Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը պատրաստվում է վաղը «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում գտնվող տարածքների նկատմամբ բացառիկ' գերակա հանրային շահ ճանաչելու որոշում ընդունել:
Ծրագրով նախատեսվում է հանրային գերակա շահ ճանաչել Կոտայքի մարզի Հրազդան եւ Գավառ քաղաքային ու Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Լճաշեն, Չկալովկա, Բերդկունք, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Թազագյուղ, Լիճք, Ն. Գետաշեն, Մադինա եւ Գեղհովիտ գյուղական համայնքների, Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր, Վերնաշեն, Մալիշկա, Արին, Գնդեվազ եւ Սարավան գյուղական համայնքների եւ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքային համայնքի ու Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Անգեղակոթ, Շաքի, Ույծ, Աղիտու, Նորավան, Վաղատին, Հարժիս, Հալիձոր, Տաթև եւ Լեհվազ գյուղական համայնքների մի շարք հողերի նկատմամբ:
Հողատարածքների ընտրությունն, ըստ որոշման նախագծի, իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում' բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ:
Ծրագրի իրականացման համար օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումները նախատեսված է իրականացնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջոցների հաշվին, քանի որ այս տարածքները ձեռք բերող է հանդիսանում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը, իսկ սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի մարտի 1-ն է:
«Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի իրականացման նպատակով նշված համայնքներում ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ պետք է ճանաչել բացառիկ' գերակա հանրային շահ այն հիմնավորումներով, որ ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը:
Ըստ կառավարության հաստատմանը ներկայացված որոշման նախագծի' այս որոշմամբ նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ' գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկությունները և դիտողությունները, ինչպես նաեւ նախագիծն անցել է տեխնիկական փորձաքննություն, որը երաշխավորում է նախագծի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական պահանջներին: