Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհազոր ունենալը Հարմիկ Հովսեփյանի համար ոչ միայն լիովին ընդունելի է, այլև ուշացած՝ Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրեց նա՝ խոսելով ՊՆ առաջարկի մասին՝ փոխել «Պաշտպանության մասին» օրենքը և Զինված ուժերից բացի ստեղծել նաև աշխարհազոր՝ 100 հազար աշխարհազորայիններով։
Մարտական ջոկատների մարզման աշխատանքներով զբաղվող՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի անդամ, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Հարմիկ Հովսեփյանը հիմնավորում է, որ հարևան Թուրքիային երկար ժամանակ պետք չէր հասկանալու համար, որ Ադրբեջանի բանակը, թեև մինչև ատամները զինված է, բայց չի կարողանում տարածաշրջանում ինչ-որ հարց հօգուտ իրեն կամ իր ռազմավարական ընկերոջ՝ Թուրքիայի, լուծել։
«Այդ պատճառով մտահոգիչ երևույթներ սկսեցին նկատվել տարածաշրջանում, որոնցից էլ Թուրքիայի զորավարժությունները կամ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններ զենքի ու ռազմամթերքի կուտակումներն են։ Այսինքն, մենք պետք է նկատի ունենանք, որ, վաղ թե ուշ, Ադրբեջանի դրոշի տակ կարող են կռվել թուրք զինվորականներ և մեր պատերազմը ոչ միայն Ադրբեջանի դեմ է, այլև Թուրքիայի»,-ասաց նա։
Աշխարհազորի կազմումը, նրա համոզմամբ, կարևոր է նաև այն տեսանկյունից, որ դեպի սահման ազատամարտիկների և մյուս քաղաքացիների հոսքը ոչ թե վնասի բանակին, այլև օգնի։
Այսուհանդերձ, Հարմիկ Հովսեփյանը նշեց, որ առաջարկվող նախագծի այն կետը, որ աշխարհազորային զորամիավորման հրամանատարը պետք է լինի քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալը, իսկ Երևանում`վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, անընդունելի է և վտանգավոր:
«Դա իսկապես վտանգավոր է այն իմաստով, որ պետք է ջոկի, դասակի, վաշտի հրամանատարները լինեն փորձառու զինվորականներ կամ պատերազմական մասնակցության ծայրահեղ փորձառու մարդիկ։ Քաղաքական ղեկավարը չի կարող բանակային զորամիավորում ղեկավարել մարտի ժամանակ»,-ասաց նա։
Հարմիկ Հովսեփյանը խոսեց նաև աշխարհազորին զինելու նպատակահարմարության, ներքաղաքական գործընթացներին դրա մասնակցության հավանականության և այլ կարևոր հարցերի մասին։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով։
Աննա Բալյան