կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-06 14:09
Քաղաքական

Պետք է մերժել բամբասանքների, վիրավորանքների արշավը, որը տեղի է ունենում Հայաստանի քաղաքական դաշտում. Մելիք Գարագավորյան

Պետք է մերժել բամբասանքների, վիրավորանքների արշավը, որը տեղի է ունենում Հայաստանի քաղաքական դաշտում. Մելիք Գարագավորյան

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստան է ժամանել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանը: Նա երեկ Սևանում ՀՅԴ քարոզարշավի ժամանակ հանդես եկավ ելույթով:

Գարագավորյանը դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները համարեց հապճեպ, ապա բացատրեց` ինչու: «Հապճեպ, որովհետև նոր ձևավորվող քաղաքական դաշտում պետք է նախընտրեինք, որ անհրաժեշտ ժամկետ տրամադրվեր բոլոր քաղաքական կուսակցություններին, որպեսզի գոյություն ունեցող հիմնահարցերի վերաբերյալ համապարփակ, մշակված և հաշվարկված ծրագրերով, համապատասխան քաղաքական կեցվածքով և լուծումներով ներկայանային հանրությանը և ոչ թե սին, ամբոխավար խոստումներով»,- պարզաբանեց նա:

Գարագավորյանի խոսքով` կասկածից վեր է, որ մենք այսօր ամենապատասխանատու, վճռական ու ճակատագրական հանգրվանում ենք` թե' ներքին դաշտում, թե' արտաքին ճակատում: «Շրջապատված ենք այնպիսի հարևաններով, որոնց նկրտումներն ակնհայտ են, շրջապատված ենք այնպիսի խնդիրներով` տարածաշրջանային, միջազգային, որոնք առնվազն անկայուն, պայթյունավտանգ իրավիճակի արտահայտությունն ունեն այսօր: Ուստի, ելնելով այս իրավիճակից, անհրաժեշտ է միասնականություն, ոչ թե ձևական միասնականություն: Միասնականություն` նախ ներհայաստանյան առումով, հանդուրժողականություն, համախմբվածություն, այլ ոչ թե ժողովրդին շերտերի բաժանել, տարբերություններ դնելով խավերի միջև: Միասնականություն` նաև ներազգային առումով. նկատի ունեմ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Այս եռամիասնությունը ՀՅԴ-ի համար արդեն իսկ վերածված է քաղաքական գործոնի, որպեսզի դիմակայենք առկա բոլոր հիմնախնդիրներին»,- ասաց դաշնակցական գործիչը:

Ըստ նրա` այսօր հրամայականը հայ ժողովրդի միասնականությունն է: «Երբ հայ ժողովուրդը միասնական է, անպարտելի է: Այսօր պետք է ժխտել, մերժել, չընդունել ցեխհարձակումների, բամբասանքների, վիրավորանքների արշավը, որը տեղի է ունենում Հայաստանի քաղաքական դաշտում քարոզարշավի ընթացքում: Քարոզարշավի մնացյալ երկու օրը բոլոր քաղաքական ուժերը պետք է տրամադրեն Հայաստան կերտելու իրենց տեսլականը ներկայացնելուն, նոր Հայաստան ձևավորելու` կոնկրետ հաշվարկված ծրագրային մոտեցումները նշելուն, եթե դրանք, իհարկե, կան, այլ ոչ թե միտինգային վարդագույն խոստումներին, որոնց իրականություն դառնալն ապահովված չէ: Մենք այսօր պատասխատանատու այս հանգրվանում դարձյալ ներկայանում ենք մեր հարազատ ժողովրդին իբրև միասնական ուժեղ կուսակցություն, որն անցել է մեր և ժողովրդի միջև փոխհարաբերության հարուստ` 128 տարվա կենսափորձով»,- ասաց Գարագավորյանը:

Դիմելով ներկաներին` նա նշեց. «Սիրելի' հայրենակիցներ, բոլորս մտահոգ ենք մեր ապագայի նկատմամբ, բոլորս մտահոգ ենք մեր ապագա սերնդի կենցաղով, հետևաբար` այդ բոլորին դիմակայելու, այդ բոլորն առավելագույնս ապահով կերպով ձևավորելու իմաստով Դաշնակցությունն այս հանգրվանում Հայաստանի ներքաղաքական դաշտում ունի յուրահատուկ դերակատարություն քաղաքական, ռազմական, ընկերային, տնտեսական, մշակութային ոլորտներում: Դեկտեմբերի 9-ին ձեր մասնակցությունն ու մեր թեկնածուներին զորավիգ հանդիսանալը պիտի նպաստեն ոչ միայն ներհայաստանյան քաղաքական մշակույթի ձևավորմանը, այլ նաև համահայկական բոլոր նպատակների իրականացմանը` որպես հայ ժողովրդի և Հայաստանի հզորագույն ապավեն»: