Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.
«Այս հոդվածը անցած ճանապարհի վերլուծություն չի:
Սա տպավորություններ են, որ ես ունեցել եմ այդ մարդուց, մեր ծանոթության երկուս ու կես, երեք տարիների ընթացքում:
Ես նրան հանդիպել էի ավելի վաղ, իր կազմակերպած մի գրական ցերեկույթում, ուր ինձ հրավիրել էր ընկերս՝ գյումրեցի բանաստեղծ Արա Արտյանը:
Տպավորությունը ցերեկույթից բավական հաճելի էր:
Մասնակցում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ:
Ավագներից հիշում եմ Վահագն Մուղնեցյանի, Խաչիկ Մանուկյանի տպավորիչ ելույթները:
Ջահելներից հիշողությանս մեջ մնաց Տարոն Գլակի և Հայուհի Սուսաննա Ղազարյանի անունները:
Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես էր նրանց ներկայացնում ցերեկույթի կազմակերպիչը:
Նա բոլորի համար գտնում էր ջերմ, բայց միաժամանակ ճշգրիտ բնութագրումներ, և բարի մաղթանքներ:
Երբ Մոսկվայից վերջնականապես վերադարձա տուն՝ Երևան և գրական մթնոլորտի պահանջ զգացի, հիշեցի այդ հանդիպումը:
ՖԲ-ում մենք ընկերներ էինք, Իմ հանդիպման հրավերին նա սիրով արձագանքեց և սկսվեց մեր ծանոթության շրջանը, որի համար ես շնորհակալ եմ ճակատագրից:
Ոմանք հավանաբար գլխի ընկան, իսկ մյուսների համար ասեմ, որ այդ մարդը՝ Համահայկական Գրողների Միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանն է:
Ինչպես վերը նշեցի, ես չեմ պատրաստվում վերլուծել, նրա մոտ երկու տասնյակի հասնող գիտական աշխատությունները: Դա ժամանակին հավանաբար կանեն մասնագետները:
Ինձ որպես գրող, հրապարակախոս հետաքրքիր է նրա մարդ տեսակը:
Առաջինը, որ պիտի նշեմ, չնայած իր մշտաժպիտ արտաքինին, նա երկաթե սկզբունքներ ունի, որից ոչ մի շեղում թույլ չի տալիս:
Գրականությունը, արվեստը պիտի ծառայեն միայն բարուն և գեղեցիկին: Նա ամենաթողության թշնամին է:
Ազգի գոյատևման ամենակարևոր կռվանը՝ մշակույթն է… Չկա մշակույթ, չկա ազգ:
Եվ լինելով ահավոր ակտիվ մարդ, սովոր լինելով բեռի մի զգալի մասը իր վրա վերցնելու: Նա երբ դադարեց Հայաստանի Գրողների Միության առաջին քարտուղարը լինելուց, ստանձնեց Համահայկական Գրողների Միության նախագահի պաշտոնը, և ըստ իր սովորության՝ բուռն գործունեություն ծավալեց:
Իր տան սենյակներից մի քանիսը, հարմարեցրեց, որպես գրական հանդիպումների սրահ, որը անվանեց ՎԵՐՆԱՏՈՒՆ, ի պատիվ Թումանյանական հավաքատեղիի: Ես ինքս ներկա եմ եղել մի տասնյակից ավելի հանդիպումների, որտեղ քննարկվել են տարբեր հեղինակների (նաև արտասահմանից) գրքերը: Մրցանակներ են տրվել աչքի ընկած երիտասարդ ստեղծագործողներին:
Թումանյանական օրերն են նշվել տարբեր շրջաններում (Ես օրինակ մասնակցել եմ Վարդենիսում կայացած հանդիպումներին երկու անգամ):
Ջահել տարիներին ես կոմերիտմիության կենտկոմի կողմից մասնակցել էի նմանատիպ միջոցառման (Կոմ․ Կենտկոմը երբեմն -երբեմն շրջաններն էր ուղարկում երիտասարդ, աչքի ընկած արվեստագետների, որոնք ելույթ էին ունենում լիքը լցված դահլիճներում: Ես հիշում եմ ելույթ եմ ունեցել բանաստեղծ Դավիթ Հովհանեսի, կոմպոզիտոր Դավիթ Ազարյանի և էլի չեմ հիշում որ արվեստագետների հետ):
Բայց այստեղ այլ էր: Մենք հանդես էինք գալիս դպրոցներում, քոլեջներում: Քեզ վրա են հառված տասնյակ վառվռուն պատանեկական հայացքներ, և դու ահավոր պատասխանատվություն ես զգում նրանց հանդեպ:
Աբգար Ափինյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Սահյանական օրեր, մեծ բանաստեղծի հայրենիքում, որին մասնակից եղավ և մարզի ղեկավարությունը:
Մասնակիցների թվում էր Սյունիք հայրենակցական միության նախագահ Ֆելիկս Պողոսյանը, նշանավոր գրականագետ Դավիթ Գասպարյանը, բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը:
Ասել որ միջոցառումը լավ անցավ, նշանակում է համարյա ոչինչ չասել: Հետ դարձի ճանապարհին մենք այցելեցինք և Պարույր Սևակի տուն թանգարանը, մեր հարգանքի տուրքը մատուցելով մեր մյուս մեծ բանաստեղծին:
Եղել են և այլ միջոցառումներ, որոնց ես էլի մասնակից եմ եղել (օրինակ սահմանամերձ գյուղի՝ Փշատավանի հազարամյակի նշումը) բայց դրանք արդեն շտրիխներ են:
Նույնիսկ այս համաճարակային պայմաններում, նա շարունակում է ակտիվորեն աշխատել:
Յուտուբով հաղորդաշար է կազմակերպել, որով պրոպագանդում է մեր մեծերի ստեղծագործությունները:
Ներկայացնում է ներկայումս ստեղծագործող այն բանաստեղծներին, որոնց՝ գրականության նկատմամբ եղած բարձիթողի վերաբերմունքը թույլ չի տվել լրիվ բացահայտվել:
Ես չգիտեմ ուրիշները ինչեր են անում (չգիտեմ) բայց այն ինչ անում է գրականագետ Աբգար Ափինյանը, այս սուղ պայմաններում ՝ամենայն հարգանքի է արժանի:
Նա մեր երիտասարդությանը ճանապարհ է ցույց տալիս:
Նա իր գործի նվիրյալն է...
Ես պատկերացնում եմ, թե ինչ լեռներ նա շուռ կտար, եթե միայն նրան հնարավորություն ընձեռնեին:
Հաջողություն եմ մաղթում քեզ՝ գործում, որի համար կոչված ես, կամ ինչպես Ատոմը կասեր՝ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ...»: