կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-19 22:09
Հասարակություն

Մտորումներ (մաս 3). Վարուժան Ղազանչյան

Մտորումներ (մաս 3). Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է. 

«շարունակություն...

Հուսով եմ ոչ մեկը չի մտածում, որ ես պատվերով եմ գրում (նկատի ունեմ հոդվածիս նախորդ մասը):

Ես միշտ անկեղծ եմ:

Ես իհարկե հասկանում եմ, որ ամեն ինչ համեմատության մեջ է: Եվ դրա համար հայտարարում եմ՝ եթե անհրաժեշտություն առաջանա ընտրություն կատարել երկիրը ուզուրպացրած հին ռեժիմի և մեր նոր իշխանությունների միջև::

Ես ինձ միանշանակ Նիկոլական կհռչակեմ, ու կկանգնեմ նրա դրոշի ներքո: Սա ի միջի այլոց:

Ես լավատես եմ, և հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի:

Երբ գա իշխանափոխության պահը, ի հայտ եկած կլինեն նոր, առողջ ուժեր, որոնք մեր հայրենիքը կառաջնորդեն դեպի իսկապես խաղաղ, երջանիկ հանգրվան:

Բայց այսօր ես այլ բանի մասին եմ ուզում խոսել:

Ես ուզում եմ խոսել մեր ազգի համարյա երեք քառորդը կազմող սփյուռքի մասին:

Այսօր նա մեր հարստությունն է, ես կասեի մեր բրենդն է:

Բայց ինչ է սպասում մեզ վաղը (արդեն մի գուցե երեսուն տարի հետո):

Ես կարծում եմ առանց դոնորական արյան, նա դատապարտված է ԿՈՐԾԱՆՄԱՆ:

Դոնորները արաբական աշխարհից, Պարսկաստանից, իսկ սովետի փլուզումից հետո նաև Հայաստանից` հիմնականում ԱՄՆ և Եվրոպա ձգվող քարավաններն էին, որոնք նոր շունչ ու հոգի հաղորդեցին մարող գաղութներին:

Բայց տեսեք Ամերիկայի շնորհիվ արաբական աշխարհը կործանման եզրին է, և բնական է հայը հեռանում է այդ եզերքներից:

Հաջորդը վախենում եմ, թե Պարսկաստանի հերթն է գալու:

Այսինքն այն երկրները, որտեղ հայը հպարտությամբ էր կրում հայի կոչումը, կդադարեն խաղաղ հանգրվան լինելուց, և հայը ստիպված կլինի հեռանալ այդ հյուրընկալ երկրներից:

Բնական է այդ քարավանները սկզբում ձգվում են դեպի հայրենիք, բայց հայրենի ապիկար իշխանությունների անտարբեր վերաբերմունքի հետևանքով շարունակում են իրենց ճանապարհը դեպի օտար երկրներ:

Այդպես կատարվեց հարյուր հազարավոր ադրբեջանահայերի, իրաքահայերի և սիրիահայերի հետ: Իսկ վաղը կարող է կատարվել նաև լիբանանահայերի կամ պարսկահայերի հետ:

Իսկ Հայաստանից գնացող հոսքն էլ, ինչ որ ժամանակ հետո շատ կնվազի, քանի որ ի վերջո մեզ մոտ էլ կայունացման ու բարգավաճման ժամանակաշրջանը կսկսվի: Ես հուսով եմ..․

Այդ պայմաններում, եթե հայերի թվաքանակը ամբողջ աշխարհում այսօր, մոտ տասնմեկ միլիոն է, երեսուն տարի հետո կհաշվվի հինգ վեց միլիոն, փոխանակ դառնալու տասնհինգ, քսան, իսկ մի հիսուն տարի հետո կմնա այնքան, ինչքան կապրի հայկական պետությունում (պլյուս մինուս մի հինգ, տաս տոկոս): Եթե մենք գոնե մի տաս տարուց ներգաղթման ծրագրեր չսկսենք մշակել, ռեալ հիմքերով, շատ մեծ կորուստներ ենք ունենալու:

Ահա թե ինչի մասին պիտի արդեն այսօրվանից մտածեն մեր ազգային գործիչները` եկեղեցին և պետությունը:

Միշտ ձեր Վարուժան»: