջ:

 

Ի՞նչ արած, Բարձրյալի կամքն էր:

 

***

 

Սովորույթի համաձայն գյուղը հավաքվեց՝ իր կյանքը համ ու հոտով ապրած Մկրտիչ պապին հրաժեշտ տալու: Հոգեհացի ողորմաթաս բաժակաճառերից հոգնել էր Մկոն: Հերթական ողորմաթաս ասողը խնամի Գասպարն էր: Նա էլ հիշեց Մկրտիչ պապին, համբերություն ցանկացավ հարազատներին ու ասես ուզեց հիշեցնել, որ այս տխրությանը հաջորդելու է Մկոյի ու Մարգոյի հարսանիքը: Մկոն աներոջ խոսքից հետո ասես համարձակություն առավ ու դիմեց հորը.

 

- Հիմի ո՞նց ենք անելու:

 

- Կանենք տղա ջան, կանենք: Տարին կտանք, կանենք:

 

Մկոյի հոր որոշումը ավանդական էր՝ հնուց եկած, ու երբ ամենամոտ հարազատներն անգամ հարսանիքի օրվա համար փորձել էին համոզել նրան, մի փոքր զիջելով ասել էր.

 

- Եթե ուզում եք, առանց նվագի, առանց աղմուկի հարսին բերե՜ք:

 

Մկոն հոր ասած սուս ու փուսին էլ էր համաձայն, մնում էր միայն խոսել Մարգոյի ծնողների հետ:

 

***

 

Խնամի Գասպարենց տանը խոսակցությունը չստացվեց. չէին համաձայնվել «սուս ու փուսին»:

 

«Առաջին ուրախությունն է, գյուղն ի՞նչ կասի», - ասել էր Մարգոյի մայրը:

 

Մկոյի վերջին հույսը քավոր Գեղամը մնաց: Քավորը  հուսադրելով Մկոյին ասաց.

 

- Դարդ մի՜ արա, էդ հարցը թո՜ղ իմ վրա, մեծ մարդ էր, մեռավ, Աստված հոգին լուսավորի, վերևից նայի, մեզ ի՞նչ կասի: Քավոր Գեղամի գլխում միտք փայլատակեց ու Մկոյին դիմելով շարունակեց,

 

- Մկո՜ ջան, հերդ մոռացել ա երևի, որ մի շաբաթից տրընդեզ ա, թե ուզում ա, կաթողիկոսից էլ թուղթ  կբերեմ, որ տրընդեզը յոթ ու քառասունք կտրում ա: Դու գնա՜, ախպե՜րս, գնա՜, պատրաստվի՜ր, ես վաղը գյուղ կգամ:

 

Մկոն շատ չէր էլ հասկանում ո՜չ ադաթներից, ոչ էլ եկեղեցական տոներից: Ինչի՞ն էր պետք: Բայց քավորի ասածը դուրը շատ եկավ:

 

Տանը Մկոյի ասածը լուրջ չընդունեցին, կարծեցին կատակ է անում:

 

Հաջորդ օրը, երբ քավոր Գեղամը գյուղ հասավ, քիչ բան էր մնացել Մկոյի հորը համոզելու:

 

Որոշվեց: Մկոյի հարսանիքը տրընդեզի օրն են անելու: Քավորի ասածը օրենք է, ուրեմն ընդունելի է:

 

***

 

Գարնանամուտի դուռը խորհրդանշող արարողությունը հույս ու բերկրանք էր բերել գյուղ: Ջահել հարսներն ու երեխաները թռչում էին բոցերի միջով՝ չոռն ու ցավը կրակին տալով. սա էր հնուց եկած օրվա խորհուրդը, որին  եկավ միանալու մի անավարտ, մի կիսատ մնացած հեքիաթ: Եկավ, որ ամբողջանա ու շարունակվի Մկոյի հեքիաթը:

 

...   Չնայած մեծ պահքի շրջանն էր, բայց գյուղը բռնեց Մկոյենց ու Գասպարենց տան ճանապարհները:

 

Տրընդեզ էր:  Մկոն ամուսնացավ....

 

 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ