Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թավշյա իշխանափոխությունից հետո Հայաստանում իրականացված հակաժողովրդավարական ու հակասահմանադրական տարբեր գործընթացների հանդեպ միջազգային ու մասնավորապես եվրոպական կառույցների արձագանքը համարժեք չի եղել:
Այդուհանդերձ ՍԴ-ի շուրջ զարգացումների կապակցությամբ եվրոպական կառույցների մոտեցումը կարող է այնքան էլ հաճելի չլինել իշխանությունների քիմքին: Նույն այդ մտավախությունից ելնելով է, որ իշխանությունները մի օր ընդգծում են հանրաքվեն չեղարկելու և արհեստածին ճգնաժամը ԱԺ-ում լուծելու անհրաժեշտությունն ու այդ կապակցությամբ նամակ են հղում եվրոպական համապատասխան կառույցին, իսկ հաջորդ օրը կասեցված հանրաքվեի վերսկսման ընթացակարգում հստակեցում մտցնող օրենքի նախագիծ են ընդունում:
Այն որ ՍԴ-ի հարցով եվրոպական կառույցների պատասխանը կարող է չհամապատասխանել իշխանությունների ցանկությանը, ունի իր հստակ պատճառները: Փորձենք բացատրել:
Ա. ՍԴ-ի շուրջ զարգացումներն առնվազն մեկ կետում լիարժեքորեն տարբերվում են վերջին երկու տարիների ընթացքում իրականացված մյուս հակաօրինական գործընթացներից:
Բանը նրանում է, որ նախորդ դեպքերում իշխանություններն իրենց հակաօրինական քայլերով (օրինակ ԱԺ-ի շենքն ու դատարանները շրջափակելով) եվրոպական կառույցներին կանգնեցրել են կատարված փաստի դիմաց: ՍԴ-ի պարագային իրականացվող գործընթացը սակայն, տարբեր է: Այս դեպքում իշխանությունները եվրոպական կառույցներից, այդ թվում Վենետիկի հանձնաժողովից ակնկալում են սահմանադրությունը և իրավական նորմերը խախտելու թույլտվություն, ինչն անտրամաբանական է:
Բ. ՍԴ-ի հարցով Հայաստանի իշխանությունների քիմքին հաճելի որոշում ընդունելու հարցում եվրոպական կառույցներին խանգարում է նաև մեկ այլ կարևոր հանգամանք:
Իրավունքի ու մասնավորապես միջազգային իրավունքի գլխավոր աղբյուրներից մեկը «Միջազգային սովորույթ»-ն է, ինչը թելադրում է նույն հարթության վրա գտնվող իրավական նույնանման հարցերի հանդեպ համընդհանուր մոտեցում ցուցաբերել: Այլ խոսքով եթե իրավական որևէ հարցի շուրջ գոյություն ունի հստակ մոտեցում երկակի ստանդարտներից խուսափելու համար միջազգային իրավունքը հորդորում է նույն մոտեցումը ցուցաբերել նմանատիպ այլ հարցերի պարագային: Միջազգային սովորույթը կրկնակի նշանակություն է ստանում, եթե հարցերը քննվում են նույն կառույցի շրջանակներում:
Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ 2016 թվականից սկսված ու դեռ շարունակվող ճգնաժամի կապակցությամբ Եվրոպական տարբեր կառույցներ, այդ թվում ԵԽԽՎ-ն ու Վենետիկի հանձնաժողովն արտահայտել են ՍԴ-ի ու դատական իշխանության դեմ ճնշումների և գործադիր ու օրենսդիր իշխանությունների միջամտությունների անթույլատրելիության կապակցությամբ իրենց հստակ տեսակետը: Իրենց անդամ և գործընկեր երկրների պարագային երկակի ստանդարտների կիրառման մեջ չմեղադրվելու նաև այլ երկրների համար նախընթաց չստեղծելու անհրաժեշտությունից ելնելով եվրոպական կառույցները պարտավոր են լինելու Հայաստանի դեպքում նույն պրակտիկան կիրառելով իշխանություններին կոչ անել հրաժարվել ՍԴ-ի հարցը օրենսդիր իշխանության օգնությամբ լուծելուց ու դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելուց:
Գ. ՍԴ-ի հարցով Վենետիկի հանձնաժողովն ավելի վաղ արտահայտել է իր խորհրդատվական տեսակետը: Վենետիկի հանձնաժողովի իրավական փորձագետները դեռ անցած հոկտեմբերին հրապարակած համատեղ եզրակացության մեջ նշել են, որ «Սահմանադրական դատարանի որոշ դատավորների վաղաժամ թոշակի անցնելու մասին առաջարկն առարկելի չի լինի միայն այն դեպքում, եթե այն լինի խիստ կամավոր և չխոչընդոտի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեությանը»: Չկա որևէ պատճառ որը մեզ թույլ կտա ենթադրել Վենետիկի հանձնաժողովի իրավական փորձագետները դեմ գնալով ընդամենն ամիսներ առաջ հրապարակած իրենց եզրակացությանն այս անգամ իշխանություններին կթույլատրեն օրենքի որևէ նախագիծ ներկայացնելով Ազգային Ժողով թոշակի ուղարկել ՍԴ-ի նույնիսկ մեկ դատավորի կամ դադարեցնել նրա լիազորությունները:
Վենետիկի հանձնաժողովը ոչ-քաղաքական ու բացառապես իրավական կառույց է, որը հիմք ընդունելով եվրոպական օրենքներն ու իրավական նորմերը խորհրդատվական տեսակետ է ներակայացնում: Իհարկե Վենետիկի հանձնաժողովի տեսակետը պարտադիր ուժ չունի, սակայն չպիտի մոռանալ, որ դա անուղղակի կերպով ներկայացնում է տվյալ հարցի կապակցությամբ եվրոպական կառույցների պաշտոնական տեսակետը, որի անտեսումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ»: