կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-03 15:16
Հասարակություն

Ինչո՞ւ են իշխանություններն այսպես սրբությամբ պահում Սորոսի գրասենյակը Հայաստանում. Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը կրկին ակցիա է կազմակերպել Բաց հասարակության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի առջև: Նախաձեռնության նպատակն է դադարեցնել Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեությունը:

Ոստիկանության պնդմամբ` Բաց հասարակության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի առջև ցույց իրականացնել չի թույլատրվում, մինչդեռ բողոքի ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը շեշտում է`ոստիկանությունից դեռևս պատասխան չի ստացել, թե ինչու է տվյալ տարածքում ցույցի իրականացումն արգելված: «Ցույցեր են իրականացվել, և արգելափակել են ԱԺ-ն, ճնշումներ են գործադրվել պատգամավորների նկատմամբ, ցույցեր են իրականացվել և արգելափակվել են դատարանները, բռնի ուժ է կիրառվել դատավորների նկատմամբ, խաթարվել է դատական իշխանության բնականոն աշխատանքը: Ոստիկանությունն այդ ցույցերի ժամանակ որևէ միջամտություն չի իրականացրել, բայց այն այսօր կենտրոնացված է Սորոսի գրասենյակի դիմաց և Նիկոլ Փաշինյանի հրահանգով պահպանում է Սորոսի գրասենյակը: Հետևությունները թողնում եմ հանրությանը, բայց մենք այս վիճակը չենք հանդուրժելու և օգտվելու ենք ցույց իրականացնելու մեր  իրավունքից: Նույնիսկ եթե այդ իրավունքը իրացնելու ճանապարհին հայտնվենք բանտում, դա մեզ ընդհանրապես չի կանգնեցնի: Սպասում ենք ոստիկանության պատասխանին`ինչու է արգելվում Սորոսի գրասենյակի դիմաց ցույց իրականացնելը»,- ասաց նա:

Նարեկ Մալյանը  չգիտի` ինչից է վախենում մեր իշխանությունը: «Ի՞նչ կանենք մենք Սորոսին, ինչի՞ են նրանք այսպես սրբությամբ պահում Սորոսի գրասենյակը Հայաստանում»,- հարց հնչեցրեց նա:

Հիշեցնենք, որ ինչպես այսօր, այնպես էլ նախաձեռնության կողմից մայիսի 31-ին իրականացված բողոքի ակցիաներն առանց միջադեպի չանցան: Ըստ շարժման անդամների տարածած հաղորդագրության՝ «մայիսի 31-ին Սորոսի գրասենյակի դիմաց ՎԵՏՕ շարժման խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց խաթարել ոստիկանական աննորմալ քանակությամբ շատ ուժերի կուտակման միջոցով»: