Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-09-09 16:06
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխարհազորի հարցը քննարկվելու է Արցախի անվտանգության խորհրդի առաջին նիստում․ Բաբայան

Մենք մասնակցություն չենք ունեցել, բայց ողջունել ենք. ըստ Yerkir.am-ի՝ ասաց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը՝ Արցախի ԱԺ-ում պատասխանելով ՀՀ ռազմավարական հայեցակարգի մշակմանը ԱՀ Անվտանգության խորհրդի կազմից որևէ մեկի մասնակցության մասին հարցին։

Նա նշեց, որ հայեցակարգի քննարկման և ընդունման գործընթացին մասնակցել են ԱՀ նախկին իշխանությունները:

«Մենք մասնակցություն չենք ունեցել, բայց ողջունել ենք: Իսկ Արցախի Հանրապետության ռազմավարական հայեցակարգով կզբաղվենք և կներկայացնենք հանրության քննարկմանը, դեռևս դրանով չենք զբաղվում, չեմ կարող ասել, թե երբ պատրաստ կլինի»,- ասաց նա:

Աշխարհազորի ստեղծման գաղափարի մասին Բաբայանն ասաց, որ դա սկզբունքային խնդիր է։

«Անվտանգության խորհրդի առաջին նիստում քննարկվելու է հենց այն հարցը, թե ինչպես ենք պատկերացնում աշխարհազորի գաղափարը և ինչպես ենք պատկերացնում մոբիլիզացիան։ Կա երկու տեսակետ, պետք է քննարկենք: Մոբիլիզացիան մեզ մոտ լինելու է այլ մոտեցմամբ՝ առանձին զորամաս է լինելու»,- նշեց նա:

«Արդյո՞ք սփյուռքահայերը կներգրավվեն աշխարհազորում» հարցին Արցախի ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Ինձ չի թվում, որ սփյուռքահայերը կարողանալու են առաջին ամիսներին օգնության գալ՝ տարբեր պատճառներով: Ռազմավարական ծրագիր է մշակվում, որ մենք լինենք վստահ, որևիցե խնդիր չունենանք, և Ադրբեջանը տեղը սսկվի, վեր ընկնի: Մի ասացվածք կա՝ «Եղունգ ունես՝ գլուխդ քորի»։ Հույսներդ մի՛ դրեք ոչ մեկի վրա, այլ ինքներդ ձեզ վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում: