Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրապատգամավորների բոլոր հարցումներին, թե ի՞նչ տարօրինակ ազդեցություն ունի Ջորջ Սորոսը եվրոպական կառույցների վրա, ԵՄ-ը հրաժարվում է պատասխանել և որևէ բան քննարկել: Ասում են` Սորոսի ազնվությանը չենք կասկածում: Վերջերս Եվրահանձնաժողովը հավանություն է տվել միլիարդատիրոջ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի լիազորություններն ընդլայնելու գաղափարին. տեղեկացնում է yerkir.am-ը: Ֆրանսիական Valeurs actuelles պարբերականը փորձել է պարզել, թե ո՞րն է ԵՄ պաշտոնատար անձանց` Սորոսի հանդեպ սիրո գաղտնիքը: Օրինակ` թե ինչո՞ւ են նրանք այդքան հաճախ հանդիպում:
Եվրահանձնակատար Վերա Յուրովայի խոսքով` ՄԻԵԴ-ին աջակցությունն «առաջնահերթություն է»` հիմնարար իրավունքների պաշտպանության համաեվրոպական համակարգի ուժեղացման համար: Այդ խոսքերը եվրոպական իշխանությունների առաջին հստակ ու պաշտոնական պատասխանն են այն բանից հետո, երբ փետրվարին Valeurs actuelles-ն անդրադարձել է իրավաբանության դոկտոր, Օրենքի և արդարադատության եվրոպական կենտրոնի նախագահ Գրեգոր Փուփինգի զեկույցի մասին: Փուփինգը մանրամասն զեկույց էր ներկայացրել համակարգի մասին, որ հնարավորություն էր տվել Ջորջ Սորոսի ոչ առևտրային կազմակերպության ցանցին իր ազդեցությունը տարածելու ՄԻԵԴ-ի վրա և հետզհետե իր գաղափարախոսությունն այնտեղ առաջ տանելու: ՄԻԵԴ-ը հրապարակավ չի արձագանքել այդ քննադատությանը, նույնիսկ չի հերքել: Յուրատեսակ պատասխան է դարձել զեկույցում հիշատակվող դատավորներից մեկի` Յոնկո Գրոզևի նշանակումը կարևոր նախագահական պաշտոնի:
Մի քանի օր առաջ, ըստ ֆրանսիական պարբերականի, Եվրահանձնաժողովը գրավոր պատասխանել է պատգամավոր Ժերոմ Ռիվիերի հարցմանը`խույս տալով զեկույցի եզրակացությունների մասին հարցերից: Փետրվարի 25-ի իր նամակում եվրապատգամավորը Եվրահանձնաժողովին հարցրել էր` կարո՞ղ են Փուփինգի բացահայտումները, որոնք «սևացնում են եվրոպական այդ գերատեսչության`առանց այդ էլ վիճելի կերպարը», ստիպել ԵՄ գործադիր իշխանությանը հրաժարվել ՄԻԵԴ-ին միանալու մասին բանակցություններից: Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովայի պատասխանն է. «Եվրահանձնաժողովը դույզն-ինչ չի կասկածում ՄԻԵԴ-ի անկողմնակալությանն ու անկախությանը»: Եվ չի էլ պարզաբանում, թե ինչու 50 էջանոց զեկույցը` 200 էջանոց հավելվածներով, չի խաթարել այդ վստահությունը:
«Դա դժվար է պատասխան անվանել,- վրդովվել է Ժերոմ Ռիվիերը:- Եվրահանձնաժողովի համար ՄԻԵԴ-ի անկախությունն աքսիոմ է, ճշմարտություն, որն ընդունվում է առանց ապացույցների: Այդ պատճառով էլ հրաժարվում է մտածել և նույնիսկ չի փորձում հերքել իմ ներկայացրած փաստարկները»:
«ՄԻԵԴ-ին միանալը Եվրահանձնաժողովի առաջնահերթությունն է,- նաև նշվում է Յուրովայի պատասխանում:- Եվրամիությունը ձգտում է միանալ ՄԻԵԴ-ին որպեսզի ամրապնդի հիմնարար իրավունքների պաշտպանության համաեվրոպական համակարգը: Այդ իսկ պատճառով միավորումը համաեվրոպական իրավական տարածքի ձևավորման անկյունաքարն է` այն ինչից կշահեն ինչպես քաղաքացիները, այնպես էլ ամբողջ Եվրոպան»:
Ժերոմ Ռիվիերին վրդովեցրել է նաև Եվրախորհրդարանի վերահսկիչ դերի նկատմամբ արհամարհանքը: «Եվրահանձնաժողովը ինձ լուրջ չի ընդունում` որպես եվրապատգամավորի, որը նրանից հաշվետվություն է պահանջում: Ես հարց եմ բարձրացնում, նա ոտքերն է դրա վրա սրբում: Պատճառը պարզ է` Եվրահանձնաժողովը գիտի Սորոսի ազդեցության մասին և ողջունում է դա: Եվրահանձնաժողովը և ՄԻԵԴ-ը մամլիչի շուրթերն են, որոնք ճզմում են եվրոպական ազգերին»:
Ֆրանսիական թերթը նշում է, որ Եվրահանձնաժողովն անվերապահ աջակցություն է ցուցաբերում ՄԻԵԴ-ին նաև այն պատճառով, որ եվրահանձնակատար Յուրովան, ինչպես հայտնի է, սերտ կապեր ունի Սորոսի հետ: Այդ բարձր պաշտոնում նա արդեն երեք անգամ հանդիպել է «բաց հասարակության» պաշտպանի հետ`մի անգամ 2015-ին և երկու անգամ 2017-ին: 2017-ի ապրիլի 26-ի հանդիպման հաջորդ օրը «Թվիթեր»-ում հրապարակած լուսանկարում նա «մարդասերի» կողքին է: Կից գրառուման մեջ ասվում է. «Ջորջ Սորոսի հետ քննարկել ենք Եվրոպայում հիմնարար իրավունքների իրավիճակը: Բաց հասարակության արժեքները կենտրոնական տեղ են զբաղեցնում Եվրամիության գործունեության մեջ»: Այլ թվիթներում նա չի թաքցնում, որ իրեն մոտ է Կառլ Պոպերի` Սորոսի ուսուցչի գաղափարախոսությունը:
Անցյալ տարվա նոյեմբերին, ըստ թերթի, 4 եվրապատգամավոր Եվրահանձնաժողովից պահանջել է «հայտնել, թե ինչ ծավալի են եվրոպական միջոցները, որոնք ստանում են «Բաց հասարակությաւն» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ոչ առևտրային կազմակերպությունները»: Իշխանությունները պատասխանել են, որ չեն կարող հստակ որոշել, թե որ կազմակերպություններն են ֆինանսավորվում Սորոսի հիմնադրամի կողմից կամ կապված են դրա հետ: Համենայն դեպս, lobbyfacts.eu պաշտոնական կայքի տվյալներով` այդ կազմակերպությունների ներկայացուցիչները տասնյակ հանդիպումներ են ունենում եվրոպական պաշտոնյաների հետ:
«Երբ խոսքը վերաբերում է Սորոսին, եվրոպական գերատեսչությունների պատասխանը մշտապես նույնն է` «Ցրվե՛ք, այստեղ նայելու բան չկա»»,- գրում է Valeurs actuelles-ը: