Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
365news.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը
-ՊՆ-ն Ազգային ժողով է ներկայացրել աշխարհազոր կազմավորելու նախագիծ: Այս նախաձեռնությունը որքանո՞վ էր անհրաժեշտ:
-Կարծում եմ, սա վաղուց հասունացած հարց էր՝ հաշվի առնելով մեր ժողովրդագրական պատկերը, մեր տարածաշրջանային՝ Հայաստանին սահմանակից երկրներում տեղի ունեցող պրոցեսները: Սա ողջունելի նախաձեռնություն է և ըստ իս՝ սա ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում է, անկախ նրանից՝ այդպե՞ս կանվանեն, թե՞ ոչ: Դա նշանակում է, որ Հայաստանը փորձում է ստեղծել պահեստազորայինների հիման վրա արագ արձագանքման ստորաբաժանումներ, լայնամասշտաբ գործողությունների ժամանակ արագ արձագանքի: Սա խոսում է ոչ թե այն մասին, որ բանակն իր խնդիրները չի կարող լուծել ինքնուրույն, այլ հակառակը՝ ավելի հզորացնելու: Վերջիվերջո, պահեստազորն ինքը հանդիսանում է նաև Զինված ուժերի թիկունքը, այսինքն՝ այն կազմը, որը պետք է համալրվի: Հիմա փորձում են գործնական հողի վրա դնել այս գաղափարը: Որովհետև եթե մինչ այժմ՝ վերջին տասնամյակներում հիբրիդային պատերազմի դետալներով էին ռազմական գործողություններն ընթանում, այժմ պետք է պատրաստ լինել նաև ավելի մեծ խնդիրների՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում գտնվում է ողջ Մերձավորարևելյան տարածաշրջանը:
-Աշխարհազորային դառնալ կարող են միայն մարտական որոշակի պատրաստվածություն անցած մարդի՞կ՝ հաշվի առնելով պարտականությունների այն շրջանակը, որոնք վերջիններս պիտի ստանձնեն անհրաժեշտության դեպքում:
-Ակնհայտ է, որ այստեղ աշխարհազորային դառնալը կանոնակարգվում է պայմանագիր ստորագրելու միջոցով: Այսինքն՝ աշխարհազորի ձևավորումը, կարծես, կամավորական սկզբունքի հիման վրա է և մի փոքր տարբերվում է արդեն զինկոմիսարիատների կողմից զորակոչի հրահանգի հիման վրա պահեստազորը հավաքագրելուց: Այսինքն՝ աշխարհազորը պահեստազորի կամավորական կազմն է: Այն մարդիկ, որոնք գտնվում են պահեստազորում, պատրաստ են առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրել զինված ուժերի շարքը՝ որպես աշխարհազորայիններ և շտաբի գլխավորությամբ ու հրահանգներով գործել:
-Տարբերություն կա՞ կամավորականների ու աշխարհազորի միջև:
-Եկեք հակադրություն չդնենք կամավորականների ու աշխարհազորի միջև, որովհետև այս սկզբունքով աշխարհազորայինները հենց կամավորականներն են: Աշխարհազորը տարբերվում է գործող բանակից, որը օրենսդրության հիման վրա կազմված է զորակոչային զինծառայողներից, կադրային սպաներից, պայմանագրային զինծառայողներից: Աշխարհազորը քաղաքացիական կյանքով ապրող մարդիկ են, որոնք պետք է մշտական պատրաստվածության մեջ լինեն, որ երբ խնդիր առաջանա, իրենք համալրեն բանակը:
Աշխարհազորը օժանդակ բանակն է՝ այսպես ասենք:
-Այս նախագծի հետ կապված որոշակի վերապահումներ կա՞ն:
-Տեսեք, սա որպես գաղափար շատ լավն է և ես ողջունում եմ՝ դեռ վաղուց պետք է դա լիներ: Բայց մի քանի կետեր, կարծեմ 6-9-ը, առայժմ դրանց հետ կապված վերապահում ունեմ՝ այն առումով, որ գրված է, թե ովքեր են ղեկավարելու այդ աշխարհազորային ստորաբաժանումները: Այնտեղ նշված է, կարծեմ, տեղական համայնքների ղեկավարների տեղակալները: Երևանում՝ քաղաքապետի տեղակալ, վարչական շրջանում՝ համայնքի ղեկավարի տեղակալ և այլն: Հիմա մենք պետք է հասկանանք՝ բոլոր համայնքային ղեկավարների տեղակալները զինվորական այդ պատրաստվածությունն ունե՞ն, որ ղեկավարեն գնդեր:
Սա մի քիչ աբսուրդ է, որովհետև ռազմական գործը պետք է ղեկավարեն զինվորական գործին քաջատեղյակ և ռազմական փորձառություն ունեցող անձինք: Միգուցե օրենքում փոփոխություն արվի և տեղակալները լինեն զինվորականնե՞ր՝ թեկուզ պահեստազորում հաշվառված, բայց փորձառու, ռազմական որոշակի գիտելիքներ ունեցող մարդիկ. եթե այդպես է, կհամապատասխանի: Ճիշտն ասած, քիչ առաջ պատահականության սկզբունքով վերցրեցի համայնքային ղեկավարների տեղակալների կենսագրականներ, և ինձ մոտ մտավախություն առաջացավ այն առումով, որ նրանք ղեկավարելու են ոչ որպես զինվորականներ, այլ որպես այդ համայնքների ղեկավարների տեղակալներ՝ առանց համապատասխան զինվորական գիտելիքների:
-Այդ մարդկանց վերապատրաստումը իրադրությունը կշտկի՞: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե ռազմական գործի փորձառություն ունեցող մարդկանց գնդին ղեկավարի մի մարդ, ով կա՛մ բանակում չի ծառայել, կա՛մ բավականաչափ փորձ չունի:
-Իհարկե, նրանք կարող են վերապատրաստվել, բայց շատ մեծ նրբություն կա՝ մեծ ստորաբաժանումներ ղեկավարելու համար պետք են իսկապես փորձառու անձինք: Դրա համար կամ պետք է պահեստազորում հաշվառված, զորացրված փորձառու սպաներ լինեն այդ ղեկավարները կամ հենց ԶՈՒ-ի գործող սպաներից նշանակվեն նման հաստիքների, որպեսզի երբ անհրաժեշտության լինի աշխարհազորը ոտքի կանգնեցնելու, հենց այդ պահին հրամանի հիման վրա նրանք անմիջապես գործի անցնեն:
Մենք պիտի հասկանանք, թե ո՞ւմ ենթակայությամբ ենք գնում: Ռազմական գործի հաջողություններից մեկը ենթակա և հրամանատար ճիշտ հարաբերությունն է, այսինքն՝ ենթական պետք է իր հրամանատարի հանդեպ այդ վստահությունն ունենա: Եթե մարդը հասկանում է, որ իր ղեկավարը բանակ չի գնացել, չի ծառայել և որ նա իրեն պիտի ղեկավարի, անգամ լուրջ զինվորականների մոտ կարող են վերապահումներ առաջանալ գործի հետ կապված: Շատ կարևոր է այս հանգամանքը լրջորեն հաշվի առնել: Միգուցե այլ իրավական կետերով նախատեսել են, որ տեղակալները ռազմական գործի հետ առնչություն ունեցող մարդիկ պետք է լինեն, որն առաջին հայացքից չի երևում նախագծում: Եթե չկան, դա պետք է հաշվի առնել: Կամ էլ կարելի է հենց նույն տեղակալների պաշտոնների անձնագրերը ձևավորելուց պարտադիր հաշվի առնվի, որ նրանք լինեն բանակում ծառայած, կամ սպաներ եղած լինեն, կամ եթե քաղաքացիական անձինք են, ուրեմն այդ պարագայում պետք է բացառվի տեղակալների ինստիտուտը և նշանակվեն փորձառու զինվորականներ:
-Եթե աշխարհազորայինների ղեկավարը ռազմական փորձից հեռու մարդ լինի, ի՞նչպիսի հետևանքներ կլինեն:
-Եթե ղեկավարը զինվորական չեղավ, գաղափարը չի աշխատի: Սա նախատեսված է ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև կարող են արտակարգ իրավիճակներ առաջանալ: Կազմակերպչական աշխատանքների, նման գործի համար ներգրավված մարդիկ պետք է փորձառու, ղեկավարման բարձր կարողություններով անձինք լինեն: Ես այսօր նայելով այդ համայնքների ղեկավարների տեղակալների կենսագրությունները՝ լուրջ մտահոգություն ունեմ գաղափարի հաջող կյանքի կոչման համար:
Զրուցեց Հայկա Ալոյանը