Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը վարչապետից պահանջել են պատասխանատվության ենթարկել բռնություններ գործադրած ոստիկաններին եւ նրանց գլխավորած պաշտոնյաներին` ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանին եւ փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանին:
«Իհարկե, ասել, թե պարոն վարչապետը հենց տեղում կիսեց մեր գնահատականները, ճիշտ չի լինի, բայց հենց մեր ներկայությամբ զանգահարեց ոստիկանապետին եւ հանձնարարեց ծառայողական քննություն նշանակել եւ արդյունքների մասին հայտնել հանրությանը: Քիչ առաջ, որքան հասկացանք, խորհրդակցության են հրավիրված արդարադատության նախարարն ու փոխոստիկանապետը, եւ կարծում եմ` քննարկման թեման լինելու է այսօր տեղի ունեցածը»,- կառավարության շենքից դուրս գալով` լրագրողներին հայտնեց Ս. Սաֆարյանը:
Պատգամավորը նաեւ նկատեց, որ կառավարության կամ քաղաքապետարանի շենքն ընդգրկված չեն ռազմավարական օբյեկտների շարքում, «հետեւաբար այն մեկնաբանությունները, որ քաղաքապետարանի կամ կառավարության շենքի մոտ չեն կարող հավաքվել խաղաղ ցուցարարներ, անհիմն են ու հակաօրինական»:
«Խնդիր է, թե որ լիազորության դաշտում են նրանք բռնության ենթարկել պատգամավորներին, գիտեք, որ այդ վայրագություններից զերծ չեն մնացել Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Ի դեպ, վարչապետը հենց տեղում զանգահարեց Ա. Բախշյանին, հետաքրքրվեց նրա առողջական վիճակով,- ասաց «Ժառանգության» պատգամավորը:- Ես պարոն վարչապետին ասել եմ, որ եթե ոստիկանության հիշյալ աշխատակիցները` Ռոբերտ Մելքոնյանը եւ Խաչիկ Ավետիսյանը պատասխանատվության չենթարկվեն, ինքս եմ նրանց դեմ դատական հայցեր ներկայացնելու: Այդ դատական քայլերն իրականացնելու եմ մինչեւ վերջ, նույնիսկ եթե ներպետական ատյանները սպառված լինեն, եթե պետք է` կգնանք մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի նման մարդիկ` փողոցային բառապաշարով, տգիտությամբ եւ օրենքների չիմացությամբ, ուղղակի չաշխատեն ոստիկանության համակարգում»:
Ստյոպա Սաֆարյանը նաեւ նշեց, որ ստեղծված իրավիճակում լուծումներից մեկը մնում է Վրաստանի տարբերակը, երբ ոստիկանության ամբողջ համակարգը լուծարվեց` ազատվելով բոլոր «տխրահռչակ կադրերից ու ավանդույթներից», եւ հավաքագրվեց նոր կազմ: