կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-02 12:35
Քաղաքական

Տարօրինակ, տարօրինակ նախագաh

Տարօրինակ, տարօրինակ նախագաh

ՀՀ նախագահը վերջապես «առիթ» ունեցավ և հրապարակայնորեն հնչեցրեց իր տեսակետը Աստանայում մայիսի 29-ին ԵԱՏՄ հիմնադրման առթիվ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հետ հանդիպման որոշ մանրամասների վերաբերյալ: Դժվար է ասել, թե նախագահական կարծիքը որքանով է գոհացրել երիտասարդ հանրապետականներին, որոնց հերթական հաշվետու հավաքի ժամանակ էլ կուսակցության առաջնորդը հնչեցրել է իր տեսակետը` պատասխանելով նրանցից մեկի հարցին (հայ ժողովուրդը երախտապարտ է այդ ջահելին), բայց միանշանակ է, որ այդ տեսակետն առնվազն տարօրինակ է:

 

Տարօրինակ է նախագահի այն անվրդով համոզվածությունը, թե` Հայաստանը Մաքսային միություն է մտնելու առանց Ղարաբաղի, և դա միանգամայն բնական է: «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն»,- համարյա զայրացել է նախագահը և ավելացրել. «Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր կազմում»: (Փակագծում նկատենք` իր նոր վարչապետն է ասել` ոչ վաղ անցյալում): Ամենատարօրինակը, սակայն, նախագահական արձանագրումն է` Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում նաև «մեր պատկերացումներով»:

 

Համաձայն ենք, որ ԼՂՀ-ն Հայաստանի մաս չէ «օրենսդրությամբ» (՞), բայց գոնե «մեր պատկերացումներով»` Ղարաբաղը Հայաստան է: Մինչդեռ նախագահը եկել Աստանայից, ասում է` մեր պատկերացումներով այն մերը չէ: Հետաքրքիր է, էլ որտե՞ղ է, որ Ղարաբաղը մերն է: Կարծես` այլևս ոչ մի տեղ, քանի որ ամենադյուրինն ու ապահովը մեր պատկերացումներն էին, բայց պարզվում է` այնտեղ Ղարաբաղ չկա:

 

Պակաս տարօրինակ չէ նախագահի մյուս համոզումը. «Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, միանշանակ է»: Խիստ անըմբռնելի միանշանակություն է, քանի որ մինչ այդ նույն տեղում նախագահը հայտարարել էր, թե «Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում»: Այդ դեպքում ՄՄ մտնելն ինչո՞վ է նպաստում Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Բացի այդ` եթե ՄՄ-ն ստեղծվել է ի հակադրություն Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի և Եվրամիության երկրներից Ֆրանսիայի, և նաև վերջիններիս մանդատի ներքո է հակամարտության կարգավորման խնդիրը, ապա ՄՄ մտնելն ինչո՞վ է նպաստում ԼՂՀ հիմնախնդրի լուծմանը:

 

Նախագահի ասածից գուցե պիտի ենթադրել, որ, թերևս, Մինսկի խումբը շուտով լուծարվելո՞ւ է, և ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը տեղափոխվելու է ԵԱՏՄ, որտեղ դրա հիմնադիր «հայրերից» մեկը սովորություն ունի ընթերցելու մեր հակառակորդ երկրի նախագահի նամակները, իսկ մյուս «հայրերը» դրանց նախապես ծանոթացած են լինում ու ընթերցման ժամանակ, գլուխները համերաշխ տմբտմբացնելով, համաձայն:

 

Խոստովանենք, շատ խոցելի է նախագահի համոզումը, որևէ տրամաբանության չենթարկվող: Իսկ եթե այդ համոզումը գործի է դրվել` լսարանի երիտասարդ տարիքը նկատի ունենալով, միևնույն է` նույնիսկ խանդավառ հանրապետականների մեջ կան բավականաչափ լրջամիտ մարդիկ` նախագահի դատողությունները առնվազն տարօրինակ համարելու համար:

 

Բ. Գասպարյան