կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-12 14:35
Առանց Կատեգորիա

Հայաստանի կենսաբանական անվտանգության ոլորտում ինչ-որ բան է տեղի ունենում, որը կարող է գոյատևման ռիսկեր պարունակել. փորձագետ

Հայաստանի կենսաբանական անվտանգության ոլորտում ինչ-որ բան է տեղի ունենում, որը կարող է գոյատևման ռիսկեր պարունակել. փորձագետ

Պենտագոնի` կենսաբանական սպառնալիքների նվազեցմանն ուղղված ծրագրի  վերաբերյալ հասանելի տվյալներն այն երկրներում, որոնք  անզգուշություն են ունեցել ներգրավվելու դրա իրագործման մեջ, ցույց են տալիս, որ կենսաբանական սպառնալիքների նվազեցումն իրականացվում է ԱՄՆ ՊՆ-ին ենթակա բժշկական, բժշկա-կենսաբանական և անասնաբուժական լաբորատորիաների ցանցի միջոցով: Համարյա բոլոր երկրներում, այդ թվում` Հայաստանում, այդ լաբորատորիաների ցանցը կոչվում է «Հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի կենտրոն» (NCDC)` ԱՄՆ-ի նմանությամբ: Ծրագրի պարտադիր բաղադրիչներից է կենսաբանական անվտանգության համար այդ լաբորատորիաների վերասարքավորումն ԱՄՆ չափորոշիչներին համապատասխան: Չնայած ԱՄՆ-ի բոլոր հավաստիացումներին, թե դրանք բացառապես քաղաքացիական նշանակություն ունեն, արդեն բավարար քանակությամբ  հավաստի տեղեկություններ կան, որ դրանք նաև ռազմական նշանակության են: EADaily-ի հետ զրույցում, ըստ yerkir.am-ի, այսպիսի կարծիք է հայտնել «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը:

«Կարծում եմ, որ ոչ ոք, բացի ԱՄՆ պաշտպանության նախարարության հրամանատարությունից,  պատկերացում չունի այդ լաբորատորիաների հնարավորությունների սպեկտրի մասին, նաև` այն բանի,  թե ռազմական պայմաններում ինչպես կարող են այդ հնարավորություններն օգտագործվել ԱՄՆ-ի կողմից հավանական հակառակորդի կենդանի և տնտեսական ուժի ճնշման համար: Իսկ խաղաղ պայմաններում այդ լաբորատորիաները կատարում են հատուկ նշանակության քաղաքացիական օբյեկտների դեր, մասնավորապես` մարդու և կենդանիների վարակիչ հիվանդությունների բացահայտման ու ախտորոշման:

Ինչ վերաբերում է NCDC-ների դերին կենսաբանական սպառնալիքների նվազեցման գործում այն երկրներում, որոնցում դրանք գործունեություն են ծավալում, ապա Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակի տարածման պատմությունը  ակնառու օրինակն է այն բանի, թե որքան խոցելի ու անօգնական կարող է լինել երկիրը, երբ կորցնում է կենսաբանական անվտանգության ոլորտում իր ինքնիշխանությունը, և  ինչպես կենսաբանական անվտանգության ազգային համակարգն արտաքին կառավարման հանձնելը կարող է ազդել երկրի անվտանգության վրա»,- նշել է Գրիգոր Գրիգորյանը:

Ըստ նրա` Covid-19-ի առաջին դեպքը Հայաստանում, պաշտոնական տվյալներով, գրանցվել է մարտի 1-ին` Իտալիայից վերադարձած կնոջ մոտ, իսկ երեք ամիս անց Հայաստանն արդեն տարածաշրջանում «առաջատարն» էր վարակակիրների ու մահերի թվով, որոնք ՀՀ առողջապահության նախարարությունը վերագրել էր այդ վարակին:

«Իմ գնահատականով` մասնագիտական տեսնակյունից, Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակի պրոֆիլակտիկայի և վերահսկողության աշխատանքներ, որպես այդպիսին, չեն իրականացվել և չեն իրականացվում, եթե հաշվի չառնենք հայ բժիշկների հերոսական աշխատանքը, որոնք ծանրագույն պայմաններում շարունակում են անձնվիրաբար պայքարել ոչ միայն պացիենտների կյանքի համար, այլ նաև լիազոր մարմինների ոչ կոմպետենտության ու ապիկարության դեմ»,- ընդգծել է Գրիգորյանը և հավելել` երկրում առկա տվյալները ցույց են տալիս, որ, եթե հաշվի առնենք այն, որ տարածաշրջանում Հայաստանն ամենափոքր տարածքն ու ամենափոքր բնակչությունն ունեցող երկիրն է, մինչդեռ  NCDC ցանցն ունի 12 միավոր, դա աղետալի տապալում է:

«Եվ դեռ հաշվի չենք առնում կոլապսը առողջապահության և տնտեսության` գործնականում բոլոր ոլորտներում, որն արդյունքն է վերջին ամիսներին կորոնավիրուսային վարակի վերահսկողության ու պրոֆիլակտիկայի ցուցանակի տակ  երկրի ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականության: Սակայն Փաշինյանը և նրա թիմը չեն շտապում ընդունել իրենց սխալները և շարունակում են երկրում ստեղծված իրավիճակի մեղքը բարդել նախկին ղեկավարության ու բնակչության վրա, որի օգնությամբ են եկել իշխանության»,- ընդգծել է փորձագետը:

Ինչ վերաբերում է  ամերիկյան լաբորատորիաների` վարակը վերահսկելու և պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու դերին, ըստ Գրիգորյանի ունեցած հասանելի տեղեկությունների, դրանք կառավարում են պաթոլոգիական նյութի փորձանմուշները, այդ թվում` դրանք վերցնելը, լաբորատորիայում թեստավորելը, պահելը և տեղափոխելը:

«ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն` հունիսի 7-ի դրությամբ NCDC լաբորատորիաներում իրականացվել է Covid-19-ի 69 171 թեստ, սակայն այլ տեղեկություններ, այդ թվում` թե թեստավորումից հետո ի՞նչ է արվում պաթոլոգիական նյութի հետ, չկան»,- նշել է փորձագետը, ապա հայտնել` հետաքրքիր է նաև, որ Հայաստանում վարակի տարածման կանխման նպատակով  արտակարգ դրության ռեժիմի հայտարարման պահից NCDC կենտրոնական լաբորատորիան, որտեղ հանձնվում է Covid-19-ի թեստերի հիմնական մասը, երկու անգամ կանգնեցրել է իր աշխատանքը մեկ օրով: Առաջին անգամ` մարտին, և որպես պատճառ` ԱՆ-ն նշել էր լաբորատորիայի 14 աշխատակցի վարակվելը Covid-19-ով, որը ենթադրաբար տեղի է ունեցել լաբորատոր տարածքներում հարուցիչի տարածման պատճառով: Հայտարարության մեջ նշվել էր, որ ախտահանումից և վարակազերծումից հետո լաբորատորիայի աշխատանքը վերականգնվել է:

Սակայն մասնագետի կարծիքով` պատճառն այլ է: Ըստ նրա`կենսաբանական անվտանգության այդպիսի մակարդակի տարածքների ախտահանում և վարակազերծում մեկ օրում հնարավոր չէ իրականացնել, իսկ եթե հաշվի առնենք, որ այնտեղ գործում են անվտանգության ԱՄՆ չափորոշիչները, ապա լաբորատորիայի աշխատանքի դադարի պատճառը պետք է փնտրել այլ տեղ:

«Պատկերացնելու համար, թե ինչ նշանակում կենսաբանական պաշտպանության երրորդ մակարդակի (BSL3) լաբորատորիայի ախտահանում և վարակազերծում, հիշեք, թե ինչու էր մի քանի ամսով վերջերս դադարեցվել Ֆորտ Դետրիկում գործող Ուոլթեր Ռիդի անվան գիտահետազոտական բանակային ինստիտուտի վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատորիայի գործունեությունը: ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնի (CDC) ղեկավարությունը պատասխանատվություն ստանձնեց դա անելու և հայտարարելու, որ  լաբորատորիայի աշխատանքը դադարեցվել է, որովհետև, մեջբերում եմ, «կեղտաջրերի մաքրման համակարգը չի համապատասխանել ԱՄՆ չափորոշիչներին»: Հետագա մեկնաբանություններից CDC-ի ղեկավարությունը հրաժարվել էր` ազգային անվտանգությանը հղում անելով:

Ի՞նչ է տեղի ունենում մեզ մոտ` Հայաստանում: Իսկ Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված արտակարգ դրության պայմաններում NCDC  լաբորատորիայի աշխատանքը մարտին մեկ օրով դադարեցվում է, որը պայմանավորում են մասնագիտական տեսանկյունից կասկածելի պատճառներով: Ի՞նչ է տեղի ունենում հետո: Իսկ հետո, առանց մարտին աշխատանքի դադարեցման իրական պատճառները պարզելու, աշխատանքը դադարեցվում է նաև հունիսի սկզբին, ընդ որում`  լիազոր մարմնի կողմից որևէ բացատրություն չի տրվել: Այդ ամենը, մեղմ ասած, ավելի քան տարօրինակ է և հիշեցնում է  բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի ռեպորտաժը, թե ինչպես են Վրաստանի Լուգարի կենտրոնում գիշերն ինչ-որ բան այրում և գետը գցում, որը Ալեքսեևկա բնակավայրի մոտակայքում է: Իսկ եթե համադրենք այդ ամենը ԶԼՄ-ների տեղեկությունների հետ, ըստ որոնց` Հայաստանում գործող NCDC լաբորատորիաներում ԱՄՆ ծրագրի շրջանակներում էնտոմոլոգիական զենքի արդյունավետության թեստավորում է իրականացվում, և որ Հայաստանում սկսել են գրանցվել Կավասակի համախտանիշ կոչվող` քիչ ուսումնասիրված հիվանդության դեպքեր, պարզ է դառնում, որ մեր երկրի կենսաբանական անվտանգության ոլորտում ինչ-որ բան է տեղի ունենում, և որ այդ «ինչ-որ բանը» կարող է հետագայում գոյատևման ռիսկեր պարունակել Հայաստանի ու Արցախի բնակչության համար»,- եզրափակել է Գրիգոր Գրիգորյանը: