Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքուն ոչ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, ոչ էլ ցանկանում է չհարձակման մասին պայմանագիր ստորագրել։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում հրապարակում է արել միջազգային հարցերի իրանցի ավագ փորձագետ, դոկտ․ Էհսան Մովահեդիանը։
Նա անդրադարձել է Բաքվի ԶԼՄ-ներում տեղ գտած «Արևմտյան Ադրբեջանի հասարակության» հայտարարությանը առ այն, որ իբր Երևանը պատերազմի նախապատրաստությունը թաքցրել է խաղաղության դեմագոգիայի հետևում:
«Ընթերցողն առաջին հայացքից ենթադրում է, որ անկախ պետության կեղծարարների կողմից հրապարակված նման զավեշտալի հայտարարությունն այնքան անտրամաբանական է, որ պետք չէ լուրջ ընդունել, բայց իրականում ամեն ինչ լուրջ է և վկայում է Բաքվի չարամիտ մտադրությունների մասին։ Նման հայտարարությունները միայն մեկ բան են փաստում՝ Բաքուն պատրաստվում է ներխուժել Հայաստան։ Ցավոք, մենք բազմիցս ենք ականատես եղել, որ Ալիևի կառավարությունը այս մեթոդն է կիրառում։ Սցենարը նույնն է՝ Հայաստանին մեղադրում են զենք հայթայթելու և ներխուժելու պատրաստության համար, իսկ հետո սկսվում են հայկական սահմանային կետերի գնդակոծումը կամ երկրի որոշ հատվածներում առաջխաղացումները։ Այնուհետև հրետակոծությունը նորմալ է դառնում և այս ամենը վերածվում նոր տարածքային հարձակման ու Հայաստանը կորցնում է նոր ռազմավարական դիրքեր» ,-գրել է Մովահեդիանը:
Փորձագետի գնահատմամբ՝ այս ամենը կարող է տեղի ունենալ առաջիկա 3-4 ամիսների ընթացքում։ «Ժամանակը Բաքվին միանգամայն բավարար է ռազմական և հետախուզական պատրաստության համար։ Ամենակարևոր գործոններից մեկը եղանակային պայմանների բարելավումն է, որը մինչ այդ ավելի քան գոհացուցիչ կլինի։
Այս իրավիճակում Հայաստանը պետք է ականատես լինի քաղաքական միասնության ու ավելի լայն հայրենասիրական քարոզչության։ Հայաստանի կառավարությունն էլ պետք է դադարեցնի թուլության նշան համարվող խաղաղասիրական միակողմանի պնդումներն ու զգուշացնի Բաքվի ագրեսորներին, որ եթե նոր ագրեսիայի պատրաստվի , ապա կբախվի հայկական զինված ուժերի երկաթե բռունցքին։ Հայաստանի համար իդեալական տարբերակը կլինի զինված ուժերի հզորացումը՝ ընդլայնելով ռազմական համագործակցությունը բարեկամ երկրների հետ, ինչպիսին Իրանն է և համատեղ զորավարժություններ անցկացնելու միջոցով։
Հայաստանի կառավարությունը պետք է դադարի Ռուսաստանին մեղադրել իր տարածքների կորստի համար։ Թեև 2020 թվականից սկսած Ռուսաստանի դերը Կովկասում չի կարելի դրական համարել, սակայն Փաշինյանի ներկայիս մոտեցումը ռուսների նկատմամբ կառուցողական չէ։ Իհարկե, վերջին շաբաթների փոփոխություններն այս առումով խոստումնալից են։ Միևնույն ժամանակ, հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ բարգավաճման և տնտեսական առաջընթացի ձեռքբերումը և խաղաղությունն ու հանգստությունը պահանջում են միաժամանակ փափուկ և կոշտ ուժի ավելացում։ Հակառակ դեպքում Բաքվի ագրեսիայի վտանգը միշտ կլինի։ Արտաքին ագրեսիայի սպառնալիքի ներքո տնտեսական և սոցիալական զարգացումը շարունակական լինել չի կարող։
Եթե այսօր Հայաստանը ճիշտ ռազմավարությամբ առաջնորդվի, ապա Սյունիքն ու Ջերմուկը հնարավոր կլինի փրկել։ Եթե այս ամենը երեկ արվեին, Արցախը կփրկվեր։ Իսկ եթե վաղը այս քայլերը չձեռնարկվեն, ժամանակը կկորչի և շատ ուշ կլինի։ Հայ ազգը պետք է շարունակի գոյատևման պայքարը զգոնությամբ, որպեսզի ստանա այն, ինչին արժանի է» ,-գրել է Մովահեդիանը։