Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու՝ Էրդողանի որոշման, դրա պատճառների և հավանական հետևանքների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
-Պարոն Սաֆրաստյան, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին Էրդողանի հայտարարությունը հարուցեց միջազգային հանրության զայրույթը, մինչդեռ Էրդողանը նման որոշում կայացրեց։ Ի՞նչ է սրանով Էրդողանը փորձում հասկացնել միջազգային հանրությանը։
-Մի քանի հանգամանք կա, որոնք կարևոր դերակատարում ունեցավ Էրդողանի որոշման վրա։ Նախ՝ ներքին քաղաքական հանգամանք կա։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի անձնական ռեյտինգը գնալով իջնում է, որոշ հարցումների համաձայն՝ Էրդողանի ռեյտինգը անկում է ապրել՝ հասնելով 35 տոկոսի, որը շատ քիչ է՝ պատմության մեջ իր բոլոր ռեյտինգների համեմատ։ Այս քայլին գնալով՝ նա նպատակ ուներ իր շուրջ համախմբել թուրքական հասարակության իսլամամետ շրջանակներին, առհասարակ այն շրջանակներին, որոնք, գուցե չլինելով ծայրահեղ իսլամամետ, գտնում են, որ իսլամը Թուրքիայի քաղաքական կյանքի կարևոր գործոնն է, որպես սինվոլ՝ նրանք ընկալում են Սուրբ Սոֆիայի տաճարը։
Երկրորդ հանգամանքը արտաքին քաղաքականն է։ Էրդողանն ուներ իր նպատակը՝ ձեռք բերել իսլամական աշխարհի դրական մոտեցումը, հիմնականում սունիական իսլամական աշխարհի, որովհետև Կոստանդնուպոլիսը իսլամական աշխարհի երրորդ կարևոր կենտրոններից է, և Սուրբ Սոֆիայի տաճարն էլ Կոստանդնուպոլսի խորհրդանիշն է։ Այդ տաճարը մզկիթի վերածելով՝ նա ցույց տվեց, որ իսլամական աշխարհի դիտակետից Կոստանդուպոլիսը գտնվում է հուսալի ձեռքերում՝ Թուրքիայի ձեռքերում, որը փորձում է դառնալ սունիական իսլամական աշխարհի առաջնորդը։
Եվ երրորդ հանագամանք էլ կա՝ կապված 2023 թվականի Թուրքիայի հանրապետության 100-րդ տարեդարձի հետ։ Թուրքիայի ներկայիս հանրապետությունը Աթաթուրքի հանրապետությունն է, Էրդողանը երազանք ունի 2023 թվականին հիմնադրել հանրապետություն, որը կլինի իր հիմնադրած հանրապետությունը։ Այս առումով նրա համար կարևոր է այնպիսի քայլ ձեռնարկել, որ իրեն տարանջատի հակադրի Աթաթուրքին։ Այս քայլը Սուրբ Սոֆիայի նորից մզկիթ վերածելն էր, որովհետև 1934 թվականի Աթաթուրքի որոշմամբ էր մզկիթը վերածվել թանգարանի։ Սրանով Էրդողանը վերադարձրեց այդ թանգարանը մզկիթի կարգավիճակի և դրանով հակադրվեց Աթաթուրքին։ Կարծում եմ՝ սա Էրդողանի համար սիմվոլիկ նշանակություն ունի՝ ցույց տալ, որ ինքը տարբերվում է Աթաթուրքից։
-Ի՞նչ վերափոխումների կենթարկվի Սուրբ Սոֆիան այս փոփոխությունների արդյունքում։
-Արդեն կա որոշում, որ մզկիթի կարգավիճակով այնտեղ անցկացվող առաջին նամազի ժամանակ քրիստոնեական սիմվոլները պետք է կտորով ծածկվեն։ Հետագայում ինչ վերափոխումներ կանեն՝ դժվար է կանխատեսել։ Դեռ քրիտոնեական տաճարը մզկիթ վերածելու գործընթացը չի սկսվել։ Ժամանակին քրիտոնեական սիմվոլներն այնտեղ վերացվել էին, հիմա որոշ բաներ, որ վերականգնվել էին կարող է դրանք էլի վերացվեն կամ ծածկվեն։ Այս պրոցեսն, իհարկե, կգնա։
- Հայկական մշակույթի եվ կրոնի առումով սա ի՞նչ ազդեցություն կունենա՝ հաշվի առնելով, որ նամազների ժամանակ քրիստոնեական խճանկարները պիտի ծածկվեն։
-Շատ կարևոր է, որ մենք աշխարհին կարողանանք ցույց տալ, որ այս ամենն առաջին հերթին ուղղված է ուղղափառ քրիստոնեական սրբության դեմ, բայց իրականում դա շարունակությունն է այն մշակութային ցեղասպանության քաղաքականության, որը տասնամյակներ շարունակ Թուրքիան իրականացնում է, և այդ քաղաքականության հիմնական թիրախը եղել է հայ ժողովուրդը։ Հայ ժողովրդի ստեղծած այն տասնյակ հազարավոր հոգևոր մշակութային հուշարձանները, որոնք կան Արևմտյան Հայաստանի և ողջ Թուրքիայի տարածքում թիրախ են եղել։ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը ցույց է տալիս, որ այդ մշակութային ցեղասպանության քաղաքականությունը Թուրքիայում շարունակվում է։ Պետք է դա կարողանանք լավ ներկայացնել աշխարհին։