կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-18 14:38
Աշխարհ

Թրամփը հարցրել է` Ֆինլանդիան Ռուսաստանի կազմո՞ւմ է. ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական

Թրամփը հարցրել է` Ֆինլանդիան Ռուսաստանի կազմո՞ւմ է. ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր շրջապատից ճշտել է` Ֆինլանդիան Ռուսաստանի կազմո՞ւմ է. ըստ yerkir.am-ի` գրում է The New York Times-ը` Թրամփի` անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքին հղումով:

«Օրինակ` Բոլթոնը գրում է, որ Թրամփը, ըստ ամենայնի, չի իմացել, որ Մեծ Բրիտանիան միջուկային զենք ունի: Բացի դրանից` նա հարցրել է` արդյո՞ք Ֆինլանդիան Ռուսաստանի մաս է կազմում»,- գրում է թերթը` ծանոթանալով դեռևս վաճառքի չհանված գրքի բովանդակությանը:

 Պարբերականի ներկայացմամբ` Բոլթոնը տեղեկացնում է, որ Թրամփը շատ մոտ է եղել ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի կազմից հանելուն:

Նա պնդում է նաև, որ Թրամփի մտերիմ շրջապատը նրա թիկունքում ծաղրում է նրան:  Որպես օրինակ` Բոլթոնը նշել է պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Նրա պատմածի համաձայն` ինքը Պոմպեոյից գրություն է ստացել Թրամփի և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպման ժամանակ, որում գրված է եղել. «Նա (Թրամփը) այնպիսի հիմարություններ է դուրս տալիս»:

Բոլթոնը փաստում է, որ ճեպազրույցները, որոնց ժամանակ Թրամփին են ներկայացվել հետախուզության զեկույցները, անօգուտ են եղել, «որովհետև շատ ժամանակ էր գնում ոչ թե այն բանի վրա, որ Թրամփը լսեր մասնակիցներին, այլ ընդհակառակը` որ բոլորը լսեն Թրամփին»:

Սպիտակ տունը բազմիցս հայտարարել է, որ Բոլթոնի գրքում ամեն ինչ չէ, որ ճիշտ է, նաև դրանում կան գաղտնի տեղեկություններ, այդ պատճառով ԱՄՆ վարչակազմը մտադիր է դատի տալ նախկին խորհրդականին: