կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-19 12:33
Հասարակություն

Խոհ պոետի և սիրո մասին. Վարուժան Ղազանչյան

Խոհ պոետի և սիրո մասին. Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«Այսօր իմ ընկերներից մեկին ցույց էի տալիս վերջին օրերին գրած բանաստեղծություններս, ու սպասում արդեն սովորական դարձած խրախուսական բացականչություններին, երբ հանկարծ ընկերս ասաց:

- Լսի քո որ տարիքն է, որ դու գրում ես սիրո մասին:

Ու ես հանկարծ հիշեցի, որ ինքս էլ նույն տարակուսանքներն էի ունեցել ամիսներ առաջ, ՖԲ-ում կարդալով մոտավորապես իմ տարեկից, մեր հարգարժան բանաստեղծներից մեկի, բավական պաթետիկ, դրամատիզմով հագեցած, սիրային բանաստեղծությունը, մտքումս քմծիծաղ տալով, թե էս մարդը հայելու մեջ իրեն չի նայում:

Ու հիմա ես:

Ահա թե ձեզ ինչ կասեմ:

Սերը ամենամեծ արժեքն է, որ մեզ տրվում է կյանքում:

Եվ մարդ այդ զգացողությունը տանում է մինչև իր կյանքի ավարտը:

Հիշում եմ ՝ ամուսնությունիցս մի երկու տարի անց զբոսնում էի կնոջս և երեխայիս հետ այգում: Հանկարծ տեսա Վահագն Դավթյանին, որ անցնում էր այգով: Մոտեցա, կնոջս ծանոթացրի նրա հետ: Ժպտաց, հետո հանկարծ ինձ հարցրեց:

-Սիրահարվում ես..․

Զարմացած տարուբերեցի գլուխս: Նոր-նոր ամուսնացել եմ, ինչ սիրահարվածության մասին կարող է խոսք գնալ:

Իզուր, - ասաց Վարպետն ու հեռացավ:

Ես միայն վերջերս հասկացա նրա հարցման իմաստը:

Որպեսզի դուք էլ հասկանաք ուզում եմ ձեզ պատմել իմ ավագ ընկեր, նկարիչ Կառլեն Հովսեփյանի ինձ պատմած իր կյանքի պատմություններից մեկը:

«Նոր էի ամուսնացել, մեղրամիսը որոշեցինք անցկացնել Ղրիմում:

Առավոտը դուրս եմ գալիս լողափ, և առը քեզ, էնքան հետաքրքիր մարմիններ կային՝ տարբեր դիրքերով:

Իսկույն վազում եմ հյուրանոց, վերցնում եմ մոլբերտս, որից երբեք չեմ բաժանվում, և սկսում եմ նկարել, նկարել..․

Նույնը և հաջորդ օրերին:

Երրորդ օրը մեկ էլ տեսնեմ կինս սկսեց լաց լինել, թե դու ինձ չես սիրում, փոխանակ ինձնով զբաղվես, ամբողջ օրը միայն նկարում ես:

Նոր նստել կնոջս բացատրել եմ, որ առանց նկարչության ես կյանք չունեմ, որ ուրիշ կերպ ես չեմ կարող ապրել»:

Պոետը, եթե կոչում է, իսկ ինձ թվում է այլ կերպ չի լինում, միշտ պիտի սիրահարված լինի՝ կյանքին, բնությանը, մարդկանց..․

Եվ Աստծո ամենամեծ արարչագործությանը՝ կնոջը (տղամարդու տեսանկյունից):

Մարդու հոգին ոչ մի տարիքում չի կորցնում սիրելու ունակությունը, գեղեցկի առաջ ծնրադրելու պատրաստակամությունը և իհարկե ողբերգություն է՝ մարմնի և հոգու հետզհետե խորացող անհամապատասխանությունը:

Իհարկե, այդ բոլորի հասկացությունը գալիս է տարիքի հետ, և ծիծաղելի կլիներ քսանամյա պատանու սերը համեմատել, իր կյանքի աշունը թևակոխած տղամարդու զգացողությունների հետ:

Զգացողություն, որի շնորհիվ մարդ երբեմն իրեն աստված է զգում»: