Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Լուսինե Քարամյանը գրում է.
«Տարիներ շարունակ մեր բոլորիս աչքի առջև բառիս բուն իմաստով ոչնչացվում են մեր ազգային հարստության՝ մեր մշակույթի մասնիկները, և այդ ամենն արվում է «գերակա հանրային շահ»-ի քողի ներքո։
Եկեք փորձենք մի պահ հասկանալ՝ թե ի՞նչ է նշանակում «գերակա հանրային շահ», և արդյո՞ք ներդրումային ծրագրերի իրականացումից ակնկալվող շահը գերակա է մեր մշակութային ժառանգության և, այդպիսով, մեր մշակութային դիմագծի ու անհատականության պահպանումից ակնկալվող «շահին»։ Արդյոք այս առումով մենք չպե՞տք է վերարժևորումներ կատարենք նախևառաջ ինքներս մեր գլխում և յուրաքանչյուրս մեզ համար գնահատենք, թե ո՞րն է գերակա։
«Հասարակության եվ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքն ասում է՝ Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքը բացառիկ` գերակա հանրային շահն է:
Այստեղ ևս բախվում ենք արժեհամակարգային և աշխարհայացքային տարբերությունների և, անխուսափելիորեն, հարց է առաջանում․ իսկ որո՞նք են մեր հասարակության և պետության կարիքները, և, առհասարակ, ինչպիսի՞ քաղաքացի ենք մենք ուզում «դաստիարակել», ինչպիսի՞ քաղաքացիների կարիքները հոգալուն է ծառայելու մեր հերթական որոշումը։ Այն քաղաքացու, որը ապագայում չի էլ կասկածելու սեփական հայրենիքում երբեմնի նախանձելի քաղաքային միջավայրի ու մշակութային արժեք ներկայացնող հուշարձանների գոյության մասի՞ն։ Այն քաղաքացու, որն իր մշակութային ու էսթետիկ պահանջները բավարարելու համար անգամ չի էլ դիտարկելու՞ սեփական հայրենիքի մշակույթին ծանոթանալը և այդ պահանջների բավարարումը փնտրելու է միայն օտար երկրների օտար քաղաքներու՞մ։ Ո՞րն է մեզ համար գերակա հանրային շահը․ թեկուզ որոշակիորեն բարելավված սոցիալական պայմաններում ապրող, բայց դիմազուրկ, ազգային անհատականությունից զուրկ հասարակություն ունենա՞լը (թեև բավականին վիճելի է, թե որքանով է նմանատիպ ներդրումային ծրագրերի իրականացումն ազդելու միջին ստատիստիկ ՀՀ քաղաքացու սոցիալ-տնտեսական մակարդակի վրա)։
Դիտարկենք մեկ այլ խնդիր, որը, թեև ունի շատ ավելի գործնական բնույթ, բայց դրա հիմքում ևս ընկած են արժեհամակարգային թերի մոտեցումները։ Երևանում կան մի շարք շենքեր, որոնց կողքով անցնելիս, վստահ եմ, մեզանից շատերն են կանգ առել ու ուսումնասիրել դրանց կառուցման ճարտարապետական հետաքրքիր ու յուրօրինակ լուծումները, նոստալգիկ զգացումով պատկերացրել «հին Երևանը», եթե անգամ տարիքի բերումով մեզ բախտ չի վիճակվել տեսնել այդ Երևանը՝ նկարներից դուրս։ Սակայն այդ շենքերից շատերն այսօր արժանանում են ապամոնտաժման «ճակատագրին» զուտ այն պատճառով, որ ներառված չեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկի մեջ։ Նման մոտեցումը շատ խնդրահարույց է, որովհետև առաջանում է տրամաբանական հարց․ իսկ ինչու՞ այս կամ այն շենքը ներառված չէ այդ ցանկի մեջ։ Ովքե՞ր են այն փորձագիտական հանձնաժողովի անդամները, որոնք որոշում են այդ շենքի՝ ցանկի մեջ ներառվելու կամ չներառվելու և, հետևաբար, նաև այդ շենքի հետագա ճակատագրի հարցը։ Ինչպե՞ս պետք է լուծվի այդ փորձագիտական հանձնաժողովի աշխատանքների նկատմամբ հասարակական-քաղաքացիական վերահսկողության խնդիրը։ Խոսքը գնում է իրական վերահսկողության մեխանիզմների մասին, որոնց թվում կարող է լինել, օրինակ, ներգրավվածությունը այնդ հանձնաժողովի աշխատանքներում։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կարող են ճակատագրական լինել այն շենքերի համար, որոնք դեռևս կանգուն են, բայց որոնք ևս կարող են մի օր կանգնել ապամոնտաժման վտանգի առջև։
Հ․Գ․ Ես վաղուց արդեն այն համոզմանն եմ, որ մեր ամենամեծ խնդիրների հիմքում ընկած են արժեհամակարգային տարբեր ընկալումները, անկախության երեսուն տարիների ընթացքում այդպես էլ ազգային հավաքական ռազմավարություն, ազգային նպատակ, եթե կուզեք՝ «հայկական երազ» չձևավորելը, կամ չձևակերպելը։ Եվ այս խնդիրն իր արտացոլումն է գտել բոլոր ոլորտներում․ քաղաքաշինություն, մշակույթ, տնտեսություն․․․ Մենք չունենք պատկերացում, թե ինչպիսի՞ն ենք ուզում տեսնել մեր քաղաքը, օրինակ, 50 տարի հետո, ու հենց դրա արդյունքում է, որ յուրաքանչյուր նոր իշխանություն իր հետ բերում է իր ճաշակը (կամ դրա բացակայությունը), քաղաքին տալիս է իր նախընտրած գույներն ու երանգները, իր նախընտրած դիմագիծը (կամ, կրկին, դրա բացակայությունը)։ Եվ այս խնդիրը չի առաջացել վերջին տարիների, ոչ էլ անգամ վերջին տասնամյակների ընթացքում։ Տարբեր ժամանակաշրջաններում մենք բախվել ենք այն իրողության հետ, որ չենք կարողացել ապահովել արժեքային շարունակականությունը։ Որոշ ընդհատումներից հետո ստեղծում ենք արժեքներ, այնուհետև իրերի դասավորվածությունն ու հանգամանքները փոխվում են և մենք բախվում ենք այն իրողության հետ, որ ստիպված ենք վերստեղծել արժեքները, սկսել կառուցելը զրոյից, հիմքից»։