Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.
«Գրողների միությունը 1975 թ. անցկացրեց երիտասարդ գրողների խորհրդակցություն՝ Ծաղկաձորում, որին բանաստեղծ Արևշատ Ավագյանը, որն այն ժամանակ վարում էր «ԳԱՐՈՒՆ» ամսագրի պոեզիայի բաժինը, ինձ նույնպես հրավիրեց մասնակցելու:
Հիշում եմ, որ մասնակիցները բաժանված էին չորս սեկցիաների, որոնք վարում էին մեր անվանի գրողները:
Ես ընկել էի Վահագն Դավթյանի սեկցիան:
Հիմա ամեն ինչ շատ աղոտ է: Հիշում եմ ամենաերիտասարդ մասնակցին՝ լենինականցի տասնվեցամյաՎահրամ Մարտիրոսյանին, հիշում եմ Հրաչյա Սարուխանի նուրբ դիմագիծը: Ուրիշ ովքեր կային, արդեն չեմ հիշում:
Հետաքրքիր կլիներ, եթե մասնակիցներից, ովքեր դեռ կան՝ արձագանքեին:
Արդյունքում Վահագն Դավթյանին այնքան դուր եկան իմ ստեղծագործությունները (իսկ ավելի շուտ կարծում եմ նա իմ մեջ պոտենցիալ տեսավ), որ Երևան վերադառնալուց հետո մենք սկսեցինք պարբերաբար հանդիպել, իհարկե իր նախաձեռնությամբ:
Նրա խորհուրդներից հստակ հիշում եմ, որ պնդում էր խիստ ուշադրություն դարձնել հանգավորմանը:
Ասում էր. «Դու կարողացի, հետո գրի ինչպես ուզում ես»:
Ես շատ ոգևորված էի, և արդյունքում մոտ կես տարի հետո, Դավթյանն ինձ ասաց. «Գիրքդ արդեն պատրաստ է, կարող ես հանձնել տպագրության»:
Թե ինչպես գրախոսվեց գիրքը արդեն պատմել եմ, մնում էր, որ հրատարակչությունում (Սովետական Գրող) որտեղ այն ժամանակ տպագրության բաժնի վարիչը Ռազմիկ Տոնյանն էր (ՀԳՄ-ի այսօրվա նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ավագ եղբայրը) գիրքը տրվեր խմբագրման և մտցվեր տարեկան պլանի մեջ:
Ինձ ասվեց, որ գիրքս կտպագրվի 1978 թ.:
Ես սկսեցի սպասել:
Բայց եկավ 1978 թ., իսկ գիրքս նույնիսկ խմբագրության դեռ չէր տրվել:
Ես գնացի Վահագն Դավթյանի մոտ (այն ժամանակ նա Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահն էր):
Ես երիտասարդ էի, ինքնավստահ: Հիշում եմ մեր դիալոգը:
Ես ասացի. «Դուք կարծում եք, որ եթե իմ մուտքը մեծ գրականություն տեղի չունենա, մեր գրականությունը կորուստ կունենա»:
Ասաց. «Այո, կարծում եմ»:
Ասացի. «էդ դեպքում վերցրեք դուք խմբագրեք իմ գիրքը, որպեսզի արագ տպագրեն»:
Ասաց. «Գնա բեր»:
Գնացի հրատարակչություն: Այդ ժամանակ բաժնի վարիչը արդեն Լյուդվիգ Դուրյանն էր:
Ասացի, որ ուզում եմ գիրքս տանել Վահագն Դավթյանին՝ խմբագրման:
-Չեմ տա,- քթի տակ գռմռաց, առանց ինձ վրա նաելու ու հետո,- արժանավորները պիտի տպագրվեն:
Ես էստեղ պայթեցի:
Ընդամենը մի րոպե առաջ հարցրել էի, դուք ծանոթ եք իմ ստեղծագործություններին, - ասել էր ոչ:
Է, եթե ծանոթ չես, ինչի՞ց որոշեցիր արժանի եմ, թե չէ:
-Ու հետո Վահագն Դավթյանը, հո ամեն մեկի գիրքը չի վերցնում գրախոսելու:
-Իրավունք չունեք չտալու,- բարձրացրի ձայնս:
-Որ տանես, էլ հետ չեմ վերցնի,- չար նաեց վրաս:
Ինչով իրեն դուր չէի էկել, էդպես էլ չհասկացա:
Կողքը նստած էր Նանսեն Միքաելյանը:
Սա ինձ ասում է. «Տղա ջան բախտիդ վրա քար մի գցի՝ գնա»:
Ու ես՝ հիմարս, դուրս եկա ու գնացի, առանց հասկանալու, որ սրանք ով են Վահագն Դավթյանի մոտ, որ համարձակվեին հետո հետ չվերցնել գիրքը:
Հետո․․․
Մեր ընտանիքի համար ողբերգական օրեր սկսեցին:
Հորս մոտ թոքերի քաղցկեղ հայտնաբերվեց, և մեզ համար սկսվեցին հույսի, ցավի ու տառապանքի մղձավանջային օրերն ու ամիսները:
Հրատարակչություն մեկ էլ մտա՝ հորս մահից հետո, ութսուն թվականին:
Գիրքս արխիվ էին ուղարկել, բայց ինձ համար արդեն միևնույն էր:
Ես այնուամենայնիվ գիրքս տպելու շանս ունեցա մի լավ ընկերոջ Հակոբ Չոռլյանի շնորհիվ, բայց արդեն 1990 թ. երբ ինձ արդեն ոչ մեկը չէր սպասում:
Դե ես էլ ճիշտն ասած արդեն վաղուց՝ լքել էի գրական դաշտը:
Ամեն ինչ պիտի իր ժամանակին լինի:
Ես հասկանում էի, որ իմ գնացքն արդեն գնացել է:
Ազգային զարթոնքի, Ղարաբաղյան հակամարտության բուռն օրերն էին, և գրքիս լույս աշխարհ գալը անցավ աննկատ:
Ես վաղուց եմ հասկացել, որ մեծ հաջողության հասնելու համար, ամեն ինչից բացի անհրաժեշտ է, որ քո ճանապարհին դու ճիշտ մարդկանց հանդիպես, որոնք քեզ թևեր կտան ու կբարձրացնեն, և ոչ թե ոտքիցդ կձգեն, ու կնետեն վար:
Գուցե կհարցնեք, ինչու եմ այս բոլորը պատմում:
Ուզում եմ երիտասարդներին հաղորդել իմ կենսափորձը, որ հասկանան՝ կյանքի ամեն մի վարկյան պայքար է:
Թեկուզ մի պահ թուլացրիր սանձը, էլ չես հասնի նժույգիդ ետևից:
Բարի գիշեր, իսկ գուցե և արդեն բարի լույս»: