կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-25 14:20
Քաղաքական

''Տարոն Մարգարյանը այգիներ է հիմնադրել''. Համլետ Հարությունյան

''Տարոն Մարգարյանը այգիներ է հիմնադրել''. Համլետ Հարությունյան

«ՀՀԿ-ի ակնկալիքները բոլորդ գիտեք` պատրաստվում ենք, որ առաջին տեղը գրավենք: Բնականաբար, եթե մենք բոլոր ընտություններում ունեցել ենք այդ հաջողութունը, բնական է, որ կձգտենք դա կրկնել: Բայց թե ինչպե՟ս կավարտվեն ընտրությունները, դա արդեն չեմ կարող ասել: Մեր ձգտումներն ուրիշ են, բայց իրական պատկերը տալիս է ընտրությունների արդյունքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Երեւանի առաջիկա ընտրությունների մասին` հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:

 

Նա նշեց, որ ընտրությունները յուրատեսակ մրցույթ է, «երբ ոչ մեկ չի կարող կանխորոշել արդյունքները, բայց որ ձգտում են լինել առաջին տեղում` պարզ է»:

 

ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ, որպես Երեւանի քաղաքացի, ինքը կընտրեր Տարոն Մարգարյանին, «որովհետեւ իր գործունեության ընթացքում Տարոն Մարգարյանն ապացուցել է, որ կարող է լավ քաղաքապետ լինել»: «Դեռ կիաստ գործեր կան, որոնք Տարոն Մարգարյանն է ձեռնարկել` կապված շինարարության, ճանապարհաշինարարության, կանաչապատման, աղբահանության հետ, այսինքն` այն, ինչ վերաբերում է մեր քաղաքին»,- պարզաբանեց նա:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե` դրանք Տարոն Մարգարյանի՞ սկսած եւ կիսատ թողած գործերն են, թե՟ նախկին` գոնե երկու քաղաքապետերի, ՀՀԿ-ական պատգամավորը փոքր -ինչ բարկացած ուղղեց խոսքը. «Ոչ մի քաղաքապետ իր գործերը չի ավարտում, հետո հեռանում: Այո, տրամաբանական շարունակություն է նախկին քաղաքապետերի աշխատանքի: Բայց դուք նկատի ունեցեք, որ ես ներկայացնում եմ ՀՀԿ-ն, ես ասում եմ այն, ինչ որ հիմա կա, ես այսօր խոսում եմ Տարոն Մարգարյանի եւ ոչ թե անցած քաղաքապետերի մասին: Ցանկացած շարունակական գործընթաց աքսիոմատիկ հարց է: Հիմա մենք երեք նախագահ ենք ունեցել. երկրորդ նախագահը շարունակել է առաջինին, երրորդը շարունակել է երկրորդին: Նույն բանն էլ քաղաքապետն է, դա մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է»:

 

Ուշագրավ է, որ Համլետ Հարությունյանը համամիտ չէ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն արտահայտությանը, թե Տարոն Մարգարյանը Երեւանի վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է:

 

«Ես տարիքով մեծ մարդ եմ եւ ածականներ չեմ օգտագործի, բայց որ Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ է` կասեմ»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը, բայցեւ ձեռնպահ մնաց գործող քաղաքապետին համեմատել նախկին երկու քաղաքապետերի հետ: ՀՀԿ-ական պատգամավորը մյուս կողմից էլ վստահ է, որ ամեն քաղաքապետ լավ է յուրովի, ամեն քաղաքապետ իր լուման է ունեցել քաղաքի զարգացման գործում:

 

Ասուլիսի ընթացքում Համլետ Հարությունյանը մի ուշագրավ հայտարարություն էլ արեց: Ըստ նրա` Տարոն Մարգարյանի կարեւոր գործերից մեկն այն է, որ նա ուշադրությունը չի կենտրոնացրել միայն Կենտրոնի վրա:

 

Մեր թղթակցի դիտարկմանը, որ քաղաքապետի ընդդիմախոսները ճիշտ հակառակն են պնդում, Հարությունյանը հայտարարեց, որ ապրում է Ավանում, իսկ Ավանը Կենտրոնին չի զիջում: Մեր հարցին, թե` կարո՞ղ եք նշել, ինչ է Տարոն Մարգարյանն արել ծայրամասերի համար, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ «այգիներ է հիմնադրել, մաքրությունն էլ ուրիշ է, Լենինգրադյանի հատվածում էլ մեծ ճանապարհ է կառուցում»: