կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-19 18:51
Հասարակություն

4 տարի` անորոշության մեջ. ապրում են հանրային գերակա շահ ճանաչված տներում

4 տարի` անորոշության մեջ. ապրում են հանրային գերակա շահ ճանաչված տներում

Արշակունյաց փողոցի 135/19 շենքի բնակիչները 4 տարի է` անորոշության ու լարված մթնոլորտում են ապրում. նրանց շենքը գտնվում է գերակա հանրային շահ ճանաչված տարածքում ու ենթակա է օտարման հասարակության ու պետության կարիքների համար, բայց այդ ուղղությամբ մինչ օրս որեւէ քայլ չի արվել քաղաքապետարանի կողմից:

 

Շենքի բնակիչները Yerkir.am-ին պատմեցին իրենց «ոդիսական»-ը: 2009-2010 թվականներից սկսած` այս շենքի թվով 8 բնակարանների բնակիչները դեսից-դենից իմացել են, որ իրենց շենքը ճանաչվել է հանրային գերակա շահ, ու իրենց բնակարանները ենթակա են քանդման: 2010 թվականից արդեն բնակիչները սկսել են այդ մասին քաղաքապետարանից ու համապատասխան ԾԻԳ-ից նամակներ ստանալ: Կադաստրից են այցելել նրանց, չափագրումներ արել, նրանց` օտարման ենթակա գույքը գնահատել, նախնական գնահատման մոտավոր չափերն ասել և այլն: 

 

«4 տարի անընդմեջ այդ նամակները ստացել ենք: Պատրաստվել ենք ու սպասել, որ շենքը քանդեն: Տարին տարու հետ հունվարին գալիս էր նամակ, որ մայիսին քանդվելու է շենքը,  մինչեւ մայիս այդ հարցերը լուծվելու են, նախագիծը, առաջին ծրագիր, երկրորդ ծրագիր, երրորդ ծրագիր, ինչ-որ ծրագիրը շահել են-չեն շահել, ու այսպես շարունակ»,- պատմեց քանդման ենթակա շենքի բնակչուհի Աննման Դավթյանը:

 

Ըստ նրա` 4 տարի անընդմեջ նամակներ են ստացել ու պատրաստվել, որ փոխհատուցում կստանան, սակայն դրանից հետո' լռություն, էլ ոչ մի լուր, ոչ մի նամակ, ու միայն ասեկոսեներից են փորձել հասկանալ, թե, ի վերջո, իրենց շենքը քանդվելո՞ւ է, թե՞ ոչ:

 

«Քանի անգամ ես քաղաքապետարան եմ զանգել, թե` ի՞նչ է լինելու, որ ես իմանամ, թե ինչ եմ անելու: Իրենք ինձ տվել են անորոշ պատասխաններ: Ու անորոշության մեջ 4-5 տարի է` ապրում ենք: Ես 2 տղա ունեմ, մի աղջիկ: Տղաներիցս մեկին ամուսնացրել եմ, վարձով է ապրում' անորոշության մեջ: Ոչինչ չեմ կարողանում անել նրա համար, որ իմանանք` ինչ է կատարվում: Երեխաների համար 4 պատ էինք ուզում ստեղծել, հարմարեցնել, որ չգնան, վարձով ապրեն, բայց հիմա չգիտենք' ինչ անենք: Դեռ 1 տղա ու մի աղջիկ էլ պետք է ամուսնացնեմ, տունը մինչ այդ պետք է վերանորոգենք, սոցիալ-կենցաղային վիճակը բարելավենք, բայց եկել ու ամեն ինչ գույքագրել են, նկարել ու խիստ պատվիրել' ոչինչ չփոխել: Ու մենք չգիտենք` ինչպես մեր հարցերը լուծենք: Բնակարանը քանդվում է, վերանորոգելու կարիք կա, բայց չենք կարողանում»,- ասաց Աննման Դավթյանը:

 

Շենքի մեկ այլ բնակիչ` պահեստի սպա Հարություն Բադոյանը, պատմեց, որ քաղաքապետարանը բավական հետաքրքիր ու լավ էր աշխատում առաջին հայացքից,  բացի չափագրումներից, գույքագրումից ու լուսանկարչական աշխատանքներ իրականացնելուց, քաղաքապետարանի կողմից ու անունից հոգեբաններ էին եկել Արշակունյաց 135/19 շենք, հարցրել, թե ինչպե՞ս են զգում բնակիչներն իրենց, բնակիչների հետ աշխատել են, նրանց հանգստացրել ու հոգեբանորեն տրամադրել այդ իրավիճակին:

 

Հարություն Բադոյանը ցույց տվեց քաղաքապետարանի ամբողջ «նամակագրությունը» իր հետ: Ըստ այդմ' 2010 թվականի ապրիլի 28-ին առաջին անգամ քաղաքապետարանը պաշտոնապես տեղեկացրել էր նրան, որ նրա բնակարանը, կառավարության 2010 թվականի մարտի 25-ի թիվ 348-Ն որոշմամբ, ընդգրկված է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում ու ենթակա է օտարման' հասարակության ու պետության կարիքների համար' ՀՀ օրենքով սահմանված փոխհատուցմամբ: Քաղաքապետարանը կցված ուղարկել էր նաեւ որոշման լուսապատճենը, ծրագրի համար նախատեսված աշխատանքների քարտեզն ու տեղագրությունը, որի շրջանակներում Բադոյանի բնակարանը պետք է օտարվեր, եւ այլ փաստաթղթեր:

 

2012 թվականին քաղաքապետարանից անգամ չեն զլացել ու Բադոյանին են ուղարկել  տեղեկատվական մի ձեռնարկ, որով գերակա հանրային շահ ճանաչված տարածքում հողի օտարման գործընթացի իրականացման ազդեցության ենթակա անձանց հողի օտարման եւ տարաբնակեցման թեմայով հանրային խորհրդատվություն էր մատուցվում...

 

«Հետո եկան ԾԻԳ-ից, եկան ու գնահատեցին ամբողջ բնակարանը: Այդ ժամանակ ես ուզում էի վերանորոգել բնակարանը, ու նրանք ինձ բացատրեցին` եթե նկարել ենք, արդեն քանդելուց հետո Ձեր լրացուցիչ կատարված աշխատանքների համար փոխհատուցում չի տրվելու, ու ինչ նկարված է, միայն դրանով են սահմանափակվելու: Բնականաբար, ես աշխատանքներ չսկսեցի: Անցավ բավական ժամանակ, ոչ ոք չեկավ ու չասաց, որ մեր շենքը չի քանդվելու: Հիմա ես անցել եմ թոշակի ու գումար չունեմ, որ վերանորոգեմ տունը: Այդ վիճակով մնացել է, ու չգիտեմ, թե ինչ անեմ, այն ժամանակ, երբ աշխատում էի եւ ունեի բավարար դրամական միջոցներ, կարող էի անել, բայց չարեցի, ու ոչ մեկը բարի չեղավ գա ու ներկայանա, որ չեն քանդելու: Մինչ օրս ոչ ոք պաշտոնապես ոչինչ չի ասել այդ կապակցությամբ»,- պատմեց Հարություն Բադոյանը:

 

Մի խոսքով' շենքի բոլոր 8 բնակարանների բնակիչներին էլ նույն բանն էին ասել, նույն բովանդակությամբ նամակներ ուղարկել: Եվ ամենակարեւորը` ոչ ոքի էլ չեն տեղեկացրել, թե օտարման ենթակա ճանաչվելուց 4 տարի անց ինչ է լինելու իրենց բնակարանների հետ: Շենքի բնակչուհի Մանուշ Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշում է' իրենց բազմաթիվ անգամներ հրավիրել են ժողովների, 4 տարի շարունակ նամակներ են ուղարկել ու հիմա զլանո՞ւմ են մի լրացուցիչ ժողով կազմակերպել կամ նամակ  ուղարկել ու տեղեկացնել, թե ինչ է իրենց հետ լինելու, որ իրենք էլ իրենց անելիքն իմանան:

 

 

 

Բնակիչները մեզ պատմում էին, թե իրենց նախնական զրույցների ժամանակ տեղեկացրել են, որ շենքը պետք է քանդվի' Հյուսիս-հարավ ճանապարհի ածանցյալ արագընթաց էստակադա կառուցելու համար: Բնակիչներին մասնավոր զրույցներում պարզաբանել էին, թե դա այն ճանապարհն է, որը պետք է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Երեւան հատվածը միացներ Երեւան-Արտաշատ հատվածին:

 

Ուստի` իմանալու համար, թե ինչ ապագա է սպասվում այս մարդկանց, օտարվելո՞ւ են, արդյոք, նրանց բնակարանները, թե՞ ոչ, եթե ոչ... Այդ կապակցությամբ  մայիսի 27-ին Yerkir.am-ը նամակ ուղղեց քաղաքապետարան այս բովանդակությամբ. «Խնդրում ենք տրամադրել մեզ տեղեկատվություն այն մասին, թե ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ծրագրի շրջանակներում. 1. Երևան քաղաքում ո՞ր փողոցներում ու քանի՞ տան կամ բնակարանի տարածքի նկատմամբ է ճանաչվել հանրային գերակա շահ: 2. Քանի՞ ընտանիքի համար է նախատեսված եղել փոխհատուցում և որքա՞ն գումարի չափով: 3.  Հանրային գերակա շահ ճանաչված բնակարանների ու տների դիմաց դրանց սեփականատերերից քանիսի՞ն է մինչ օրս փոխհատուցում տրամադրվել և որքա՞ն: 4. Եթե այդ սեփականատերերին փոխհատուցում դեռևս չի տրամադրվել, ապա ե՞րբ է տրամադրվելու»:

 

Նշել էինք Հյուսիս-հարավ ճանապարհի մասին, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, բնակիչներին հենց այդ ճանապարհի կառուցման ծրագիրն էին վկայակոչել որոշ մարդիկ: Քաղաքապետարանից մեզ պատասխանեցին անմիջապես ու հակիրճ. «Հյուսիս- հարավ ճանապարհի շինարարությունը Երևանի քաղաքապետարանի գործառույթներից դուրս է, ուստի առաջարկում ենք ձեզ հետաքրքրող հարցերով դիմել ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարություն»:

 

Անմիջապես դիմեցինք տրանսպորտի եւ կապի նախարարություն` նույն բովանդակությամբ ու նույն հարցերն ուղղելով: Նախարարությունից էլ մեզ պատասխանեց փոխնախարար Ա. Առաքելյանը: Նա իր պատասխանում նշում էր. «Ի պատասխան Ձեր դիմումի, հայտնում եմ Ձեզ, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Ծրագիր) շրջանակներում կատարվող ճանապարհաշինական աշխատանքները չեն ընդգրկում Երեւան քաղաքի վարչական սահմանները: Ուստի Ծրագիրը Երեւան քաղաքում հողերի օտարման եւ տարաբնակեցման որեւիցե գործընթաց չի իրականացնում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Երեւանի քաղաքապետարանը իրականացնում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր: Ձեր պահանջվող տեղեկատվությունը ստանալու համար կարող եք դիմել Երեւանի քաղաքապետարան»:

 

Ի դեպ, միայն բնակիչներին ուղարկված նամակներին կից փաստաթղթերից, մասնավորապես` վերոհիշյալ' հանրային խորհրդատվության տեղեկատվական ձեռնարկի վերնագրից կարող էինք ենթադրել, որ խոսքը Քաղաքային կայուն զարգացման ծրագրի մասին է:

 

Նշենք նաեւ, որ եթե քաղաքապետարանից Հարութ Բադոյանին, օրինակ, 2010 թվականին ուղարկված նամակների ներքո կար ուղարկողի ստորագրությունը, եւ նամակը կնքված էր, ապա 2012 թվականի ապրիլի 12-ին ուղարկված նույնաբովանդակ նամակի ներքո նույնիսկ ստորագրություն ու կնիք չկար, եւ միայն ձեւաթղթից կարելի էր եզրակացնել, որ այն ուղարկվել է քաղաքապետարանից:

 

Հույս ունենք, որ քաղաքապետարանից, այնուամենայնիվ, կտեղեկացնեն` արդյոք ո՞ր փուլում է Արշակունյաց 135/19 շենքի' հանուն հասարակության ու պետության շահերի օտարման պրոցեսը, կասեցվե՞լ է ծրագիրը այդտեղի համար, թե՞ ոչ, եթե` այո, ապա ինչո՞ւ մինչ օրս չեն տեղեկացրել բնակիչներին, իսկ եթե` ոչ, ապա ե՞րբ են լուծելու այս մարդկանց խնդիրներն ու վերջնական որոշակիություն տալու հարցին:

 

Սպասում ենք քաղաքապետարան ուղարկված մեր հարցման պատասխանին: