Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գագիկ Ծառուկյանը եկել է Ազգային ժողով. սա լրատվական կայքերի առաջակարգ լուրն է: Մեծ ակտիվություն է, խորհրդարանում՝ եւս: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարի՝ մայիսի 6-ից մինչ օրս առաջին անգամ Ազգային ժողով այցելելը անակնկալ էր նաեւ ԲՀԿ խմբակցության անդամների համար:
Դարակազմիկ վերլուծություններ, քննարկումներ, թե ինչո՞ւ է ԱԺ պատգամավորը եկել ԱԺ: «Նա, խորհրդարան գալով, ցույց է տալիս, որ չի խաղում իշխանության խաղը», «Նա եկել էր ասելու, որ կողմ է իշխանությանը», «Ծառուկյանն ապացուցում է, թե պատրաստ է ակտիվ քաղաքականություն մտնել», «Եկել էր ԲՀԿ-ական պատգամավորներին դուխ տալու»... Այսպիսի եւ նման բազում տեսակետներ են հնչում: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարն էլ «վստահեցրել» է, որ «այսուհետ պարոն Ծառուկյանը պարբերաբար կլինի Ազգային ժողովում»: Իսկ մինչ այս կայացած բազմաթիվ նիստերին չի մասնակցել հույժ կարեւոր հանդիպումների պատճառով: Այսօր էլ նման հանդիպումներ է ունեցել, ուստի նիստին քիչ մնաց:
Շնորհակալ ենք, որ լուսավորեցիք: Այժմ խնդրում ենք տալ քիչ թե շատ նորմալ երկրի անուն, որտեղ պատգամավորի՝ իր հիմնական աշխատավայր՝ խորհրդարան գալը համարվում է իրադարձություն, բոցաշունչ վերլուծությունների առիթ: Կա՞ արդյոք նման երկիր: Իհարկե՝ ոչ: Իսկ Հայաստանը, փաստորեն, այդպիսին է, եւ մենք չգիտեինք: Ավելին՝ պարզվում է` միշտ էլ այդպիսին է եղել:
Երբ ԱԺ նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանին փոխարինեց Հովիկ Աբրահամյանը, այս քայլը ՀՀԿ-ն բացատրում էր խորհրդարանի հեղինակության բարձրացման մղումով: Մի քանի օր բոլոր պատգամավորներն իսկապես սկսեցին հաճախել նիստերին, չնչին բացառություններով: Իսկ հետո, երբ արդեն մոռացության էր մատնվել ՀՀԿ-ի բացատրությունը, բացառությունները ավելացան: Տեսնելով, որ չի կարողանում երբեմն քվորում ապահովել` ԱԺ նախագահն անգամ մեղադրեց ժողովրդին, որ չգիտի, թե ում է բերում խորհրդարան, այնուհետեւ սպառնաց զրկել աշխատավարձից: Բայց նման պատգամավորներից ո՞վ է մնացել աշխատավարձի հույսին: Խորհրդարանից մշտապես բացակայող ո՞ր պատգամավորի անձնական բյուջեի վրա է ազդեցություն թողնում 300 հազար դրամից պակաս այդ գումարը: Բնական է, որ ԱԺ նախագահի սպառնալիքը չաշխատեց:
Ես՝ ՀՀ քաղաքացիս, ափսոսում եմ, որ իմ վճարած հարկերից Գագիկ Ծառուկյանը աշխատավարձ է ստանում: Այս հոդվածի տակ, կասկած չունեմ, որ որոշ ԲՀԿ-ականներ գրառումներ կանեն, թե Ծառուկյանը խորհրդարանից աշխատավարձ չի ստանում: Ավելի վատ, նրա փոխարեն պետք է ԱԺ պատգամավոր դառնար մեկը, ով ե'ւ աշխատավարձ կստանար, ե'ւ կաշխատեր: Խոսքը ԱԺ-ում եւ ԱԺ-ի շրջանակներում աշխատելու՝ օրենսդրական աշխատանքի մասին է: Այլապես կարող ենք, չէ՞, խորհրդարանում ունենալ 131 պատգամավոր, որոնցից որեւէ մեկը չի ստանա աշխատավարձ եւ չի էլ աշխատի: Աստված չանի.... :
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ